«2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկությամբ նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով: Ընդ որում, Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդպիսի ոստիկանները քիչ են լինելու։ «Գուցե 1-2 ոստիկան լինեն, ովքեր վնասվածք են ստացել եւ դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում եւ վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն եւ իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – նշեց նա։ Նկատենք, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո շատ ոստիկաններ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տվել` մարտի 1-ի առավոտյան նրանց կողմից, իբր, դաժան բռնության ենթարկվելու վերաբերյալ, բայց նրանք, բնականաբար, որեւէ փոխհատուցում չեն ստանալու: Մինչ այդ տեղեկացնենք` ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը. նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ 2015թ. ՊՆ-ն շուկայականից բավականին ցածր գնով հողատարածք է օտարել, եւ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51 միլիոն ՀՀ դրամի վնաս: Ըստ կոմիտեի` 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից 38 միլիոն ՀՀ դրամով օտարվել է Երեւան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն` հողատարածքի միջին շուկայական գինը կարող էր կազմել շուրջ 89.5 միլիոն ՀՀ դրամ: Նկատենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը, որը միգուցե կապ է ունեցել հողատարածքների գնման գործընթացի հետ: Այդ տարածքը նրան է վաճառվել, թե ուրիշի, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։ Թեեւ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, եւ այսուհետ Կոստանյանը ՌԴ դատախազների համար դասախոսություններ կկարդա։ Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Կոստանյանն ինքն էլ հայտարարեց, որ պատրաստ է օգել նոր իշխանություններին, իր կարողությունները ծառայեցնել մեկնարկած բարեփոխումներին, սակայն գնաց Մոսկվա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Կոստանյանից ճշտել նոր կարգավիճակի մասին տեղեկությունը, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Այսպիսով, նախկին դատախազն էլ դուրս եկավ երկրից, որին ինչքան էլ քննադատած լինենք, չենք կարող չարձանագրել, որ պրոֆեսիոնալ կադր է եւ չկոռումպացված։
ՀՀ ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտող լրջագույն պրոբլեմներից մեկը ճանապարհների անբարեկարգ վիճակն է: Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները: Հայաստանի անբարեկարգ ճանապարհների խնդիրը հասել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, եւ նա իր տարեկան զեկույցում անդրադարձել է դրան: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՄԻՊ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ շահագործվող 3477.6 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներից 44.0 կմ միջպետական եւ 353.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհները գնահատված են «վատ» եւ ենթակա են հիմնանորոգման: Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում ճանապարհները գտնվում են գերազանց վիճակում, իսկ տուրիզմը տարեցտարի ծաղկում է: ՈՒ արդյունքում անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, իսկ Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ:
ԴԻՄԱԴՐՈՒՄ Է
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձավ բավականին ուշացումով: Հիշում եք, երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության եւ արմատական փոփոխություններ իրականացնելու մասին: Չորս օր անց եղավ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը (մինչ այդ մի հարցազրույց էլ նա էր տվել):
Իսկ, ահա, Հրայր Թովմասյանն այս ողջ ընթացքում փորձեց աննկատ մնալ. նրա ձայնը չլսվեց: Սա այն դեպքում, երբ հասարակությունն այսօր սպասում, նաեւ պահանջում է Հրայր Թովմասյանի հրաժարականը: Ավելին, կրկին օրակարգում է հայտնվել նրա պաշտոնավարման լեգիտիմության հարցը. մասնագետների մի մասը շարունակում է պնդել, որ այն ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել օրենքի խախտմամբ: Բացի այդ, նախկինում Թովմասյանի՝ ՀՀԿ խորհրդի անդամ լինելն արդեն ՍԴ դատավորի պաշտոնում անաչառ գործունեության, օբյեկտիվության առումով ողջամիտ կասկածների տեղիք է տալիս:
Հրայր Թովմասյանը վարչապետի հայտնի հայտարարություններից երեք օր անց գերադասեց մեկնել Արցախ. մի հանգամանք, որը լուրջ կասկածների տեղիք տվեց, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ` հաշվի առնելով «Մարտի 1»-ի գործի շուրջ դատական համակարգում իրար հաջորդած իրադարձությունները, երբ ոչ միայն ազատ արձակվեց այս գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդության հիման վրա, այլեւ հանկարծ պարզ դարձավ, որ դատավորը գործը ծածուկ ուղարկել է ՍԴ:
Հիմա երեկվա հարցազրույցով Թովմասյանը փորձել է հասկացնել, որ ինքը մտադիր չէ հրաժարական ներկայացնելու: Ճիշտ է, այս մասին նա ուղիղ տեքստով չի հայտնել, սակայն թափանցիկ ակնարկներ է հնչեցրել` միաժամանակ քննադատելով դատական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: «Ես ինքս մեծ ցանկություն ունեմ իմանալու, թե հավաքվածներն ընդհանրապես ՍԴ-ի եւ, մասնավորապես, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված որ որոշումներից էին դժգոհ,-հարցրել է Թովմասյանը` հավելելով,-եթե որեւէ մեկը մտածում է, որ իմ կամ Սահմանադրական դատարանի այլ դատավորների վրա նման կերպ կարող է ազդել, ապա մեծապես սխալվում է: ՍԴ դատավորները նման դրսեւորումներից ճնշվողը չեն, իզուր ջանքեր մի՛ գործադրեք, նման վարքագիծը լավ տեղ չի տանելու: Ես չեմ պատրաստվում խորհրդակցական սենյակի պատուհանից նայել, թե բակում քանի մարդ կա հավաքված, ու որ մասը ինչ որոշում է ուզում, որ ընդունեմ»: Այլ կերպ ասած, նա բացահայտ դիմադրում է: Միայն թե հետաքրքիր է՝ որքան կտեւի այդ դիմադրությունը: