«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարո՛ն Շարմազանով, վերջին ժամանակներս, կարծես թե, լարվել են ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների, հանրության փոխհարաբերությունները, իսկ Ազատության հրապարակում Արցախի իշխանությունների հասցեին նույնիսկ սպառնալիք հնչեց ակտիվիստի կողմից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նման կերպ լարվեցին հարաբերությունները:
-Նախ` ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կամ հասարակությունների տարանջատումն է, բաժանարար գծերի ստեղծումն է: Ես հուսով եմ, որ հարաբերությունները լարված չեն, կամ գոնե հնարավոր կլինի լարվածությունից խուսափել, որովհետեւ ես, ճիշտ է, կուսակցական գործիչ եմ, բայց ինձ համարում եմ պետականամետ մարդ` անկախ նրանից` ով է ՀՀ-ում կամ Արցախում իշխանություն: ՀՀ-ն ու Արցախը պետք է լինեն մեկ ճակատ` ընդդեմ հակահայկականության: Իհարկե, կան խնդիրներ, իսկ այդ խնդիրներն առաջացել են, իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի` չափից շատ էմոցիոնալ, անձնակենտրոն քաղաքականության արդյունքում: Վերջին շրջանում երկու վտանգավոր քայլ է արվել. առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախից վերադառնում է ՀՀ եւ մի անհեթեթ ստատուս է գրում` Արցախում ցանկանում են հակահեղափոխություն անել: Պետական պաշտոնյան պետք է իմանա, որ ինչ-որ վայրիվերումներից չպետք է տվայտանքների մեջ ընկնի: Արցախում տեսնում է Սերժ Սարգսյանին Արցախի հերոսների հետ, գալիս, միանգամից գրում է` հակահեղափոխություն: Ախր, ինքը սովորական «Ելք» խմբակցության պատգամավոր չէ, ինքը երկրի ղեկավարն է, որի ցանկացած ստատուս հետեւանք է ունենում` լավ կամ վատ: Ինքը համայն հայության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում. ինչպե՞ս կարելի է գնալ Արցախի տոնին ու հետո նման գնահատական տալ: Ինքը պետք է հասկանա, որ պետք է միավորիչ գործողություններ անի, ոչ թե բաժանարար: Այսինքն` ով իր կարծիքը չի կիսում, պետք է ՀՀ-ում չապրի՞: Ես դրա համար եմ ասում` ինքը պատրաստ չի լինել ղեկավար:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել եւ հող հանձնել: Ովքե՞ր են այդ դավադիր ուժերը:
-Երկրորդ անհեթեթ հայտարարությունը դա էր: 30 տարի շարունակ բոլոր քաղաքական ուժերը միջազգային ասպարեզում հնարավորինս ամեն ինչ արել են, որ ցույց տան աշխարհին, որ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքը, պարզ ժողովրդական լեզվով ասած, պատերազմը սկսողը Ադրբեջանն ու Թուրքիան են եղել ու շարունակելու են լինել, սպառնալիքը իրենք են: Փաշինյանը դառնում է վարչապետ, Դուշանբեից լայվ է մտնում ու հայտարարում, թե, գիտեք, Ալիեւը շատ լավ ու կիրթ մարդու տպավորություն թողեց: Այսինքն` ժողովուրդ ջան, Ալիեւը բոբո չի, ոնց որ էս հանրապետականներն են ներկայացնում, լավ էլ կիրթ ու նորմալ է. սա խայտառակություն է: Այսինքն` պատերազմ սկսողը ոչ թե Ալիեւն է, ոչ թե Ադրբեջանն է, այլ ՀՀ-ի ու Արցախի որոշ ուժեր: Իսկ վաղը, Աստված մի արասցե, Ադրբեջանը պատերազմը սկսեց, կկանգնեն, կասեն` ՀՀ-ն է հարձակվել: Հիմա Փաշինյանն ինչ է ասում, որ Ալիեւից պատերազմ մի սպասեք, ՀՀ-ից Արցախում պատերազմ են սկսելո՞ւ: Սրանից այն կողմ հակահայկական, հակապետական հայտարարություն կա՞, թե՞ չկա: Ես հայտարարում եմ, որ սա կա՛մ հիմար հայտարարություն է, կա՛մ դավաճանական հայտարարություն է: Մենք դնում ՀՀ ու Արցախ ենք բաժանում. ո՞վ է այս ամենի հեղինակը, ե՞ս:
-Բայց մամուլում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի 10 օրյա այցը Արցախ կապված է ներկայիս իշխանությունների դեմ ինչ-որ ծրագրերի մշակման հետ: Ս. Սարգսյանի այցը դրա՞ հետ էր կապված:
-Կներեք, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից թույլտվություն չի վերցրել` 10 օր մնա Արցախում, թե 15 օր: Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Սերժ Սարգսյանը պաշտոնաթող Հայաստանի նախագահ է, Սերժ Սարգսյանը, ի վերջո, ՀՀ քաղաքացի է ու այն մարդն է, ով մեծ ներդրում ունի Արցախյան հերոսամարտում. կուզի 10 օր կմնա, կուզի 10 ժամ կմնա Արցախում, կուզի 10 տարի կմնա: Թեկուզ հավաքվում են, քննարկումներ են անում, դրանում ի՞նչ խնդիր կա. չի՞ թույլատրվում մարտական ընկերների հետ հանդիպել:
-Պարո՛ն Շարմազանով, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի համար: Ձեր խմբակցությունը նախկինում չէր քվեարկել Վ. Գրիգորյանի համար: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ա. Սարգսյանը նման քայլի գնաց, կարծում եք` իշխանությունների կողմից ճնշում է եղե՞լ:
-Մենք նախկինում մեր գնահատականը տվել ենք` Վահե Գրիգորյանի հետ կապված: Փաստը նա է, որ Արմեն Սարգսյանը իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրել նույն թեկնածուին: Կարող է հոժարակամ է Արմեն Սարգսյանը ճնշվում, կարող է իրեն դուր է գալիս այդ քաղաքական ճնշումները. ի՞նչ կարող եմ ասել: Արմեն Սարգսյանը իր ոչ նպատակահարմարությունը ապացուցել է դեռ հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ-ն օրենք ընդունեց, Արմեն Սարգսյանը չստորագրեց ու պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի կարծիքը:
-Բայց Դուք էիք նրան առաջադրել նախագահի թեկնածուի պաշտոնում:
-Մենք այնքան մարդու էինք առաջադրել, մենք առաջադրել ենք, ինքն էլ համաձայնել է, մենք ասել ենք` դու ունես անցած ճանապարհ, նա էլ ասել է` այո, սրբորեն կպաշտպանեմ Սահմանադրությունը, ու չի արել: Նիկոլ Փաշինյանը փակեց դատարանների մուտքերը` հակասահմանադրական քայլ արեց. Արմեն Սարգսյանը մի հատ ծպտուն հանե՞լ է կամ որեւէ մեկը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Ո՞Վ Է ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՂԵԼ, Ո՞Վ` ՈՉ ԱԴԵԿՎԱՏ
«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի մասնակցությամբ միջադեպի շուրջ քննարկումները չեն դադարում։
«Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի աշխատակից Ռազմիկ Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նշել է, թե պատգամավորը եղել է ոչ ադեկվատ վիճակում։ «Երբ որ ես զգում եմ` մարդ իրեն պահում է ոչ ադեկվատ վիճակում, ես հրավիրում եմ ոստիկանությանը: Ոստիկանները եկել են պատշաճ կերպով, ամեն ինչը լսել են: Մարդը, երբ որ երկու լիտր գարեջուր խմած լինի, Դուք լինեք կայուն վիճակում, Դուք ագրեսի՞վ կլինեք, շատ կխոսե՞ք, թե՞ դիմացինը: Ես, կանխելով, որպեսզի միջադեպ տեղի չունենա, անձամբ զանգել եմ ոստիկանություն, հրավիրել եմ ոստիկաններին, եւ ամեն ինչը պարզվել է ոստիկանությունում», – նշել է Աբգարյանը՝ ըստ էության պատգամավորին մեղադրելով ոչ սթափ վիճակում գտնվելու համար:
Սակայն հետաքրքիր է, որ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ նրա մեղադրանքներին։ «Եթե մարդն առավոտյան ասում է՝ միջադեպ չի եղել, հիմա երեկոյան ասում է՝ միջադեպ եղել է, հիմա ինչպե՞ս կարող եք արժանահավատ համարել այդ տեղեկությունները։ Կան տեսագրություններ, մենք էլ ունենք, եւ երեւում է, թե ով է ագրեսիվ, եւ ով՝ ոչ»,- նշեց նա։ Բացի այս մեկնաբանությունից, Եղոյանը նաեւ մեկ խորհուրդ տվեց ռեստորանի աշխատակցին: «Խորհուրդ կտամ իմ ժամանակը չվատնի ու տրամադրի ՀԴՄ կտրոնները, ժամանակ չվատնի իր անշնորհք պահվածքով»,- հավելեց նա։ Նշենք, որ ավելի վաղ Եղոյանը պարզաբանում էր տարածել՝ տեղեկացնելով, որ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ իրենց հաշիվը վճարելուց ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, եւ ինքը պահանջել է, որ բոլոր քաղաքացիներին, անկախ ամեն ինչից, ՀԴՄ տրամադրեն:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ նման ահազանգ եղել է, եւ այժմ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Իհարկե, երկու կողմն էլ փորձում է փրկել իրավիճակը, միմյանց ուղղությամբ մեղադրանքի սլաքներ ուղղել, եւ այստեղ եղելությունը պետք է պարզի ոստիկանությունը: Չնայած մեծ հաշվով տեղի ունեցածը փոքր միջադեպ է, եւ հազիվ թե կատարվածն այսքան աղմուկ ստանար, եթե կողմերից մեկը չլիներ օրենսդիրի ներկայացուցիչ: Ազգային ժողովի պատգամավորը մինչ ոստիկանների ժամանելը չի ներկայացել ի պաշտոնե:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
10 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 5-ի նիստում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելու մասին որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հնարավոր է տուգանվի 10 մլն դրամի չափով: Մեզ հայտնի դարձավ, որ Հանձնաժողովն ընկերությունում մոնիթորինգ է իրականացրել եւ պարզել, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների պահանջները: Ըստ Հանձնաժողովի` ընկերության պաշտոնական կայքում գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված նախահաշիվները հրապարակվել են մասնակի, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման նպատակով դիմող անձանցից գանձվել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 % -ը եւ այլն: Արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կբողոքարկի ՀԾԿՀ-ի որոշումը, ժամանակը ցույց կտա:
ԱԿՏԻՎՆԵՐԸ
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիս ամսին բավականին ակտիվ են եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն մայիս ամսին հանձնաժողովը երեք նիստ է անցկացրել, եւ ընդգրկված պատգամավորներն էլ պարտաճանաչ են գտնվել։ Բոլոր պատգամավորները մասնակցել են երեք նիստերին էլ, եւ միայն իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է մեկ անգամ բացակայել մեկ նիստից հարգելի պատճառով։ Հետաքրքիր է նաեւ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքը. այնտեղ պատգամավոր Արսեն Միխայլովի անունը երկու անգամ է նշված: Փոխարենը տեղեկացանք, որ նշված չէ ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանի անունը։
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 5-ի մյուս որոշմամբ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը նախազգուշացում կտրվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀԾԿՀ-ն իրականացրել է ՀԷՑ-ի կողմից 2018 թվականի 1-ին եռամսյակում կայացած «Լոտ1-Տաշիր քաղաքի Երեւանյան եւ հարակից փողոցների բաշխիչ ցանցերի վերակառուցում» գործարքի մոնիթորինգ: Արդյունքում պարզվել է, որ մատակարարման պայմանագրով սահմանվել է գնման առարկայի դիմաց վճարումն իրականացնել վեց տարվա ընթացքում: Եւ Հանձնաժողովը որոշել է նախազգուշացում տալ ընկերությանը` գտնելով, որ խախտել է Լրացուցիչ պահանջների 6-րդ կետը` սահմանելով վճարման երկար ժամկետ, դրանով իսկ սահմանափակելով մրցակցությունը: Բայց, ըստ ընկերության պարզաբանման, մատակարարման պայմանագրով գնման առարկայի դիմաց վճարման վեց տարի ժամկետ սահմանելու հիմնական պատճառը գործարքի` նախապես ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրում ներառված եւ ֆինանսավորման աղբյուրների այդ պահին հստակեցված չլինելն է: