ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՌ ՈՒ ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, քաղաքացիները փակեցին բոլոր դատարանների դռները, եւ ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգի բարեփոխումների մասին ու նշեց. «Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել: Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»:

Այս հայտարարություններից հետո դատական համակարգում նոր իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, փաստաբաններից շատերը ահազանգում են այն մասին, որ վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգը կաշկանդված է: Ըստ փաստաբանների` դատարաններն անձի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քրեական գործով տարված բողոքների դեպքում որոշում են կայացնում հօգուտ նախաքննական մարմնի: Տեսակետ կա, որ դատավորներն այդպես վարվում են, որպեսզի հետագայում իրենց չմեղադրեն «քննիչների արած գործը ջուրը գցելու համար»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց փաստաբան Հովիկ Արսենյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք ճիշտ են փաստաբանների մտահոգությունները: Ի պատասխան` վերջինս ասաց. «Ճիշտն ասած` նման երեւույթը շատ նկատելի է, եւ չեմ կարծում եւ չեմ էլ ընդունում, որ այդպես պետք է շարունակվի, որովհետեւ դրանով իսկ տուժում է արդարադատությունը: Դժբախտաբար, իրավիճակ է առաջացել, եւ մտածել, որ հեսա կփոխվի դա շատ արագ, չեմ պատկերացնում, քանի որ յուրաքանչյուր դատավոր այլեւս մտահոգություն ունի` իր դիրքի, իր տեղի, պատվի, արժանապատվության հետ կապված: Ցանկացած դատավոր իր համոզմամբ եթե որոշում է կայացնում, անմիջապես տեսնում ենք` տեղեկատվություններ է գնում նրա գույքային վիճակի վերաբերյալ, նրա անձի վերաբերյալ, վարկաբեկվում է այդ անձնավորությունը. ուստի որպեսզի ինքն իրեն ապահով զգա, բնականաբար, նախաքննական մարմնի տեսակետն է ընդամենը հաստատում»:
Մեր այն դիտարկմանը, որ, ըստ էության, դատավորները ամեն ինչ անում են նախաքննական մարմնի օգտին որոշում կայացնելու համար` հաշվի առնելով վերջին իրադարձություները, փաստաբան Հովիկ Արսենյանը հաստատեց փաստաբանների մտահոգությունը. «Այո, այո, ես դա դեռ շուտ էի կանխատեսել, որ դա կարող է անխուսափելի հետեւանքներ բերել, ու հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտությունը կար, որ դատական իշխանությունը կայանա եւ ծառայի ժողովրդին, բայց դա ենթադրում էր մշտական, շարունակական աշխատանք, եւ ցանկացած դեպքում վիրահատական միջամտությունը հղի է ծանր հետեւանքներով, եւ մեզ հետ է մղում այն նպատակից, որ մենք ցանկանում ենք ունենալ` որպես արդար դատական իշխանություն: Հատկապես իմ գործով նկատել եմ, երբ խափանման միջոց կալանք ընտրվեց իմ պաշտպանյալ Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մինասյանի նկատմամբ: Առաջին ատյանի դատարանը, առանց որեւէ հիմքերը տեսնելու, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանք ընտրեց նրա նկատմամբ: Կայացրած որոշման դեմ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք բերեցի այն դեպքում, երբ իմ պաշտպանյալը նախ օգնել, օժանդակել էր նախաքննությանը, պատրաստակամություն էր հայտնել, ինչու չէ, նաեւ զղջացել էր կատարվածի համար, նախկինում արատավորված չէր եղել, գնահատվում էր դրականորեն: Վերաքննիչ դատարանը 10 րոպեում իմ բերած բողոքը մերժեց եւ խափանման միջոցը թողեց անփոփոխ: Արդեն ինձ համար շատ հասկանալի դարձավ, կոպիտ ասած, շառից փորձանքից հեռու դատավորները ինքնապաշտպանական ռեֆլեքսով նման որոշում են կայացնում»:
Մինչ այդ նկատենք, որ դատավորները ճիշտ կանեին, եթե վարչապետի հայտարարությունից հետո ոչ թե հիմա էլ անխտիր կալանավորեին մեղադրյալներին, այլ կայացնեին հավասարակշռված, օրենքին համապատասխան որոշումներ: Ի վերջո, վարչապետի հայտարարությունը հենց օրենքի տառը պահպանելու մասին էր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՓԵՍԱՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ` ՊՆ-ի կողմից մատչելի գնով հողատարածքի օտարման վերաբերյալ` տեղեկացնելով, որ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51.5 մլն ՀՀ դրամի վնաս: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.5 մլն ՀՀ դրամի վնաս:
Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության. «2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձեւով՝ 38 մլն ՀՀ դրամով, օտարվել է Երեւան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.5 մլն ՀՀ դրամ:
Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.5 մլն ՀՀ դրամ»:
Այլ կերպ ասած`ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառքի է հանել ավելի մատչելի գնով, սակայն պարզվում է` այս ամենն իր մեջ մութ կետեր ունի: Օրինակ` չի բացառվում, որ հաղատարածքը վաճառվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանցից մեկին` հարազատին կամ մտերիմին, եւ դրա համար էլ բավական էժան գին են սահմանել:
Նկատենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը: Չի բացառվում, որ իրավապահները ունեցել են տեղեկություններ, որ հողատարածքը նրան է վաճառվել, ուստի նրան էլ հարցաքննության են կանչել: Ինչեւէ, գործով նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆՈՐ ԹՌԻՉՔՆԵՐ
Հունիսի 15-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երեւան/ Թեհրան/Երեւան ուղղությամբ: Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից` ամեն օր:

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վ. Ռշտունու` նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները` ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ: Այսօր նրա ներկայացրած միջնորդությանը միացան նաեւ մեղադրող դատախազներ Կարեն Բիշարյանը եւ Վահե Դոլմազյանը:

 

 

 

ՀԱՆՑԱԴԵՊԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի եւ նրա հոր` Լեւոն Ջուլֆալակյանի միջադեպի վերաբերյալ նյութերով քրգործ չի հարուցվել հանցադեպի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ քաղաքացու կողմից ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում էր ստացվել Ա. եւ Լ. Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Ջուլֆալակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել եւ ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նշենք, որ Ա. Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ հայրը ծեծի չեն ենթարկել քաղաքացուն:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` 6 ՀՈԳՈՒ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված, բենզինի եւ գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել նախարարության 6 աշխատակցի: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` անցյալ տարվա հոկտեմբերին ստացվել են ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017թ. դեկտեմբերից մինչեւ 2018թ. հունվար իրականացված, 2014-2016թթ. ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման եւ օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ ԱՍՀՆ նախարարի գրությունը եւ կից փաստաթղթերը: ԱՍՀՆ 6 աշխատակցի` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ռիսկերի կառավարման վարչության պետին, տնտեսական բաժնի պետին, երկու գլխավոր մասնագետի, պարետին, խորհրդատուին, մեղադրանքներ են առաջադրվել: Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

 

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, մերժել է քննիչի միջնորդությունը` Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Վ. Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը այս առնչությամբ սոցցանցի իր էջում գրել է. «Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը` Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Հիշեցնեմ, որ նույն դատարանի չագուչով ու պատմուճանով եւ իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով, առանց պաշտպանի ներկայության դեռեւս 30.12.2018թ. բավարարել էր…:
Հ.Գ. Քիչ անց ՀՔԾ-ում N1 է լինելու, կալանավորման վերացական նոր հիմք է հորինվելու ու կրկին են փորձելու»,- եզրափակել է Վահագն Հարությունյանի փաստաբանը:




Լրահոս