Հայաստանում անբարեկարգ ճանապարհները բացասական են ազդում տուրիզմի զարգացման վրա: ՀՀ ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրը ոչ միայն հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն են, այլեւ ճանապարհների անբարեկարգությունը: Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները:
Հայաստանի ճանապարհների մեծ մասը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան վայրերը: Դրանք մեծ անհարմարություններ են առաջացնում ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների, այլեւ մեր քաղաքացիների համար, որոնք փորձում են մի քանի ժամ անցկացնել բնության գրկում: Մյուս կողմից` զբոսաշրջային ընկերությունները վարձում են մեքենաներ` դրանց համար բարձր գին վճարելով, որպեսզի փոսառատ ու անբարեկարգ ճանապարհներն առանց հետեւանքների անցնեն:
Բացի այս, հասարակական զուգարանների հարցը եւս լուծում չի ստանում: Նախորդ տարվա ընթացքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել էր գազալցակայանների ղեկավարներին պատշաճ տեսքի բերել եւ պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնել իրենց տարածքում գտնվող զուգարանները: Այս ուղղությամբ, սակայն, կարծես թե ոչինչ չի արվել, քանի որ, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների պատմելով, ճանապարհներին այնպիսի զուգարանների են պատահում, որ ամաչում են առաջարկել զբոսաշրջիկին, անգամ եթե դրանք գտնվում են գազալցակայանների տարածքում:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` Հայաստանի անբարեկարգ ճանապարհների վերաբերյալ խնդիրը հասել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. նա ստացել է մի շարք ահազանգեր` ներքաղաքային եւ մարզային նշանակության ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ: Ու հիմա այս թեման տեղ է գտել ՄԻՊ տարեկան զեկույցում:
Օրինակ, Սիսիանի տարածաշրջանով անցնող միջպետական նշանակության ճանապարհի մի շարք հատվածներ, մասնավորապես` Սիսիանի Զանգերի հատվածից սկսած, գտնվում են անբարեկարգ վիճակում: Փոսերի առկայության պատճառով ճանապարհը դժվարանցանելի եւ վտանգավոր է: Ըստ ՄԻՊ-ի` անբարեկարգ եւ գերմաշված վիճակում է գտնվում Մ4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 110+900-118+300 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Ի դեպ, այն վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին: Մինչդեռ նկատենք, որ այս ճանապարհը Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն տուրիզմի համար: Բանն այն է, որ անցած տարվա հոկտեմբերին, երբ Մ6, Վանաձոր Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է եղել երթեւեկության համար, բեռնափոխադրումների մեծ մասը եւ մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի Հայաստան եւ դուրս կատարվել են Մ4 ավտոճանապարհով: Նշենք, որ ՀՀ կառավարության` անցած տարվա հոկտեմբերի 4-ի որոշմամբ` Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջան սահմանի 110+900 կմ-118+300 հատվածում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 439 մլն 268,7 հազար դրամ է հատկացվել: Բայց ՄԻՊ-ը պարզել է, որ ճանապարհի շատ հատվածներ 2018 թվականին շարունակել են մնալ անբարեկարգ:
Տեւական ժամանակ չի լուծվում նաեւ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղ տանող ճանապարհի դժվարանցանելի եւ անբարեկարգ լինելու հարցը: Գյուղի բնակիչների պատմելով` ճանապարհի անբարեկարգության պատճառով գյուղի բազմաթիվ բնակիչներ ունենում են տեղաշարժի խնդիր, քանի որ տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հրաժարվում են սպասարկել` մատնանշելով ճանապարհային ոչ բարվոք վիճակը:
Ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մատնանշեցին նաեւ Սյունիքի մարզի Խնձորեսկ, Լոռու մարզի «Սոճուտ» դենդրոայգի, Տավուշի մարզի Պարզ լիճ, Սյունիքի մարզի «Սատանու կամուրջ» կոչվող հատվածից մինչեւ Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհների անբարեկարգ վիճակը: Նրանց խոսքերով` ով մի անգամ այդ վատ ճանապարհով գնում է Տաթեւ, երկրորդ անգամ կհրաժարվի այցելել: Ճանապարհը սարսափելի վատ վիճակում է գտնվում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձրաձայնել է նաեւ Հայաստանի ճանապարհներին առկա թունելների բարեկարգման խնդրի մասին: Ըստ ՄԻՊ-ի` անցած տարվա ընթացքում վարորդները բարձրացրել են խնդիր, որ Դիլիջանի թունելով անցնող ճանապարհին առկա են անհարթություններ եւ փոսեր, իսկ նույն թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհից հետո առաջացել է ավելի մեծ եւ խորը փոս, թեեւ նշված հրդեհից հետո թունելը երկկողմանի փակ էր, եւ կատարվում էին վերանորոգման աշխատանքներ: Ի դեպ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՄԻՊ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ շահագործվող 3477.6 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներից 44.0 կմ միջպետական եւ 353.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհները գնահատված են «վատ» եւ ենթակա են հիմնանորոգման:
Փոխարենը հարեւան Վրաստանում ճանապարհները գտնվում են գերազանց վիճակում, իսկ տուրիզմը տարեցտարի ծաղկում է: Օրինակ` անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ` 8,6 մլն մարդ, իսկ Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ: Համաձայնեք, պատկերն առավել քան խոսուն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է CONIFA-Ն
Արդեն հունիսի 2-ից Արցախում մեկնարկել է Չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը` ԿՈՆԻՖԱ-2019-ը: Առաջնությանը մասնակցում են 8 թիմեր, որոնք համապատասխանաբար բաժանվել են երկու խմբի: Մասնակիցների թվում են նաեւ հայկական երկու թիմեր` Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի հավաքականները:
Արցախը ընդգրկված է A խմբում Սամպիի, Աբխազիայի եւ Չամերիայի հավաքականների հետ: Արեւմտյան Հայաստանի հավաքականը իր հերթին B խմբում է, որտեղ էլ հայկական թիմի մրցակիցներն են Պանդանիան Սեկեի Լանդը եւ Հարավային Օսիան: Առաջնությունը անցկացվում է Արցախի չորս քաղաքներում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում (Ստեփանակերտի «Հանրապետական» մարզադաշտ), Մարտակերտում (Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտ), Մարտունիում (Ավագյան Արենա) եւ Ասկերանում (Ասկերանի քաղաքային մարզադաշտ):
Խաղային առաջին օրը` հունիսի 2-ին, Արցախը, մրցելով Սամպիի հավաքականի դեմ, կարողացավ կարեւոր հաղթանակ տոնել (3:2): Հայկական մյուս թիմը` Արեւմտյան Հայաստանի հավաքականը, չնայած կազմում ունենալով այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գեւորգ Կասպարովը, Աղվան Դավոյանը, Դավիթ Մանոյանը, Հրանտ Յագանը, Զավեն Բադոյանը եւ այլոք, միեւնույնն է, 1:2 հաշվով պարտվեց Հարավային Օսիային: Արդեն խաղային երկրորդ օրը` հունիսի 3-ին, Արեւմտյան Հայաստանը կարողացավ հաղթել Սեկեի Լանդին` մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ: Երեկ կայացած երկրորդ խաղում Արցախի հավաքականը ընդունել էր Չամերիայի հավաքականին, որտեղ էլ գրանցվեց 3:1 հաշիվը՝ հօգուտ Չամերիայի:
Այսօր` հունիսի 4-ին, կավարտվի Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Արցախի մրցակիցը այսօր կլինի Աբխազիայի հավաքականը (խաղի մեկնարկը` 18:00), իսկ Արեւմտյան Հայաստանի մրցակիցը Պանդանիայի ընտրանին է (խաղի մեկնարկը` 18:30): Խմբային փուլի ավարտից հետո մեկօրյա դադար կլինի, որից հետո` հունիսի 6-ին, կմեկնարկի մրցաշարի Փլեյ-օֆ փուլը: Խմբերում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ, իսկ 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները զբաղեցրածները` 4-րդից ցածր հորիզոնականների համար:
Այս առաջնությունը Արցախում մեծ իրարանցում է առաջացրել. իրոք կարելի է ընդգծել, որ Արցախում իսկական ֆուտբոլային տոն է: Մարզադաշտերը լեփ-լեցուն են, երկրպագուները ուղղակի վայելում են խաղերը եւ հագեցնում ֆուտբոլի հանդեպ իրենց ծարավը:
Այս մասին է խոսել նաեւ CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդը: «Ես ուղղակի ապշած եմ արցախցիների պահվածքից եւ ջերմ վերաբերմունքից: Նրանց իրոք դուր է գալիս այս ֆուտբոլային տոնը: Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու, եւ մեր առաքելություններից մեկը Արցախը ամբողջ աշխարհին հայտնի դարձնելն է: Համոզված եմ` Արցախում անցկացրած առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է կառույցի նախագահը:
Հիշեցնենք, որ առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 9-ին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ