Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ասվել է, որ այս հարցում բացառություններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին: Ի դեպ, մեր տեղեկություններով` եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որքանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից: Մինչ այդ նկատենք՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով:
«Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ: «Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրան հանձնելու,- ասել է նա՝ հավելելով.- պարոն Տոնոյանի հետ խոսել եմ այս մասին: Իրար հետ կիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք»:
Հունիսի 3-ից ՀՀ կառավարությունն այլեւս նոր կառուցվածք ունի։ Ըստ այդմ, կան նոր նախարարություններ, որոնք ստեղծվել են օպտիմալացման արդյունքում։ Երեկ արդեն վարչապետը միավորված նախարարություններում փոխնախարարներ է նշանակել: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս գործընթացը դեռ ավարտված չէ, քանի որ յուրաքանչյուր ճյուղ պետք է ունենա երկու փոխնախարար, սակայն երեկվա նշանակումներով դեռ այդ պատկերն ամբողջական չէ։ Երեկվա նշանակումների մեջ նաեւ, որպես այդպիսին, փոփոխություն չենք կարող արձանագրել, քանի որ պաշտոններ են ստացել նախկինում արդեն իսկ համակարգում եղած մարդիկ։ Մինչ այդ նկատենք` հունիսի 1-ին ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակել է վերամիավորված նախարարությունների ղեկավարներին, եւ այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կարելի է համարել կազմավորված. նշանակված են վարչապետը, փոխվարչապետներն ու 12 նախարարները:
ՀՔԾ-ն երեկ տեղեկացրել է, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նրան ձերբակալել են մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղամ Պետրոսյանն այս գործով անցած տարի է հրավիրվել ՀՔԾ հարցաքննության, եւ իրավապահները կոնկրետ նրան հարցեր են ուղղել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագով՝ պարկուճները փոփոխելու գործով: Ըստ մեր տեղեկությունների` ՀՔԾ-ն Գեղամ Պետրոսյանին հարցաքննության է հրավիրել այն ժամանակ, երբ Պետրոսյանի ընտանիքում ողբերգություն է եղել. Պետրոսյանի որդին ավտոտնակում մեքենայի մեջ խեղդվել էր, ու Պետրոսյանը շատ ծանր է տարել որդու կորուստը` գտնվելով սթրեսային վիճակում:
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
40 դաշնակցականներն ու ծեծված ակտիվիստը. թերեւս այսպես կարելի է բնութագրել երեկ տեղի ունեցածը, երբ ՀՅԴ-ականները (40 հոգի), իրար հերթ չտալով, ներկայանում էին ոստիկանություն եւ հայտարարում, թե իրենք են ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին: Պարզ է` այսպես նրանք փորձում են միաժամանակ իրենց վրա վերցնել պատասխանատվությունը, որպեսզի իրական հարձակվողները չպատժվեն: Հայտնի գործելաոճ է, որը, սակայն, հատուկ է քրեական աշխարհին:
ՀՅԴ-ականներն, իհարկե, չեն թաքցնում, որ հարձակման ենթարկված երիտասարդը (ընդ որում` նա հարձակման է ենթարկվել երկրորդ անգամ) մասնակից է եղել օրեր առաջ Ազատության հրապարակում ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին: Նա անձամբ չի քաշքշել Մարգարյանին, բայց նրա հասցեին բացականչություններ է արել, հետո էլ սոցիալական ցանցերում պարբերաբար նաեւ ՀՅԴ-ի հասցեին քննադատական գրառումներով հանդես եկել: Այնպես որ ՀՅԴ-ականներն էլ որոշել են պարզապես վրեժ լուծել ու իրենց ձեռքով «դաստիարակչական ապտակով» պատժել երիտասարդին: Մանավանդ, ոստիկանությունը հրաժարվել է Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ քրեական գործ հարուցելուց` պատճառաբանությամբ, թե չկա հանցակազմ:
Անկախ ամեն ինչից` ՀՅԴ-ականների պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է, քանի որ մեր երկրում բռնությունը չպետք է տեղ ունենա. այդ ժամանակները վաղուց արդեն անցյալում են: Այս կանոնը վերաբերում է անխտիր բոլորին` անկախ քաղաքական պատկանելիությունից: Ու չկա որեւէ արդարացում գրառումների համար ակտիվիստին հարձակման ենթարկելու համար, որքան էլ այդ գրառումները հակառակ կողմին դուր չգան (ի վերջո, վիրավորանքի ու զրպարտության համար կա դատարան, կան իրավապահ մարմիններ):
Բայց երեկ տեղի ունեցածն իր մեջ վտանգավոր ուղերձներ էր պարունակում: Ակտիվիստի նկատմամբ բռնության պատասխանատվությունը ստանձնում է քաղաքական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն: Խոսքը մի կուսակցության մասին է, որի ղեկավար կազմը 1990-ականներին դատապարտվել է ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու եւ պետության ղեկավարության նկատմամբ մահափորձեր ծրագրելու, հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով: Ու հիմա, երբ այդ նույն կուսակցության ներկայացուցիչները փորձում են թեկուզ փոքր մասշտաբի, բայց բռնության միջադեպի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել, նշանակում է՝ իրենք հասկացնում են՝ ընդունակ են ավելի լայնամասշտաբ գործողությունների իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ: