ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ից ՀՀ կառավարությունն այլեւս նոր կառուցվածք ունի։ Ըստ այդմ, կան նոր նախարարություններ, որոնք ստեղծվել են օպտիմալացման արդյունքում։ Նոր ստեղծված, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` վերակազմավորված նախարարություններն են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Երեկ արդեն վարչապետը նշանակումներ է կատարել, եւ այդ միավորված նախարարություններն արդեն ունեն փոխնախարարներ։ Սակայն այս գործընթացը դեռ ավարտված չէ, քանի որ յուրաքանչյուր ճյուղ պետք է ունենա երկու փոխնախարար, սակայն երեկվա նշանակումներով դեռ այդ պատկերն ամբողջական չէ։ Երեկվա նշանակումների մեջ նաեւ, որպես այդպիսին, փոփոխություն չենք կարող արձանագրել, քանի որ պաշտոններ են ստացել նախկինում արդեն իսկ համակարգում եղած մարդիկ։
Օրինակ` Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակված Բագրատ Բադալյանը մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը` 2014-2015 թվականներին, աշխատել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, իսկ 2015-2018թթ. «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է եղել: Իսկ, ահա, 2018-ից մինչեւ 2019 թվականի տվյալները կենսագրության մեջ բացակայում են։
Նույն նախարարությունում մյուս տեղակալ նշանակված Հակոբ Վարդանյանը 2018 թվականին, այսինքն` թավշյա հեղափոխությունից հետո արդեն իսկ նշանակվել էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Ստացվում է՝ նախարարությունների օպտիմալացումից հետո նա չի կորցրել իր պաշտոնը։ Իսկ, ահա, մինչ թավշյա հեղափոխությունը նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԲԷՑ-ում. կառույց, որտեղ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
Մյուս փոխնախարար Լիլիա Շուշանյանը կառավարության հին կադրերից է եւ 2014 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2018-2019 թվականներին եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավարը, երեկ էլ նշանակվել է նախարարի տեղակալ։
Էկոնոմիկայի նախարարությունում երկու փոխնախարար է նշանակվել, մեկը՝ Արտակ Քամալյանը` գյուղատնտեսության գծով, իսկ Ավագ Ավանեսյանը` Էկոնոմիկայի։ Վերջինս 2012 թվականից կրկին տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում։
Իսկ, ահա, Արտակ Քամալյանը գյուղատնտեսության փոխնախարար էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո, իսկ 2012-2018 թվականները «Պարիտի Կապիտալ» ԲԲԸ-ում եղել է գլխավոր տնօրենի տեղակալ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռեւս մեկ փոխնախարար ունի՝ Գեղամ Վարդանյանը։ Նա եւս հեղափոխությունից հետո է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ նշանակվել, իսկ մինչ այդ վաճառքի գծով տնօրեն է եղել մասնավոր ընկերությունում։ Մեկ փոխնախարար ունի նաեւ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Իրինա Ղափլանյանը։ Հետաքրքիր է, որ նրա կենսագրության մեջ 2017 թվականից հետո որեւէ տվյալ առկա չէ, իսկ մինչ այդ եղած տվյալներից եւ կրթությունից տեղեկանում ենք, որ նա ավելի մասնագիտացված է քաղաքագիտության ոլորտում, եւ այդ առումով տարօրինակ է նրա նշանակումը Շրջակա միջավայրի նախարարությունում։
Իսկ Արեւիկ Անափիոսյանն էլ, Արայիկ Խզմալյանն ու Գրիշա Թամրազյանն էլ նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ։ Արեւիկ Անափիոսյանը մինչ այս դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Գրիշա Թամրազյանը եղել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր, իսկ Արայիկ Խզմալյանն էլ մշակույթի գծով փոխնախարարն է, մինչ այդ եղել է Հայաստանի զբոսաշրջության հիմնադրամի տնօրենը։
Նոր նշանակումները դեռեւս այսքանն են, սակայն ինչպես նշեցինք, գործընթացը դեռ չի ավարտվել, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն, եւ արդեն հստակ կլինի, թե որքանով է թարմանալու կառավարության կազմը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՌՈՄԱՆՏԻԿ
Երեկ խորհրդարանը ստիպված էր իր կամքից անկախ պատճառներով դադարեցնել նիստերը: Բանն այն է, որ ԱԺ-ն որոշել էր երկարաձգել նիստերը եւ ժամը 18։00-ի փոխարեն ավարտել 20։00-ին, որպեսզի պատգամավորները հասցնեին սպառել օրակարգը։ Սակայն 18։30-ին, երբ պետք է նիստը սկսվեր, դահլիճում հոսանք չկար, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 5 րոպե ընդմիջում վերցրեց: Դրանից հետո էլ խնդիրը չէր կարգավորվել, եւ ԱԺ փոխնախագահն արդեն կես ժամ ընդմիջում վերցրեց, սակայն պատգամավորներին զգուշացրեց գնալ աշխատասենյակներ եւ կես ժամ անց վերադառնալ։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շատերը չեն հետեւել նրա կոչին, եւ նիստը շարունակվել է ընդամենը 22 պատգամավորով։ Այլ կերպ ասած` «դասից» փախչողներ են եղել։

 

 

 

 

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵՑԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարույթը հարուցել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը: Հիմա դատավոր Երիցյանը պետք է ներկայանա հանձնաժողով ու ներկայացնի իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ: Հետո հանձնաժողովը կորոշի՝ դատավորի հարցը ուղարկել ԲԴԽ, թե ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց տարբեր լրատվամիջոցներ հասցրել էին այն հրապարակել: Հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ:

 

 

 

ՈՒՇԱՆՈՒՄ Է ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպտիմալացված նախարարություններում փոխնախարարներ է նշանակել։ Սակայն հետաքրքիր է, որ փոխնախարարների թվում չկար Նարինե Թուխիկյանը, որը մայիսի 31-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը եւ ի սկզբանե չէր էլ հերքել, որ կարող է նշանակվել փոխնախարար՝ մշակույթի գծով։ Երեկ մեկ փոխնախարար արդեն նշանակվել է, սակայն ամեն գծով երկու փոխնախարար պետք է լինի, եւ Նարինե Թուխիկյանին նշանակելու հնարավորությունն առկա է։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարինե Թուխիկյանը նշեց, թե մինչեւ շաբաթվա վերջ ժամանակ ունի մտածելու եւ կօգտվի այդ իրավունքից, սակայն չբացառեց, որ կարող է հետ վերցնել իր պատգամավորական մանդատը։ «Ես դեռ ունեմ ժամանակ եւ կմտածեմ», – նշեց նա։

 

 

 

 

ԱՍՈՒՄ Է՝ ԱՍԵԼ Է
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում մեկնաբանել` ինքը «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել է, թե ոչ: Ինչ վերաբերում է նրա թիկնազորի` «Մարտի 1»-ի գործողություններին մասնակցությանը, Գագիկ Ծառուկյանն ասել է. «100 անգամ ասեցի, այդ հարցերին ես պատասխանել եմ, ու հերիք է ավել-պակաս… շարունակելու բան չունեմ»: ԲՀԿ առաջնորդը, անդրադառնալով հարցին, թե ինչու է խմբակցության պատգամավորներին արգելել Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված տեսակետ ասել, նշել է. «Մուտիլովկաներ մի՛ արեք, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն ասելու, բայց եթե հարց կա, որը մենք պետք է խմբակցությունով քննարկենք, ապա պիտի հավաքվենք բոլորս ու քննարկենք»:

 

 

 

 

 

ՏԵՍԱԿԸ
«Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»,- այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջում տեղադրված տեսանյութով, որը պատմում է այն մասին, թե ինչպես գյուղում մարդիկ 1000 քմ մակերեսով ջերմոց են կառուցել սեփական ձեռքերով ու առատ բերք ստանում:

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։ Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա առավել զարգացնելու եւ ընդլայնելու հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում ընդգծելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Զոհրաբ Մնացականյանը կարեւորեց նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջեւ շփումները եւ խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը: Կիպրոսի հիմնահարցի համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունը հայտնեց խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վերսկսմանը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը Նիկոս Քրիստոդուլիդեսին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

 

 

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Առաջին եռակողմ հանդիպումը Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարների միջեւ տեղի է ունեցել Նիկոսիայում: Զ. Մնացականյանը, Յորգաս Կատրուղալոսը եւ Նիկոս Խրիստոդուլիդեսը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափը հարուստ կոնտենտ կունենա:




Լրահոս