Մայիսի 30-ին ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նախորդ օրը` գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են եւ հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ:
Ըստ հայտարարության` «այս բանդաներն իրենց պարագլուխներով, որոնք են Ալեքսեյ Բալայանը, Ռոլանդ Այդինյանը, ծառայում են ԱՀ նախագահի թեկնածու «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»: Իր հերթին Արցախի նախկին վարչապետի գրասենյակը հերքեց իրենց առնչությունը կատարվածի հետ:
Դեպքից անմիջապես հետո ձերբակալվեցին Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանը եւ Ռոլանդ Այդինյանը. հիմա նրանք գտնվում են կալանքի տակ: Ու մինչ տուժողը կողմը պնդում էր, թե այս կրակոցները քաղաքական ուղղորդվածություն ունեն, ըստ արցախում տարածված լուրերի, իրականում կալանավորված Ալեքսեյ Բալայանը ներքին տարաձայնություններ է ունեցել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդու` Ապերի հետ, որն այդ օրը Բաբայանի համակիրների մեքենայի մեջ է գտնվել: Ուստի իմանալով այդ մասին` Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են մեքենայի ուղղությամբ:
Ինչպես արդեն նշեցինք, գործով երկու անձ կալանավորված է, եւ այս գործով «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` Ալեքսեյ Բալայանը իրավապահներին ցուցմունք չի տվել, այլ բանավոր պատմել է, որ ինքը խնդիր է ունեցել Մարտակերտի քաղաքապետի Ապեր անունով հայտնի որդու հետ: Ըստ Ալեքսեյ Բալայանի՝ իրավապահներին հայտնած բանավոր տեղեկության` տեւական ժամանակ ինքը զանգահարել է Մարտակերտի քաղաքապետի որդուն, որ խոսի նրան հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին:
Ալեքսեյ Բալայանը իրավապահներին տեղեկացրել է, որ տեսնելով Մարտակերտի քաղաքապետի որդին չի պատասխանում իր հեռախոսազանգերին` մի քանի օր շարունակ հետապնդել է նրան, եւ մայիսի 29-ի գիշերը կրակել է այդ մեքենայի ուղղությամբ, բայց նպատակ չի ունեցել որեւէ մեկին սպանել: Նա ասել է, թե հաշվի առնելով, որ Մարտակերտի քաղաքապետի որդին չի պատասխանել իր հեռախոսազանգերին` որոշել է այդպես ստիպել ի վերջո խոսել իր հետ: Ավելին, Ալեքսեյ Բալայանը իրավապահներին բանավոր հայտնել է, որ կատարվածը քաղաքական ուղղորդվածություն չունի, եւ իր խնդիրը Մարտակերտի քաղաքապետի որդու հետ է, եւ ինքն էլ քաղաքապետի որդուն դեռ կտեսնի եւ իր ասելիքը կասի:
Ի դեպ, իրավապահներն այս օրերին հարցաքննել են նաեւ Սամվել Բաբայանի համակիրներին, որոնք եղել են 4 հոգի: Վերջիններս իրավապահներին հայտնել են, թե իրենք գործով կալանավորված անձանց չեն ճանաչում, նրանց չգիտեն եւ, առհասարակ, նրանց հետ ոչ մի կապ կամ խնդիր երբեւէ չեն ունեցել: Ասել է թե` դատելով նախաքննական մարմնի` մինչ այս ձեռք բերած ապացույցներից` պարզ է դառնում, որ կատարվածը քաղաքական պրոցեսների հետ կապ չունի, այլ ընդամենը երկու խումբ անձանց միջեւ տեւական ժամանակ ծագած վեճի հետեւանք է:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ փնտրում են Մարտակերտի քաղաքապետի` Միշա Գյուրջյանի որդուն` Ապերին, որին դեռեւս չեն հայտնաբերել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր: Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով։ Բաղդասարյանը նշեց, որ գիշերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. «Անձը, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ բուժում չի ստանում, եւ պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանն այսօր ներկա չէ այս դատական նիստին»։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։
ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա նշված ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցչի ներգրավմամբ Երեւան քաղաքի տարբեր հասցեներում գործող բենզալցակայաններում 10 լիտր տարողությամբ չափանոթի միջոցով իրականացվել են չափումներ: Դրանց արդյունքում արձանագրվել է դիզելային վառելիքի, ԱԻ 92 եւ ԱԻ 95 դասերի բենզինի` մինչեւ 1000 գրամի բացասական շեղումներ: Պարզվել է, որ 2016թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացված ավտոլիցքավորման աշտարակների ստուգաչափման արդյունքում այդ տնտեսվարող սուբյեկտներին տրվել են նավթամթերքի իրացմամբ զբաղվելու համապատասխան վկայականներ, որոնցում նշվել է, որ դրանք ուժի մեջ են կապարակնիքների առկայության դեպքում: Մինչդեռ պարզվել է, որ վարչական գործի վարույթում առկա չեն կապարակնիքների առկայության, բացակայության կամ դրանք վնասված լինելու մասին փաստաթղթեր։ Երեւան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրություններն ուղարկվել են Երեւան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններ, որոնց հանձնարարությամբ հետաքննության եւ նախաքննության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներում դրանց հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր:
ԲԱՑԱՐԿ
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Դատավորը կասկածներ է ունեցել, որ այն հանգամանքը, թե ինքը քննել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, կարող է խոչընդոտ հանդիսանալ գործի հետագա անկողմնակալ քննության համար: Ըստ դատավորի` երկու գործերով էլ կա փոխկապակցված անձ. խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է: Նա ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Հարությունյանի գործով հանդիսանում է նրանց կաշառք տված անձ:
ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ԳՈՀ Է
«Եթե ես հիմա ծառայում եմ, աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետեւաբար, գոհ են իմ կատարած աշխատանքից»,- այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով լուրերին, թե իշխանությունները գոհ չեն իր աշխատանքից: «Հենց նոր նաեւ ընդդիմադիր կուսակցության` քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչն իր դրվատանքի խոսքը հայտնեց ծառայության ոլորտներից մեկի վերաբերյալ: Այն աշխատանքը, որն արվել է, իր որակական եւ քանակական հատկանիշներով գերազանցում է մինչեւ հիմա եղած տեմպերը կամ, համենայնդեպս, համադրելի է: Չափազանց մեծ աշխատանք է կատարվում»,- շարունակել է նա: Նախարարը խոսել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի լուծարման իրավական հիմքերի մասին` նկատելով, որ դրա համար օրենսդրական հիմք չկա: «Օրենքով նման լուծարման հնարավորություն չեմ տեսնում: Օրենսդրական նման հիմք չկա»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
ԲՈԼՈՐԸ
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից: Հարցին` հնարավոր է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյանները, այդ թվում` Սերժ Սարգսյանը, հրավիրվեն հանձնաժողովի նիստերին, պատգամավորներից Տիգրան Կարապետյանը պատասխանել է, որ որեւէ կաշկանդվածություն չունեն` անկախ նրանից` պաշտոնյան ներկա է, թե նախկին: «Քննելու ենք ամբողջ գործընթացը: Եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել, ապա կհրավիրենք: Մենք չենք ուզում անմեղության կանխավարկած խախտել եւ ասել, որ այդ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք պետք է ներկայանան նիստին, քանի որ նախկինում պաշտոն են զբաղեցրել»,-ասել է Կարապետյանը:
ԿՐԿՆԱԿԻԻՑ ԱՎԵԼԻ
«2018թ. ընթացքում միայն անհատական բողոքների թիվն աճել է կրկնակիից ավելի` կազմելով շուրջ 11 հազար»,- «2018թ. ընթացքում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով` ըստ ամիսների` բողոքների թիվն առավել շատ է: Ըստ Արման Թաթոյանի` կրկնակիից ավել աճել են այցերը ազատությունից զրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ ու ոստիկանության բաժիններ, իսկ առանձին հաստատությունների դեպքում ցուցանիշներն առավել բարձր են: Արման Թաթոյանի խոսքով` խնդրահարույց էր, որ հատկապես սոցցանցերում տարածվում էին ատելության, բռնության եւ սպառնալիքի կոչեր:
4 ՄԼՆ-Ի ՎՆԱՍ
«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերեւույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 18 անձ: Պարզվել է, որ անտառտնտեսության մասնաճյուղում իրականացված ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 101.438.250 ՀՀ դրամի վնաս, որից կամովին վերականգնվել է մոտ 4 մլն դրամը: Շարունակվող նախաքննության ընթացքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով: Արտաշատ քաղաքի բնակիչ Արթուր Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան ետնամասի պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար եւ ոսկյա զարդեր: Արթուր Ս.-ն աշխատում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետի տեղակալ: