ՊԱԼԱՏԻ ՔԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի լիազորությունների մեջ է մնացել միայն իրավիճակի բացահայտումը, որը կներկայացնի, գնահատական, որակումներ, հետագայի մասին կանխատեսումներ էլ կանի հանրությունը:

-Պարո՛ն Յոլյան, Դուք շարունակում եք նոր իշխանությունների հետ աշխատել, ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը, ըստ Ձեզ` նոր իշխանությունները գո՞հ են այն աշխատանքից, որ իրականցնում է պալատը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հե՞շտ է աշխատել:
-Եթե ցանկանում եք իմանալ մեր աշխատանքը, ինչ ենք արել, Դուք կարող եք դրա մասին տեղեկանալ մեր ներկայացրած տարեկան հաշվետվությունից: 2018 թվականի տարեկան հաղորդումը մենք ներկայացրել ենք Ազգային ժողով: Իսկ մենք աշխատում ենք նորմալ, համագործակցում ենք ու այսօրվա դրությամբ որեւէ փոփոխություն չունենք: Նորմալ աշխատում ենք, ճնշումների մասին խոսք լինել չի կարող, եթե խնդիրներ լինում են, պարոն Փաշինյանի հետ քննարկումներ լինում են, տրվում են դրական պատասխաններ եւ այլն: Նորմալ մոտեցում է, նորմալ աշխատանք է:
-Բայց համարում եք, որ Ձեր աշխատանքը արդյունավե՞տ է եղել:
-Ես գտնում եմ, որ այո: Մանրամասն քննարկում կլինի: Մենք բաց ներկայացրել ենք մեր աշխատանքը, մեր տարեկան հաղորդումը ներկայացրել ենք մեր պաշտոնական կայքէջում: Ինձ թվում է, որ մեր ներկայացրածից պարզ կլինի, թե ինչ աշխատանք ենք իրականացրել, դրանք ինչ արդյունք են տվել եւ այլն:
-Տարիներ առաջ, երբ պալատը ուսումնասիրություններ էր իրականացնում ինչ-որ մի գերատեսչությունում, ու դրանք աղմկահարույց էին լինում, այդ գերատեսչության ղեկավարները, կարելի է ասել, «թարսվում» էին պալատի ղեկավարության հետ: Դուք նման մտավախություն չունե՞ք, երբ ուսումնասիրություններ եք իրականացնում որեւէ մի տեղում, կաշկանդվա՞ծ եք ինչ-որ մի գերատեսչությունում ուսումնասիրություններ անելու հարցում:
-Ես կաշկանդվածություն ունեմ օրենքների պահանջները կատարելու առումով, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից, պահանջում է օրենքը, որ Հաշվեքննիչ պալատը չի տալիս որակում եւ չի կանխատեսում հետագայի հետ կապված ինչ-որ բաներ: Մենք տալիս ենք նյութը, որակումը կարող է հանրությունը տալ, դուք կարող եք տալ, կարող է այդ որակումը տալ Ազգային ժողովը: Եթե հիշում եք մեր նախորդ տարիների բացահայտումները, ապա օրենքում էլ կար, բայց այդքան խիստ չէր, ես գտնում եմ, որ դա ճիշտ է` Հաշվեքննիչ պալատը պետք է քաղաքականությամբ չզբաղվի, ինքը իրավիճակը պետք է բացահայտի, ներկայացնի, գնահատական, որակումներ, հետագայի մասին կանխատեսումներ էլ կարող է անել հանրությունը:
-Կարելի է ասել` նախորդի համեմատ այդքան էլ մեծ լիազորություն չի տրվել Հաշվեքննիչ պալատին, բայց դա կաշկանդող հանգամանք չի՞ պալատի գործունեության համար:
-Բացարձակ, ընդհակառակը, հաշվեքննություն իրականցնելու առումով մեր գործիքներն ավելի հարստացված են:
-Այսինքն` այն գործիքները, որոնք տրվել են Հաշվեքննիչ պալատին` իր գործունեությունն իրականացնելու համար, դրանք Ձեզ բավարարո՞ւմ են:
-Ամեն դեպքում միանշանակ է, որ գործիքները կան, եթե մի քիչ էլ ավելանա, ընդամենը որակը բարձրանա, լավ է, բայց այսօրվա դրությամբ, այսպես, թե այնպես, չենք դժգոհում այն գործիքներից, որն այսօր մենք ունենք:
-Բայց կարծես թե Հաշվեքննիչ պալատի «ձեռքից» վերցրել են շատ լիազորություններ, գործիքներ ու տրվել են Պետական վերահսկողական ծառայությանը` պալատին վերջին պլան մղելով: Դուք համամիտ չե՞ք, որ իսկապես շատ լիազորություններից զրկված եք: Բախում չկա՞ երկու կառույցների միջեւ:
-Գիտեք ինչ, մենք տարբեր կազմակերպություններ ենք, Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի ենթակայության տակ գործող մարմին է ու, բնականաբար, ինչքան շատ լիազորություններ ունենա, դա ողջունելի է, օգտակար է, դա կառավարության վերահսկողության մարմինն է: Հաշվեքննիչ պալատը արտաքին վերահսկողություն իրականացնող մարմին է, որը գործում է զուտ օրենքով ու ցանկացած գործունեություն կանոնակարգվում է օրենքի պահանջներին համապատասխան: Եթե ծառայության խնդիրը կառավարությանը, վարչապետին տեղում իրավիճակը ներկայացնելն է, մեր խնդիրը օրենքի շրջանակներում իրականացնել համապատասխան հաշվեքննություն եւ ներկայացնել հանրությանը, Աժ-ին:
-Իսկ ՊՎԾ պետի դեմ հարուցված քրեական գործը, որը կապվում է իր վարած քաղաքականության` ստուգումներ իրականացնելու հետ, Ձեզ չի՞ մտահոգում, որ դա կարող է կրկնվել Ձեր դեպքում, եթե ինչ-որ մեկի «սրտով» չլինեն Ձեր ստուգումները:
-Մենք որեւէ սահմանափակում չունենք մեր գործունեությունը իրականացնելու, մեր գործունեությունից պարզ կլինի, թե մենք ինչ աշխատանք ենք իրականացնում, ինչին են դրանք վերաբերում եւ այլն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ Է Ի ՓԱՌՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Երեկ Ազգային ժողովում էր գտնվում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, որը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։ Վերջինս Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է, եւ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նաեւ քննարկվել է բարեկամական խմբի անդամների առաջիկա այցը Վրաստան։

Ռուբեն Սադոյանի այցը Հայաստան եւ հանդիպումը ԱԺ փոխնախագահի հետ հետաքրքիր է հատկապես այն առումով, որ վերջինս այն քիչ դեսպաններից է, որոնք 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հետ չեն կանչվել։ Եվ սա այն դեպքում, երբ նա դիվանագիտությունից հեռու մարդ էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կարկառուն ՀՀԿ-ական։ Սակայն ոչ մեկ անգամ թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչները բարձրաձայնել են, հատկապես քաղաքական նկատառումներից ելնելով, նշանակված դեսպաններին հետ կանչելու անհրաժեշտությունը։
Այդպիսի քաղաքական նշանակումների եւ հենց Ռուբեն Սադոյանին 2019 թվականի հունվարի 16-ի իր ելույթում անդրադարձել էր նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա մասնավորապես հիշեց, որ երբ ՀՀ իշխանությունները փորձեցին Կովկասի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Մինասյանին Վրաստանում դեսպան նշանակել, աղմուկ բարձրացավ, քանի որ Վրաստանի իշխանությունները կարծում էին, որ նրա նշանակման նպատակն իրենց երկրում ՌԴ շահերն առաջ մղելն է։ «Դրանից հետո Վրաստանում Սերժ Սարգսյանի կողմից դեսպան նշանակվեց եւ մինչեւ օրս պաշտոնավարում է Գագիկ Բեգլարյանի վաղեմի ընկեր, շունբազ Ռուբեն Սադոյանը», -նշել էր նա։
Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դեսպանից հետաքրքրվել է այդ քննադատությունների եւ, առհասարակ, թավշյա հեղափոխությունից հետո իր գործունեության մասին։ «Ես հեղափոխությունից առաջ երկար ժամանակ չէ, որ աշխատում էի։ Ես աշխատում եմ 2017 թվականից եւ կարող եմ գնահատական տալ այդ ժամանակահատվածի համար։ Ունենք շատ ակտիվ հարաբերություններ երկու երկրների միջեւ», – նշեց նա։
Դիտարկմանը՝ Ձեր անձն այստեղ շատ է քննարկվել, եւ ասվում է, որ շատ դեսպաններ աշխատանքն օգտագործում են անձնական շահերի համար, նա նշեց. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք ունի կարծիք արտահայտելու։ Ես ծառայում եմ ի փառս Հայաստանի Հանրապետությանը»։ Հարցին՝ Ձեր պաշտոնը չե՞ք օգտագործում անձնական շահերի համար, նա նշեց. «Ես այնքան թափանցիկ եւ բաց եմ, Դուք այդ ամենը կարող եք հետեւել մամուլում, Վրաստանում։ Նման հարցն ինձ տալը ճիշտ չէ»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Երեկ առաջին օրն էր, եւ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ իշխանության ներսում հստակ հրահանգ է տրված` քննարկումներին պետք է ներկայանան միայն առաջին դեմքերը, այլ ոչ թե նրանց տեղակալները, ինչպես հաճախ եղել է նախկինում։ Եվ հենց այդ հրահանգն է պատճառը, որ ի սկզբանե նախատեսված գրաֆիկից շեղումներ են լինում։ Օրինակ` երեկ պետք է գումարվեր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է անդրադարձ լիներ պաշտպանական ոլորտի հատկացումներին։ Սակայն այդ նիստը հետաձգվել է, իսկ պատճառն էլ հենց այն է եղել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չէր կարող մասնակցել նիստին գործուղման մեկնելու պատճառով։ Եվ խորհրդարանականներն այդ ելքն են գտել. փոխել օրը, որ հենց նա մասնակցի նիստին: Առհասարակ, երեկ խորհրդարանում բյուջեի քննարկումները բավական հետաքրքիր էին, պատգամավորներն էլ՝ ակտիվ։ Սակայն հետաքրքիր է, որ առավոտյան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, նիստերի սրահում բոլոր աթոռները զբաղված էին, եւ «Իմ քայլը» խմբակցության մեծ թվով պատգամավորներ, ընդ որում հանձնաժողովի անդամ չհանդիսացող, եկել էին՝ լսելու վարչապետի ելույթը, իսկ նրա գնալուց հետո հեռացան:

 

 

 

 

 

ԴՈԼԱՐԸ ԴՈՒՐՍ ՉԵՆ ՀԱՆՈՒՄ
Արդեն մի քանի օր է`«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին` պատճառաբանելով, որ որոշ ժամանակով արգելված է Հայաստան դրամական փոխանցում անել: Պարզվում է` այս խնդիրն առկա է նաեւ Ղազախստանից դրամական փոխանցում իրականացնող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որեւէ խոչընդոտ չկա Ռուսաստանից կամ Ղազախստանից գումար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով` խնդիրը տեղի բանկային համակարգի հետ է առնչվում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն` ԱՄՆ դոլարի նկատմամբ ղազախական տենգեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների` այս ամենի պատճառն իրականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Չինաստանի դեմ հրահրած առեւտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆոնին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա:




Լրահոս