ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի հետաքրքիր շեշտադրումներ է արել հատկապես Արցախում դավադիր ուժերի մասին իր հայտարարության, ինչպես նաեւ ՀՅԴ-ի մասին։

Փաշինյանն անդրադարձավ նախօրեին տեղի ունեցածին, երբ ծեծի էր ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Վահան Հարությունյանը, իսկ բազմաթիվ ՀՅԴ-ականներ էլ հայտարարել էին, թե իրենք են ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձեւակերպումների համար։ Երեկ ՀՅԴ-ի մասով Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ազգային արժեքներից խոսում են այնպիսի ուժեր, որոնք ազգային արժեքների համար, իր խոսքով ասած, «…25-30 տարի երկիրը թալանել են ու այդ ընթացքում ոչ մի խոսք չեն ասել ազգային արժեքների մասին»։
«Էդ որ ասում էին, աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, բա էս: Իրանք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրանք թալանել են իրավական համակարգը, իրանք թալանել են պետական բյուջեն, իրանք թալանել են ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը: Լրագրողի հստակեցմանը՝ խոսքը Դաշնակցության մասի՞ն է, վարչապետը պատասխանեց, որ խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է, որ հանուն ազգային արժեքների՝ բռնություն է կիրառելու: Իսկ նրա հայտարարությունից արդեն իսկ ակնհայտ է, որ խոսքը հենց Դաշնակցության մասին է։
Սակայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որեւէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են, եւ շատ բան չունի մեկնաբանելու։ «Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք։ 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում։ Իսկ դրանք անհասցե հայտարարություններ են, եւ իր ասած խոսքերի հետ ՀՅԴ-ն չի կարող որեւէ կապ ունենալ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով ազգային արժեքների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, Սաղաթելյանն ընդգծեց, թե Դաշնակցությունն իսկապես ազգային արժեքներ պաշտպանող ուժ է, եւ շարունակելու են պաշտպանել՝ թույլ չտալով շեղվել այդ արժեքներից։
Մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ վերաբերում էր Արցախի իշխանությունների մասին դիտարկումներին։ Մասնավորապես խոսքը դավադիր ուժերին վերաբերող նրա հայտարարությանն է վերաբերում։ «Ես ՀՀ եւ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը: Եվ հետաքրքրվել եմ` իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից` ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում` ես այս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ: Այս մարդը դուրս է գալիս իր օգնականին ասում է` գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում, երբ որ ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը:
Ընդ որում, վարչապետի խոսքով, Արցախի ներկա ղեկավարներին ինքն է անձամբ փոխանցել բանակցային փաստաթղթերը: Մինչ այդ նրանք տեղյակ էլ չեն եղել, թե Հայաստանի նախագահն ինչ հարցերի շուրջ է բանակցում Ադրբեջանի պաշտոնակցի հետ:
«Երբ Հայաստանի ղեկին եղել է իր «պարի ընկերը», ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ բանակցային փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին»,- հավելեց Փաշինյանը:
Արցախի կողմից արձագանքը չուշացավ։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը տեղի լրատվամիջոցներով։ Նա մասնավորապես նշել է. «Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»։ Իսկ անդրադառնալով դավադիրների մասին դիտարկումներին` նա նշել էր. «Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կակասկածներ, անվստահություն կա այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը»։
Ընդ որում, վարչապետը նաեւ ընդգծել է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել է Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ Խոսքը հենց Արցախի պաշտոնյաներին վերաբերող հայտարարության մասին է, որը եւս բուռն էր ընդունվել եւ լայն քննարկման առարկա դարձել։ Նա մասնավորապես նշել էր. «Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ եւ մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ», – նշել էր նա եւ հավելել, որ այդ հայտարարություններով այլեւս պետք է զբաղվեն նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ռազմական հակահետախուզությունը, որովհետեւ ոմանք, որոշ մարդիկ շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Արդյունքում էլ վերջինիս պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը ձերբակալման որոշումը բողոքարկել է դատարանում: Բողոքը դատարան է մուտքագրվել եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին: Հատկանշական է, որ երեկվա դրությամբ դեռ Պետրոսյանին մեղադրանք չէր առաջադրվել. նա շարունակում էր մնալ կասկածյալի կարգավիճակում:
Մինչ այդ հիշեցնենք՝ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

 

 

 

 

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարությունը ոռոգման նպատակով Սեւանա լճից այս տարվա ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը մտադիր է սահմանել մինչեւ 170.0 մլն մ3: Դրանով նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 195,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 60,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 35,0 մլն մ3 ջրաքանակներով։ Պահանջարկի եւ վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 168 մլն մ3: Դեֆիցիտի մնացած շուրջ 50 մլն մ3-ը նախատեսվում է մեղմել Մխչյանի եւ Ռանչպար-Արեւշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ։ Բնապահպաններն այս կապակցությամբ լրջորեն մտահոգված են` ահազանգելով, որ նման չափերի ջրառը կհանգեցնի լճի ջրի մակարդակի նվազմանը: Մինչդեռ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով լճի մակարդակի իջեցումը չի թույլատրվում:

 

 

 

 

ՀՈՐ ԴԵՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 3-ին Երեւան քաղաքի դատարան է դիմել Ալեն Աֆրիկյանը՝ հայց ներկայացնելով ընդդեմ «Զիգզագ» ՍՊԸ-ի: Վերջինս դատարանից պահանջում է, որ ստիպի «Զիգզագ» ՍՊԸ-ին անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանն ու իրեն վերականգնել նախկին աշխատանքում` բռնագանձելով նաեւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը: Նկատենք, որ «Զիգզագ» ՍՊԸ-ի ղեկավարը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրն է` Արթուր Աղաջանյանը:

 

 

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանն ամեն ինչ անում է` Լեռնային Ղարաբաղում բազմամյա հակամարտությունը կարագավորելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով շփման գծում վերջին թեժացումը: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործը տանենք դեպի տարածաշրջանում բազմամյա եւ երկարատեւ ճգնաժամի կարգավորում»,-ասել է Զախարովան: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակվել է այցի արդյունքներով ընդունած միջնորդների համատեղ հայտարարության մեջ: «Տարածաշրջան միջնորդների այցի արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակվել է նրանց ամփոփիչ հայտարարության մեջ: Ես դրան հավելելու ոչինչ չունեմ»,-ասել է Զախարովան:

 

 

 

 

ԿՐԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Գեւորգ Լոռեցյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար: Նա նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով:

 

 

 

 

ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

 

 

ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին:




Լրահոս