ԾԱԳՈՒՄՈՎ ԼՈՌԵՑԻ, ԾՆՈՒՆԴՈՎ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ «ՊՐՈՖԵՍՈՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այս տարվա ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, վերակազմակերպված նախարարություններից մեկի ղեկավար է նշանակվել հեղափոխության մորուքավոր ներկայացուցիչներից մեկը: Խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է, որն ազատվելով Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից՝ նշանակվել է սուպերնախարարություն դարձած՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար:

Թավշյա հեղափոխության օրերին Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլարշավով Երեւան հասած ցուցարարների թվում էր: Հեղափոխականներին ուղեկցող շնից՝ Չալոյից բացի` կար եւս մի ատրիբուտ, որն անմահացել է շնորհիվ Հարությունյանի: Խոսքը Հարությունյանին դեպի իշխանություն տանող ճանապարհին ուղեկցած ձեռնափայտի մասին է: «Մոգական» հատկությամբ օժտված այդ փայտի մասին Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված բազմությանը, ապագա նախարարն ահա թե ինչ պատմեց. «Սկզբում դժվարանում էի քայլել, այն օգնում էր ինձ, հետո ասացին՝ Մովսեսի փայտն է, որ ջուրն է բացելու, ասացի՝ ոստիկանական պատերն է բացելու եւ բացեց, սա գնալու է հեղափոխության թանգարան»: Այդ օրն էր, որ Հարությունյանը հայտարարեց, թե ՀՀ-ում այսուհետ օլիգարխներ, դպրոցի դռներ փակողներ չեն լինելու, իսկ երբ արդեն ձեւավորվեց հետհեղափոխական կառավարությունը, հեղափոխության «Մովսեսը» ստանձնեց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով ՀՅԴ-ական, նույն պաշտոնում վերանշանակվելու գծով ռեկորդակիր Լեւոն Մկրտչյանին:
Հարությունյանը, ի դեպ, մի առիթով հայտարարել է, թե հենց կրթության ոլորտի ղեկավարի դերը ստանձնելն իր համար ինքնանպատակ չէր, պարզապես ոլորտն իրեն հոգեհարազատ է եւ կարող է անել առավելագույնը բարեփոխումների համար: Ստացվե՞լ է նրա մոտ, թե՞ ոչ, մինչ այս պահը հնչած գնահատականներն իրարամերժ են: Իսկ ետայսու` կառուցվածքային փոփոխություններից հետո, ակնհայտ է, որ մեծացել է նախարարի պարտականությունների ու պատասխանատվության շրջանակը, ու կրկնապատկվել, եթե չասենք՝ բազմապատկվել այս ոլորտներում կատարվելիք աշխատանքի ծավալը:
Ի դեպ, երբ նոր էր ստանձնել պաշտոնը, իր հարցազույցներից մեկում Հարությունյանն անկեղծացել էր, թե մի մեծ ու առայժմ դժվար հաղթահարելի իրողության է բախվել՝ նախկին կառավարման իներցիային: Նա ասել էր, թե նախարարությունում գրեթե բացակայում է նախաձեռնողականությունը, քանի որ նախկինում պետական պաշտոնյաներն առաջընթաց են ունեցել ոչ թե իրենց աշխատանքի, այլ կապերի շնորհիվ: Եւ երբ տարբեր ոլորտների պատասխանատուներին հարցնում է՝ ինչպես է պետք լուծել տվյալ խնդիրը, պատասխանում են՝ ինչպես կասեք, պարոն նախարար: Մինչդեռ, ըստ նրա, պետական պաշտոնյաները պետք է հասկանան, որ նախարարն ամեն ինչ չպետք է ասի, իսկ նախարարության ղեկավարության որոշումը պետք է հիմնված լինի աշխատակիցների առաջարկների, կարծիքների վրա:
Հարությունյանն, ի դեպ, աշխատանքային պրոցեսն սկսում է վաղ՝ 7-ին՝ հաղորդագրություններն ու էլփոստն ստուգելուց, եւ աշխատանքն ավարտում է բավական ուշ: Ասում են՝ «տրուդագոլիկ» է, աշխատանքային հարաբերություններում կարող է լինել խիստ ու կտրուկ, համառ է, մինչեւ վերջ գնացող, պահանջկոտ, նրան հեշտ չէ գոհացնելը:
Ո՞վ էր Հարությունյանը մինչեւ հեղափոխությունը
Նախարար Հարությունյանը մինչեւ կառավարություն ոտք դնելը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ էր: Քաղաքացիական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռեւս 1996-ից, երբ դեռ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր: Ինչպես ինքն է ասում՝ «…իմ առաջին պայքարը 1996 թվականին տեղի ունեցած ընտրակեղծիքների դեմ էր»: Մի օր ֆակուլտետի պաշտոնյաներից մեկը մտել է լսարան եւ այդ օրերին տեղի ունեցող հանրահավաքներին չմասնակցելու ցուցում տվել ուսանողներին: Քանի որ արգելված պտուղը միշտ քաղցր է լինում, Հարությունյանն սկսել է հետաքրքրվել հանրահավաքներով ու կամաց-կամաց մասնակցել ընդդիմության աշխատանքներին, ներգրավվել տարբեր նախաձեռնություններում եւ ՀԿ-ներում:
Արդեն 2008թ., երբ քաղաքականություն վերադառնալու հայտ էր ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ այդ օրերին ակտիվորեն ձեւավորվում էին տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, ժամանակին նրա դեմ պայքար մղած Հարությունյանը այդ շրջանում ձեւավորված «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրներից է, իսկ 2011թ.-ից՝ նույնանուն ՀԿ խորհրդի անդամ: Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ նա հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, ապա եղել «Բանակն իրականում» խմբի անդամ: 2007-2010թթ. ապագա նախարարը ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում, 2014-ից ներգրավվել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունում: 2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանին Հարությունյանը ճանաչել է 2008թ. շարժումից, ավելի սերտ սկսել է շփվել եւ համագործակցել 2012թ.-ից, իսկ 2013թ.-ին առաջարկ ստացել ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդում: 2015-2016թթ. Հարությունյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: /2016թ. վերընտրվել է ՔՊ վարչության անդամ/:
Մեր շարքի հերոսը նաեւ մեդիաոլորտում աշխատանքի փորձ ունի. 2010-2011թթ. եղել է 1in.am լրատվական կայքի միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ Նա ժամանակին նույնիսկ իր սպորտային կայքն ուներ, ընկերների հետ էր դրա աշխատանքները համակարգում, սակայն ֆինանսների բացակայության պատճառով այն զարգացնել չի հաջողվել:
Շարունակելի

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ

Հայաստանում սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը էժանացել են: Ըստ վիճակագրական կոմիտեի` գնանկումը կազմել է 1.5 տոկոս, ինչի վրա իր ազդեցությունն է թողել բանջարեղենի էժանացումը:

Էժանացում նկատվել է նաեւ մսամթերքի շուկայում. մայիսին, ապրիլի համեմատ, այն էժանացել է 0.5 տոկոսով: Բայց մասնագետները համոզված են, որ այն առաջիկայում կթանկանա, քանի որ մսամթերքն ավելի շատ վաճառվում է հանգստի շրջանում: Բայց մյուս կողմից, սակայն, պետք է նշենք, որ նախորդ տարվա մայիսի համեմատ մսամթերքը թանկացել է 2.4 տոկոսով: Ի դեպ, վերջին ամիսներին թռչնամսի շուկայում թանկացում էր արձանագրվել: Օրինակ` ապրիլին թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել էր շուրջ 300 դրամով: Սակայն, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում թռչնամսի գինը նվազել է 1 տոկոսով, բայց նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 13.6 տոկոս գնաճ: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում պաշտոնապես այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացում է արձանագրվել` 3.5 տոկոսի չափով: Բայց մեկ ամսվա ընթացքում` մայիսին, ապրիլի համեմատ, նշված ապրանքատեսակներն էժանացել են 0.1 տոկոսով:
Միայն ձուն այս մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 26.9 տոկոսով, փոխարենը ապրիլի համեմատ էժանացել է 0.1 տոկոսով: Համաձայնեք, որ 0.1 տոկոս գնանկումը չնչին է 26.9 տոկոս թանկացման դեպքում: Էժանացել է սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքը:
Մրգի շուկայում է թանկացում նկատվել ե՛ւ այս տարվա ապրիլի համեմատ, ե՛ւ նախորդ տարվա մայիսի: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ միրգը մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 3.2 տոկոսով, իսկ ապրիլի համեմատ` 1 տոկոսով: Մյուս կողմից նկատենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտն անմասն չեն մնացել թանկացումից: Այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի շուկաներում արձանագրվել է 4.5, իսկ ապրիլի համեմատ` 0.7 տոկոս գնաճ: Միայն տեղական ծխախոտը թանկացել է 0.8 տոկոսով, իսկ ալկոհոլային խմիչքը` 0.7 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազը թանկացել է 0.3 տոկոսով: Նույնչափ թանկացել է նաեւ ձուկը: Իսկ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները մայիսին, ապրիլի համեմատ, անփոփոխ են մնացել: Նկատենք, որ ապրիլին, մարտի համեմատ, ալյուրը թանկացել էր 1.3, իսկ հացը` 0.2 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մայիսի 30-ից ընթանում է Գարիկ Բաղդասարյանի եւ Գուրգեն Հովհաննիսյանի դատավարությունը: Գարիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. հուլիսի 16-ից աշխատելով «Դիլիջանի մարզահամալիր» համայնքային ոչ առեւտրային կենտրոնի տնօրեն, իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքը եւ գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով` ապօրինի յուրացրել է իրեն վստահված գույքը: Գուրգեն Հովհաննիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ. սեպտեմբերի 1-ից աշխատելով «Դիլիջանի մարզահամալիր» ՀՈԱԿ ուսմասվար-մարզիչ, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել մարզահամալիրի ուսումնական մասի նկատմամբ, 2017թ. օգոստոսից մարզահամալիրում որպես հանդբոլ մարզաձեւի մարզիչ աշխատանքի ընդունված Ալվարդ Գրիգորյանի կողմից փաստացի մարզումներ չկատարելու հանգամանքը քողարկելու նպատակով, մինչեւ 2019թ. փետրվարն Ալվարդ Գրիգորյանի անվամբ կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դասամատյաններ: Գ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով), 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը), 2 դրվագով, Գ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 325 հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 2 դրվագով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՋԱԿՑԵԼ
Հունիսի 4-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ այցելել է «Դիլիջան» եւ «Դիլիջան ֆրոլովա» հանքային ջրերի գործարաններ, քննարկվել են «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի արդյունքում «Դիլիջան» գործարանի արտադրանքի ընդլայնման հնարավորությունները: Ձեռնարկության աշխատակիցները մարզպետ Չոբանյանին հայտնել են, որ աշխատում են իրենց պոտենցիալի կեսից պակասի չափով, գործարանն ի զորու է նոր համագործակցությունների արդյունքում մի քանի անգամ ընդլայնել արտադրանքի ծավալները: Հ. Չոբանյանը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի շրջանակում գործարանի ողջ պոտենցիալի բացահայտման հնարավորություն ստեղծելու համար: Ըստ մարզպետի` «Դիլիջան» հանքային ջրի արտադրանքը կարտահանվի 30-40 երկիր: Մարզպետը կարող էր այդ գործարանի ղեկավարներին հարցնել, թե ինչո՞ւ գործարանի արտադրանքը Տավուշի մարզի մեծ մասում չի վաճառվում, Տավուշի բնակիչները հնարավորություն չունեն օգտվելու Դիլիջանի հանքային ջրից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս