Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը վթարի է ենթարկվել․ կա 18 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և ավագ տեսուչ Աշոտ Մարկոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս