Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նորաստեղծ նախարարության ղեկավար Էրիկ Գրիգորյանը Սեւանա լճում խեցգետնի պաշարների նվազման երեք պատճառ նշեց:
«Խեցգետնի պաշարների նվազման հետ կապված մի քանի գործոններ կան. տարիներ շարունակ ակադեմիայի (խոսքը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասին է-Ս.Հ.) կողմից առաջարկվել է շատ ավելի փոքր քանակով որսի թույլտվության քանակ, քան բնապահպանության նախարարության հրամանով է տրվել: Երկրորդ պատճառը չինական խեցգետնորսիչներն են, եւ երրորդը պատճառը` այնտեղ հիվանդության հետ կապված հարց կար: Բայց փաստ է, որ այս պահին խեցգետնի պաշարներն անհամեմատ նվազ են, քան եղել է մի քանի տարի առաջ»,- հայտարարեց նախարարը:
Պարզվում է` բնապահպանության նախկին նախարարները տարիներ շարունակ անտեսել են ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից սահմանված խեցգետնի որսի թույլտվության չափաքանակները` փոխարենը տալով խեցգետնի որսի թույլտվության ավելի շատ չափաքանակ: Եւ նախկին նախարարների «թեթեւ ձեռքով» գերորս է տեղի ունեցել, արդյունքում` Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն:
Բացի այս, պարզվում է` խեցգետնի պաշարների զգալի նվազման երրորդ պատճառը Սեւանա լճում կմաֆամ անունը կրող բակտերիաներն են, որոնց չափաքանակը բարձր է եղել, եւ դա հանգեցրել է խեցգետնի անկմանը: Իսկ ահա չինական խեցգետնորսիչների մասին «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես բարձրաձայնել է: Նշենք, որ 2014 թվականից հետո սկսեցին օգտագործել ոչ թե մեր ստանդարտ խեցգետնորսիչները, որոնք նախատեսում էին խայծը, այլ նոր` զսպանակաձեւ, չինական ցանցերը: Բանն այն է, որ դրանք մի քանի անգամ որսունակություն են բարձրացնում եւ որսում են բոլոր չափի առանձնյակներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչ եք ձեռնարկելու` արգելելո՞ւ եք այդ չինական ցանցերն օգտագործել, թե՞ ոչ, նախարարն արձագանքեց. «Ցանցավանդակների համար մենք համագործակցել ենք ՊԵԿ-ի հետ: ԵԱՏՄ կարգավորումներ կան, ըստ որի` 50 միլիմետրից ավելի պակաս ցանցի ծավալով որսը չի թույլատրվելու, այդ տեղեկատվությունը ՊԵԿ-ին փոխանցել ենք, ՊԵԿ-ը դա արգելել է: Սակայն մենք այսօր (երեկ-Ս.Հ.) հանդիպում ունենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ այս հարցը կքննարկենք, որ ոչ միայն մաքսային կետով արգելվի, այլեւ Հայաստանում առկա այն վաճառքի կետերը, որ կան, հարկային մարմինները նույնպես այնտեղ գործունեություն իրականացնեն»:
Բացի այս խնդրից` «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց` արդյո՞ք տեղյակ է եղել սիգի պահածոյի արտադրման եւ արտահանման մասին: «Մենք տեղյակ ենք եղել, քանի որ այդ տեղեկատվությունը մեր նախարարություն է եկել: Այն ուղարկել ենք պետական եկամուտների կոմիտե, որպեսզի մեզ տրամադրեն ծավալներ, եւ տրամադրվել է: Այստեղ հարցն այն է, որ կառույցները պետք է պարզեն դրա ծագումը, թե այդ պահածոն, որ փակվել է, սիգի ձեռքբերումը օրինակա՞ն է եղել, թե՞ անօրինական, շուկայից գնո՞ւմ է արվել, թե՞ ինչ: Դա գործընթաց է, որ ես կարծում եմ` ոչ միայն ՊԵԿ-ը եւ մենք, այլ նաեւ մյուս կառույցներն այդ գործընթացով զբաղվեն»,- ասաց նախարարը:
Ի դեպ, երեկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց նաեւ, որ Սեւանա լճում որսի համար թույլատրելի չափն այս տարվա համար սահմանվել է 150 տոննա: Ավելին` նախարարն անընդունելի է համարում, որ սիգն այսօր վաճառվում է 30-50 դրամով: «Մենք մտածում ենք արդյունագործական որսը թույլ տալ որոշակի սահմանափակումներով` առաջնությունը տալով մարզի բնակիչներին: Օրինական դաշտ մտնելու դեպքում կկարգավորվեն նաեւ ձկան գնի հետ կապված հարցերը: Անընդունելի է, երբ այդ բնական միջավայրում բնական կերով առկա կենսապաշարը վաճառվում է 30, 40 կամ 50 դրամով»,- նկատեց նախարարը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչպես եւ ում կողմից է վերահսկվելու սիգի որսը, նախարարը նշեց հետեւյալը. «Հսկողության աշխատանքներն իրականացվում են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից, վերահսկողական ֆունկցիաները իրականացնելու են ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմինները: Վերահսկողական ֆունկցիա բնապահպանության նախարարությունը եւ նախարարության ենթակա կառույցները չունեն»:
Թե ինչպես է նախարարը պատկերացնում սիգի որսի հսկողությունը, հայտնի չէ: Գուցե «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը սիգ որսացողի հետ նույն նավակում է լինելու որսի ժամանակ, կշռելու է որսած սիգը, դա էլ հայտնի չէ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Mix Fight 42-Ը՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Խառը մենամարտերի խոշոր մրցաշար` Mix Fight 42-ը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վարդան Մնացականյանն ասաց, որ Mix Fight 42-ին չեն մասնակցի K1-ի աշխարհի չեմպիոն Ռազմիկ Ղուլինյանը եւ խառը մենամարտերի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Խաչատարյանը, որոնք իրենց գոտիները նվաճել էին Mix Fight 40-ի ժամանակ: Ի դեպ, այս մրցաշարը նույնպես կայացել էր Երեւանում. «Ռազմիկ Ղուլինյանը եւ Դավիթ Խաչատրյանը չեն մասնակցի այս մրցաշարին, եւ դրա համար կա ընդամենը մեկ պատճառ` մարզիկները շատ են, եւ մենք ցանկանում ենք, որ բոլորն էլ կարողանան մասնակցել մրցաշարերին: Ռազմիկն ու Դավիթը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն արդեն մյուս մրցաշարին»,- ասել է Վարդան Մնացականյանը:
Պարոն Մնացականյանը նաեւ տեղեկացրեց, որ մրցաշարի ընթացքում լինելու են անակնկալներ, բայց այդ ամենի մասին դեռեւս չի ցանկանում բարձրաձայնել. «Անակնկալներից մեկն այն է, որ մրցաշարին մասնակցելու է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որ սկսել է մենամարտել MMA-ում: Նաեւ ունենալու ենք հյուրեր: Արդեն հաստատ այդ օրը Երեւանում կլինի արմատներով հայ մարզիկ Գագիկ Հարությունյանը (ավելի հայտնի է Գագո Դրագո), որ ներկայացնում է Հոլանդիան եւ վերջին անգամ Հայաստանում եղել է 21 տարի առաջ»:
Պարոն Մնացականյանը նաեւ ավելացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտը լինելու է Super Fight (գլխավոր մենամարտերից մեկը), եւ մրցակիցը լինելու է բրազիլացի Ուեսլի Ժեժուսը` «Միհրանն անչափ երջանիկ է եւ սպասում է, թե երբ է մենամարտելու սեփական երկրում, սեփական երկրպագուների առջեւ»:
Մրցաշարի կազմակերպիչը նաեւ խոսեց իր հետագա նպատակներից. «Իհարկե, այլ մրցաշարեր Հայաստանում նույնպես կկազմակերպեմ, բայց հիմա միայն կենտրոնացած եմ հուլիսի 6-ին կայանալիք Mix Fight 42-ի վրա»:
Մնացականյանն ավելացրեց, որ այս մրցաշարը շատ ավելի հետաքրքիր է լինելու, քան նախորդը. «Այս մրցաշարը գերազանցելու է նախորդին: Հաղորդավարի կողմից մեծ շոու է լինելու»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ՓԱԿ ԿԼԻՆԻ
Երեւանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի` դեպի կենտրոն իջնող հատվածում իրականացնելու է վթարային եւ վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: