«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանն է: Նա խոսել է Հայաստանում եւ սփյուռքում ազգային, ժողովրդական երգի պահպանման, հեղափոխությունների ժամանակ հայրենասիրական երգերի դերի եւ երիտասարդությանը դեպի փակուղի տանող երաժշտության պրոպագանդայի վնասների մասին:
-Պարո՛ն Իսպիրյան, որքանով տեղյակ եմ՝ սեպտեմբերին Մարզահամերգային համալիրում համերգ ունեք, կպատմե՞ք՝ ինչ առիթով: Առաջիկայում ո՞ր երկրներում եք շրջագայելու:
-Այո՛, համերգը նվիրված է իմ բեմական գործունեության 35-ամյակին: Սեպտեմբերի 15-ին է լինելու: Ինչ վերաբերում է շրջագայություններին, նոր ենք ես եւ Արաբո Իսպիրյանը վերադարձել Լիբանանից, առաջիկայում կլինենք Կանադայում, Ռուսաստանում, եվրոպական մի քանի երկրներում:
-Երեք ու կես տասնամյակ է՝ բեմում եք, ի՞նչ եք կարծում` ո՞ր տասնամյակում է հայկական ժողովրդական երգն ավելի մեծ տարածում ունեցել, ավելի մեծ, նշանակալից դեր ունեցել:
-Ազգային, հայրենասիրական երգը միշտ ունեցել է իր կայուն լսարանը Հայաստանում եւ սփյուռքում: Խորհրդային տարիներին երկաթե վարագույրի ետեւում էինք երգում, այն ժամանակ չէիր կարող ավանդական կուսակցությունների անուններ տալ, մինչեւ անգամ կային ֆիդայիներ, որոնց մասին երգերն արգելված էին՝ Դրո, Նժդեհ, Նիկոլ Դուման… Բայց կային ազդեցիկ անհատներ, որոնք կարողանում էին այդ արգելքը հաղթահարել: Նրանցից մեկն էլ Ստեփան Պողոսյանն էր՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահը: Նաեւ նրա շնորհիվ այդ տարիներին կարողացանք զարկ տալ ազգային, հայրենասիրական երգերին: Իսկ արդեն 1988-ի շարժման ժամանակ, անկախության տարիներին, բնական է, որ հայրենասիրական երգն աննախադեպ զարթոնք ունեցավ: Գիտե՞ք՝ որն է պարադոքսը. ազգային, հայրենասիրական երգերով լինում են հեղափոխություններ, իսկ հետո, չգիտես ինչու, այդ երգերը շպրտվում են, եւ սկսում են պրոպագանդվել ոչ հայկական երգերը:
-Թավշյա հեղափոխության ժամանակ ինչպե՞ս եղավ:
-Այս ժամանակ էլ հայրենասիրական երգերը պրոպագանդվեցին, բայց հետո ազգայինը մղվեց մի կողմ: Ես ակնկալում էի, որ հեղափոխությունից հետո ազգային երաժշտությունը ավելի շատ կպրոպագանդվի, բայց տեսնում եմ, որ ոչ: Փոխարենը շարունակվում է պրոպագանդվել այն երաժշտությունը, որը երիտասարդներին դեպի փակուղի է տանում, դեպի մշակութային անկում: Ի՞նչ տեղի ուենցավ վերջերս՝ մայիսի 28-ին, Սարդարապատում: «Ալա-Բալանիցա» երգողը Նժդեհի մասին երգ չպետք է կատարի, դա իրենը չէ (Նկատի ունի Արամ MP3-ին, որի կատարումն, ի դեպ, բուռն քննադատությունների արժանացավ-հեղ.): Ես չեմ վատաբանում այդ եւ մյուս երգիչներին, հարգում եմ նրանց իրենց ժանրի, իրենց տեսակի մեջ, բայց ուզում եմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի:
-Պարո՛ն Իսպիրյան, ըստ Ձեզ՝ ազգային, ժողովրդական երաժշտության պահպանման խնդիրն առավել արդիական է Հայաստանո՞ւմ, թե՞ սփյուռքում: Դրսում շատերն ավելի լավ են տիրապետում մեր ազգային երգերին, քան մենք՝ մեր հայրենիքում:
-Դա բնական է, քանի որ նրանք ամեն պահի կանգնած են ձուլվելու վտանգի առաջ: Բեյրութում մեր վերջին համերգի ժամանակ հինգ հազար հոգի կար, բոլորն էլ մեզ հետ հավասար երգում էին մեր երգերը: Հայաստանում մի քիչ ավելի հանգիստ ենք, երբ ուզում ենք՝ երգում ենք, երբ ուզում ենք՝ ոչ… Հայաստանն ավելի կարոտ է ազգային երգի:
-Բայց հանուն արդարության ասենք, որ այսօր մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք հրաշալի տիրապետում են թե՛ ազգային երգին, թե՛ պարին:
-Այո՛, որ րոպեին որոշեմ, որ, օրինակ, բացօթյա համերգ եմ ունենալու, վստահ եղեք՝ 100 հազար հոգի կգա: Իսկ եթե այն պրոպագանդան, որն անում են, ասենք, ռաբիս երգերի համար, կիսով չափ արվեր ազգային երգերի համար, 150 հազար հոգի էլ կհավաքենք: Այդ բանակը կա ու միշտ էլ եղել է: Փառք Աստծո:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՄԵՆԱԶՎԱՐՃԱԼԻՆ՝ ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍ
««Ֆուլ Հաուս»-ի մի քանի անդամների հեռուստադիտողներն առաջիկայում կտեսնեն հումորային նոր նախագծում, հուսով եմ՝ ես էլ կլինեմ նրանց շարքում: Հստակ ժամկետներ նշել դեռեւս չեմ կարող»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան եւ սցենարիստ Գարիկ Սեփխանյանը:
5 տարի շարունակ նա եւ Գրիգոր Դանիելյանը զբաղվում էին սիթքոմի սցենարով: 9 եթերաշրջանի ընթացքում գրվել է շուրջ 300 սերիայի սցենար: Դիտարկմանը, որ գուցե արդեն սպառվել էին, Գարիկը պատասխանեց. «Պարզապես ժամանակն էր փակելու այդ էջը: Հեռուստադիտողը սիրեց մեր սիթքոմը, եւ մենք այնպես արեցինք, որ երկարաձգելու հետեւանքով այդ տպավորությունը չփոխվի»: Ինչ վերաբերում է Ռուբոյի կերպարին, Գարիկը կարծում է, որ այն իրեն ավելի մեծ ճանաչում եւ սեր բերեց:
Մենք հարցրինք՝ այս 5 տարվա ընթացքում կադրից դուրս ի՞նչ զվարճալի դրվագներ են գրանցվել. «Դրանք, իսկապես, շատ են եղել, բայց ես կառանձնացնեի Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ դրվագը: Մեկ դուբլը նկարահանվել է երեք ժամում, ոչ մի կերպ լրջանալ չէր ստացվում: Պրոցեսն ինքը բավական զվարճալի էր: Մի դեպք էլ հիշեցի՝ արտերկրում համերգների հետ կապված: Երբ համերգով Գերմանիայում էինք, հանկարծ նկատեցինք, որ աղջիկներից մեկի կոշիկները երկուսն էլ ձախ են, բայց արդեն ժամանակ չկար այդ խնդիրը լուծելու համար, եւ նա ստիպված հենց այդպես էլ բարձրացավ բեմ»,-հիշեց Գարիկը:
Ի դեպ, սիթքոմին զուգահեռ կդադարեցվեն նաեւ ֆուլհաուսցիների համերգներն արտերկրում: Վերջինը կկայանա Մեքսիկայում, եւ դրանով համերգները կեզրափակվեն:
Այս հինգ տարվա ընթացքում ֆուլհաուսցիները հարազատների կողմից դժգոհության պակաս չեն ունեցել: Նրանք միշտ զբաղված են եղել եւ մտերիմերի համար ժամանակ պարզապես չեն ունեցել. «Սա ստեղծագործական պրոցես էր, եւ չէիր կարող ասել, թե տվյալ օրը որ ժամին տուն կվերադառնաս: Սովորաբար մինչեւ ուշ գիշեր սցենար էինք գրում: Հուսով եմ՝ հիմա արդեն կկարողանամ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս»,-եզրափակեց Գարիկը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիսի 5-ից իր գործունեությունը սկսեց Աշտարակի «Արագած» ֆուտբոլային ակումբը: Արդեն սկսվող մրցաշրջանից թիմը կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը: Ակումբի մասին այլ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի` մինչեւ 18 տարեկանների հավաքականը սկսել է պայքարը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարում: Մեր ընտրանու մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր: Խաղն ավարտվեց արգենտինացիների 2:0 հաշվով հաղթանակով:
Երկու գոլերն էլ մեր ֆուտբոլիստները բաց թողեցին երկրորդ խաղակեսում` 56-րդ եւ 60-րդ րոպեներին: Արթուր Ոսկանյանի սաների դարպասը գրավեցին Օրոսկոն եւ Դամյանը:
Հավելենք, որ Հայաստանի` մինչեւ 18 տարեկանների հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ ուժերը կչափի նաեւ Ռուսաստանի եւ Իրանի հավաքականների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Հայաստանի տարվա լավագույն ֆուտբելիստ» մրցանակին արժանացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Նա ստացել է 171 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
ԳՈՐԾԸ ՓԱԿՎԵԼ Է
«Bloomberg»-ը տեղեկացնում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դատական գործը փակվել է: Հիշեցնենք, որ պորտուգալացին մեղադրվում էր բռնաբարության մեջ: Լաս Վեգասի դատարանը մայիսին ծանուցում է ստացել գործի քննությունը դադարեցնելու վերաբերյալ: Հավելենք, որ այժմ հայտնի չէ, թե արդյո՞ք սա արվել է երկու կողմերի համաձայնությամբ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ