Լուսանկարն արվել է Տավուշի մարզում
Ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով: Նշենք, որ Վերին Ծաղկավան-Տավուշ ավտոճանապարհին դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ էր բռնկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Արտաշես Առաքելյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում: Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Մեքենան պատկանում է կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ՍՊԸ-ին եւ բարձված է եղել կաթնամթերքով:
Լուսանկարը` Shamshyan.com-ի
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար ի՞նչ է հարկավոր: Ինչի՞ հիման վրա է իրականացվում փորձաքննություն:
Հարություն Պետրոսյան (67 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը:
Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձեւ): (Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անձն ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության հաշմանդամության սահմանման, աշխատունակության կորստի տոկոսի սահմանման կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետների երկարաձգման նպատակով:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ առավելություններ կան կաթիլային ոռոգման համակարգում:
Սիրեկան Հակոբյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ջրերն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորությունը կաթիլային ոռոգման ամենադրական բնութագրերից մեկն է. ջրի խնայողությունը մակերեսային ոռոգման համակարգի համեմատությամբ կազմում է ավելի, քան 50%: Բացի այդ` ոռոգման կաթիլային եղանակը.
1) թույլ է տալիս ապահովել պարարտանյութերի մատուցումը ոռոգման ջրի հետ միասին բույսի աճի համար անհրաժեշտ տարբեր փուլերում, պարարտանյութերի ծախսը կրճատվում է 50%-ով,
2) ոռոգման տարածքի սահմանափակ խոնավացումը չի խանգարում գյուղատնտեսական մեքենաների աշխատանքին, ոռոգումից հետո հողի չորացմանը սպասելու անհրաժեշտություն չի առաջանում, բոլոր գյուղատնտեսական աշխատանքները կարելի է անցկացնել օպտիմալ ժամանակում,
3) բացառում է մակերեւութային հոսքը, այսինքն` կանխում է հողի ջրային էրոզիան, հետեւաբար այսպիսի ոռոգման համակարգը կարելի է օգտագործել անգամ զառիթափ լանջերում, անհարթ հատվածներում, ոչ կանոնավոր հողատարածքներում եւ այլն,
4) եւ քանի որ միջշարային տարածությունը մնում է չոր, հեշտանում է պայքարը մոլախոտերի դեմ, բացի այդ` հնարավորություն է ստեղծվում ոռոգման ցանցի միջոցով օգտագործել հերբիցիդներ առանց ավելորդ աշխատանքների,
5) վեգետացիոն զանգվածի եւ պտղի խոնավացում տեղի չի ունենում, ինչն ունի էական նշանակություն հիվանդությունների կանխման եւ բարձրորակ բերքի ստացման գործում եւ այլն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես երեւում է` պատասխանը մանրամասն ու հստակ ներկայացված է: