Վաղը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը «ԿԳԲ-ի պադվալ»-ից դուրս կգա. պաշտպանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը հայտնեց, որ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել՝ դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասով. «Վաղը լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, ուստի, այսպես թե այնպես, վաղը Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցը փոխվելու է, եւ նա հայտնվելու է ազատության մեջ: Վաղը 16:00-ի սահմաններում նրա խափանման միջոցի հարցը կլուծվի»:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է`ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:

Հուլիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը հայտնել էր, որ «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին: Համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Այսինքն` կայացված փորձաքննությունների համաձայն՝ ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:




Լրահոս