ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում խոսել է մի գաղտնի զեկույցի մասին, որը պատրաստվել է 2014 թվականին։ Փաշինյանի խոսքով, այդ զեկույցում նշվում է, որ հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:
«Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Երբ կարդում ես այս փաստաթուղթը, հետեւությունը սա է՝ հեղափոխությունից առաջ եւ որոշ իմաստով նաեւ հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է։ Անցած տարի մենք ունեցանք դեպք, որ մրցույթը հաղթել է ընկերությունը, կառուցել ճանապարհը, բայց պարզվել է, որ 6 ամիս անց այն քանդվելու է: Այս ամբողջը գալիս է հաստատելու իմ այն տեսակետը, որ Հայաստանում կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա եւ երբ հանում ես կոռուպցիան, տեսնում ես, որ տակը կառավարման համակարգ չկա: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ մինչեւ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ եւ այսպես շարունակ», – նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում