Փորձել են «Արմավիրի» բանտ խոշոր չափերով թմրամիջոց և դեղահաբեր տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 4-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, կանխել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.–ի կողմից խոշոր չափի թմրամիջոցի, հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և արգելված այլ իրերի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում Վ. Ա.-ի կայանած ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու համար նախատեսված արգելված մի շարք իրեր, այդ թվում՝ մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող 40գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 2 փաթեթ, «Lyrica 30mg» տեսակի հոգեմետ 50 դեղահաբ, 5 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 2 լիցքավորման սարք, 124.000 ՀՀ դրամ, գործարանային արտադրության 1լ տարողությամբ 1 շիշ կոնյակ, 1լ տարողությամբ 6 շիշ գարեջուր։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին, ազատազրկման ձևով պատիժը կրելու վայրում իրացնելու նպատակով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և առաքելու, ինչպես նաև խոշոր չափի թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց կողմից ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի բուժակ Վ. Ա.-ն ձերբակալվել է։




Լրահոս