
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։
Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես է գալիս ելույթով։
Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։