«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած կառավարությունը դեռեւս չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, եւ ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը (Արդարադատության նախարարությունը պատասխանին սպասում է դեկտեմբերին), պարզվում է` հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել:
Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, եւ այդ ծրագրում ներկայացված են առաջիկա անելիքները, եւ ամրագրված են դրա համար նախատեսված ժամկետները: Եվ, ահա, այդ նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, որպես միջոցառման իրականացման ժամկետ, նախանշված է 2019 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը:
Եվ այս պարագայում այն տեղեկություններն ու մեկնաբանությունները, թե կառավարությունը չի շտապում կոնվենցիայի վավերացման հարցում, ի չիք են դառնում, քանի որ փաստացի ժամկետ վաղուց է նախատեսված: Եվ սա ելնում է կառավարության ծրագրից, եւ դրանից բխող միջոցառում է համարվում կոնվենցիայի վավերացումը: Ավելին, ստացվում է, որ դրանցից որեւէ մեկի չիրականացումը սահմանված ժամկետում խախտում է այդ որոշման պահանջները:
Հետեւապես, անհրաժեշտ է կա՛մ ձեռնամուխ լինել նշված ժամկետում այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես որ սահմանված է որոշմամբ, կա՛մ երկարաձգել այն։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամեն դեպքում կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ դեռ պետք է պատասխան լինի նաեւ Սահմանադրական դատարանից: Եվ, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կոնվենցիայի վերաբերյալ տարակարծություն կա նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, եւ եթե սեպտեմբերին նախագիծը մտնի խորհրդարան, հավանականությունը մեծ է, որ այն կմերժվի: Եվ հենց դա եւ նաեւ հանրության տրամադրությունները հասկանալով` չի բացառվում, որ ժամկետները երկարաձգվեն:
Ավելի մանրամասն՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում: