«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը: Նա անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, խոստովանել, թե ինչի համար է ափսոսում, նշել, թե երբ է եղել իր կյանքի շրջադարձային փուլը:
-Էմմա՛, Ձեզ հիշում եք` սկսած ո՞ր տարիքից:
-Մանկապարտեզային տարիքից, երեւի 4 տարեկանից: Որոշ դրվագներ են տպավորվել: Հիշում եմ ինձ բակում, ծնողներիս հետ, ոչ Երեւանում, մանկապարտեզի հանդեսներին, դպրոցի մասին երազելիս:
-Մանկությո՞ւն, պատանեկությո՞ւն, թե՞ երիտասարդություն. ո՞րը կվերադարձնեիք:
-Ուսանողական տարիներս:
-Դժվարությամբ եք ներում մարդկանց, որոնք…
-Ժամանակին դժվարությամբ էի ներում, ավելի զգացմունքային էի, բայց հասունանալով` շատ բան փոխվեց, նոր, շատ ավելի կարեւոր բաներ գտա իմ մեջ, քան զգացմունքայնությունն է:
-Բնության մեջ Ձեր տեսած ամենաուշագրավ բանը ո՞րն է եղել:
-Բեյրութում տեսել եմ մի ֆանտաստիկ լեռ, որտեղ տարիների ընթացքում ջուրը կաթալով քայքայել է ներսը, լիճ է գոյացել, եւ ես նավով շրջել եմ այդ տարածքում: Այդտեղ բեկորները սառցի են նման, որոնք կարծես ինքը` բնությունն է քանդակել: Դա մի վայր է, որտեղ մարդու ձեռք չի կպել:
-Ի՞նչը կփրկի աշխարհը:
-Միանշանակ, սերը:
-Միշտ պատրաստ եք օգնել նրանց, ովքեր…
-Կանչում են, ձեռք են պարզում, ունեն իմ օգնության կարիքը, որվքեր սպասում են ինձ: Իհարկե, որոշ առումով սպասում եմ նաեւ երախտապարտ վերաբերմունքի` ժպիտի կամ շնորհակալության, ձեռքսեղմումի տեսքով: Դա նոր թեւեր է տալիս ինձ:
-Շատ եք զղջում կամ ափսոսում այն բանի համար, որ…
-Գուցե ինձնից էր, գուցե ոչ, ափսոսում եմ, որ Աստված ասաց` մի տղայով բավարարվեք: Պահեր կան, երբ մտածում եմ` այ եթե ես մի քիչ ուշադիր լինեի, այսինչ բանը այսպես չանեի, գուցե այլ կերպ ստացվեր ամեն բան: Այսինքն` ափսոսանքից զատ իմ վերաբերմունքի մեջ կան նաեւ զղջումի կաթիլներ:
-Սովորաբար Դո՞ւք եք հեռանում, թե՞ Ձեզանից:
-Ես եմ հեռանում: Ինտուիցիաս, հոտառությունս օգնում են ինձ եւ ասում են` գնա: Երբ ասում են` ներքին ձայնին լսի՛ր, դա ճիշտ է:
-Ձեր կյանքի շրջադարձային փուլը ե՞րբ էր:
-Երբ Կոնսերվատորիայում կոմպոզիտոր ուսանողների համար նախատեսված մրցույթին գնացի, ասացի, որ ունեմ երգեր եւ ուզում եմ ներկայացնել մրցույթին (ես հիմա զարմանում եմ իմ համարձակությունից, մտածում եմ` այդ ինչ պայթեց իմ մեջ, որ գնացի այդ քայլին), հետո դրանք ձայնագրելու առաջարկ ստացա, ապա մեկնեցի Փարիզ: Ընդ որում, բոլորովին պատրաստ չէի գնալ Փարիզ, մասնակցել Ազնավուրի ծննդյանը նվիրված նկարահանումներին: Այդ փուլը շրջադարձային էր նաեւ նրանով, որ իմ կյանքում հայտնվեց Արամը եւ ինքնաթիռի մեջ ասաց` արի ամուսնանանք:
-Երբ անհաջողություն է լինում, առաջինը մտածում եք…
-Հիմա անհաջողություններին նայում եմ որպես դաս, մտածում եմ` ինչու սա ինձ հետ պատահեց, ինչ է ուզում ասել կյանքը սրանով, ինչ չեմ արել, որ սա ինձ հետ տեղի ունեցավ: Ես բավական աշխատում եմ ինքս ինձ հետ:
Տարիներ առաջ պետք է մեկնեի Տաշքենդ եւ երբ հայտնվեցի օդանավակայում, ինքնաթիռն արդեն օդում էր, ինչը նշանակում էր` մի գնա, չի ստացվելու, բայց ես համառորեն համոզեցի ծնողներիս, որ պետք է մեկնեմ: Հետո, երբ չստացվեց այն, ինչի համար պետք է մեկնեի, հետ տվեցի ժամանակն ու հասկացա, որ կյանքում ստանում ենք նշաններ, որոնց հանդեպ գուցե պետք է ավելի ուշադիր լինենք:
-Կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եք ծնվել:
-Կշեռք եմ:
-Արտերկրից Ձեզ հետ անպայման բերում եք…
-Արամը սիրում է մեծ մոխրամաններ, ես` սափորներ, փայտե արձանիկներ, գրքեր, բաներ, որոնք կապված են տվյալ երկրի, ժամանակի հետ:
-Փախչում եք այն մարդկանցից, որոնք…
-Փախչելն իմը չէ, ես պարզապես հեռանում եմ:
-Ձեր աստղային ժամը ե՞րբ էր:
-2000 թվականը, երբ թողարկվեց «Սեւ ու սպիտակ» ձայնասկավառակը, բոլոր այն շրջանները, երբ մենք ինչ-որ բան ծնեցինք: Մեր մենահամերգները կարող եմ առանձնացնել, իմ հեղինակած «Սեւ դառը շոկոլադ» ստեղծագործության բեմադրությունը, որի շնորհիվ գտա նոր Էմմայի: Սրանք ոչ թե աստղային ժամեր են, այլ ինձ գտնելու ժամեր:
-Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում:
-Մարդը: Նրանից է ամեն բան ելնում, եւ դեպի նա են բոլորը վերադառնում:
-Դրամա՞, պատմակա՞ն, թե՞ դետեկտիվ ֆիլմ:
-Դետեկտիվն ինձ համար չէ, բայց դրամաներ եւ պատմական ֆիլմեր սիրում եմ:
-Տղամարդը կմեծարի կնոջը, երբ…
-Ինքն իրեն այդ կնոջ հետ ներդաշնակ կզգա, երբ կինն իրեն պարգեւում է հաղթանակ, ուժ:
-Կինը միշտ պետք է հիշի, որ…
-Որ մեղմ է, քնքուշ է, որ կին է…
Աննա Բաբաջանյան