Երեկ համահայկական խաղերի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Վերածննդի հրապարակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հռչակեց համահայկական հեղափոխություն:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որպեսզի հայ ազգը համախմբվի բոլոր վտանագների առաջ. «Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված բոլոր կետերը առաջարկներ են, և ես ուրախ կլինեմ, որ հանրության մեջ լայն քննարկում լինի, և բոլոր այն խնդիրները, որոնք վարչապետը բարձրացրել է, նաև կարողանա երկխոսության միջոցով գտնել ճիշտ կոնսենսուսները»:
Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ միասնությունն է գրավականը մեր անվտանգության, իսկ Հայաստանի առջև ամենակարևոր խնդիրն անվտանգությունն է:
«Պետք է գիտակցենք, որ դա ելույթ էր, որին պետք է հետևեն տարբեր գործողություններ: Շտապել պետք չէ. ուրախ եմ, որ Արցախում է այդ կոչը եղել: Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախում տեղի է ունենալու համահայկական օլիմպիական խաղերի արարողությունը: Ես ուրախ կլինեմ, որ մեր ներքին քաղաքական տարաձայնություններն այսօր դնենք մի կողմ, որովհետև թրերով չենք խնդիրները լուծելու, այլ խոսքով»,- ասաց նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս օրերին Ստեփանակերտը եռում է: Արցախցիների տարամադրությունը բարձր է և ջերմ:
Լիդա Եղիազարյան