Երեկ արդեն պաշտոնապես որոշում հրապարակվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Կարելի է ասել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս պայքարում հաղթեց ու հասավ իր նպատակին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսին գրել էր, որ Էդգար Խուրշուդյանին տեղեկացրել են, որինքնօգոստոսին ազատվելու է աշխատանքից, վերջինս էլ այդ պահին արձակուրդում էր գտնվում: Տեղեկացրել էինք, որ, դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած, տեսչական մարմնի ներսում քննարկվում էր նրան փոխարինող գտնելու հարցը: Ըստ այդ լուրերի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Խուրշուդյան-Թորոսյան «պատերազմը» սկսվել էր այն բանից հետո, երբ Խուրշուդյանը համարձակվել էր Թորոսյանի խորհրդականին տուգանել` ՀՀ քաղաքացու բողոքի հիման վրա:
Ըստ տեղեկությունների` խորհրդի նիստի ժամանակ, երբ էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել, քանի որ կար քաղաքացու ահազանգ, նախարարը բղավել էր` հայտարարելով` «պասլատ անեիր» այդ քաղաքացուն:
Դա ՀՀ առողջապահության նախարարն այդպես էլ չներեց Խուրշուդյանին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել Խուրշուդյանին աշխատանքից ազատելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` վարչապետն էլ իր հերթին նախարարից պահանջել էր փաստեր, որ Խուրշուդյանը չի համապատասխանում իր պաշտոնին, Թորոսյանն էլ լծվել էր փաստեր հավաքելով: Իսկ փաստեր շատ կան Խուրշուդյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վերաբերյալ, ինչի պատճառով էլ նախարարին հաջողվել է հասնել Խուրշուդյանի հեռացմանը:
Բայց այս ամենը չի ավարտվելու այսպես, որովհետեւ տեսչական մարմնում այժմ թեժ պայքար է ընթանում նոր պաշտոնին նշանակվելու հարցով: Տեսչության բոլոր տեղակալներն այս օրերին ամեն ինչ անում են ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար: Թե իրականում սա ինչ ավարտ է ունենալու, դժվար է ասելը:
ՍՈՆԱ Գրիգորյան