«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում իրավապահները սպանության գործով ձերբակալություն կիրականացնեն, եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով` անձի անունն այս պահին չենք հրապարակում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, թե իրավապահները ինչ վարկած են քննում:
Գրել էինք, որ այս տարի Նոր Նորքի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:
Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Հավելենք, որ հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնել էր, որ «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է` հավելելով, որ կա պատվեր, կա կատարող:
«Շուտով մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ առայժմ փակագծեր չի բացելու: