Դատախազը կալանավորվեց. ԱԱԾ քննիչները գլխավոր դատախազությունում խուզարկություն են իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազի աշխատասենյակում խուզարկություն է իրականացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` խուզարկությանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը:

Օրերս ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով` ավագ դատախազ Լ. Կ. -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցընտրելու միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ ավագ դատախազը ցանկացել էր ազատել դատապարտյալ Գուրգեն Գալստյանին, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի եւ Անուշավան Սահակյանի հետ, եւ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս, կոտրել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մ. Մաշտոց փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան եւ տանը քնած ամուսիններ Փորսոր Արջամի Նավոյանի եւ Մոսկով Սաբրիի Ռավոյանի ձեռքերնուոտքերը կապելով, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Այս ամենի հետեւանքով հափշտակել են խոշոր չափի` 908 հազար դրամին համարժեք 1600 եվրո, 10000 ՀՀ դրամ, մեկ հատ 25000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին այս բացահայտումից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ-ն` նույն ինքը Լեւոն Կարապետյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչություն ավագ դատախազ է եւ ՀՀ գլխավոր դատախազության բավականին հին կադրերից է, եւ, դատախազությունում տարածված լուրերի համաձայն, առաջիկայում թոշակի պետք է գնար:

Ըստ մեզ հասած լուրերի` Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված այս դեպքը Դատախազությունում լուրջ իրարանցում է առաջացրել: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ ԼեւոնԿարապետյանը որեւէ առնչություն չիունեցել եւ առհասարակ կապ չիունեցել Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հետ, որ, ենթադրենք, կարողանար դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթացին օգներ, ուստի դատախազության դատախազների համար բացահայտումը անսպասելի է եղել:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչեւ Լեւոն Կարապետյանին ձերբակալելը ԱԱԾ երկու քննիչ Լեւոն Կարապետյանի հետ միասին գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ ավագ դատախազ Լեւոն Կարապետյանի ներկայությամբ խուզարկել են վերջինիս աշխատասենյակը եւ այլ քննչական գործողություններիրականացրել:

Դատախազությունում չեն հասկացել, թե ովքեր են այդ երկու անձինք, որոնք ուղեկցում են Կարապետյանին: Ավելի ուշ, երբ ԱԱԾ-ն ձերբակալության հայտարարությունը տարածել է, դատախազության աշխատակիցները հասկացել են, թե ինչ է կատարվում, եւ ովքեր են եղել այն երկու անձինք, որոնք ուղեկցել են նրան:

Ստեղծված իրավիճակի մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Ձեր ակնկալած տեղեկություններն ուղղակի առնչվում են նախաքննությանը, իսկ քրեական գործի տվյալները այս պահին հրապարակման ենթակա չեն»:

Քնար Մանուկյան




Լրահոս