Վարորդը չի նկատել, որ երեխան մեքենայի տակ է. Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում: Առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանն իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին, որի հետևանքով երեխան տեղում մահացել է։

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է մահացած երեխայի ազգականներից Պարույր Վարդանյանի հետ, ով հայտնեց, որ ողբերգական վթարը տեղի է ունեցել տան բակում՝ անփութության պատճառով:

«Վթարը եղել է իրենց բակում, տունը ճանապարհի եզրին է: Մեծ երեխային մանկապարտեզ տանելիս են եղել, շրջվել են, որ նստեն մեքենան, փոքր երեխան դուրս է եկել մոր հետևից, աստիճաններից սայթքել ու մեքենայի տակ ընկել: Այդ պահին վարորդն արդեն մեքենան տեղաշարժել է ու չի նկատել, որ երեխան մեքենայի տակն է եղել»,- ասաց նա:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս