Ամենակաթվածահար վիճակը հիմա է երկրում, սա աննախադեպ վտանգավոր իրավիճակ է. Գևորգ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը անակնկալ հայտարարել էր, թե մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել: Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր քաղաքական ուժերի շրջանակում: Նախորդ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին կարող է խոսքը լինել: Նշվում է նաեւ, որ իշխանությունները մտահոգված են այն բանի համար, որ հնարավոր է այդ փաստաթուղթն առաջիկայում հրապարակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր լծվել են այդ փաստաթղթի հրապարակման գործին:

Ի դեպ, նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արդեն պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը` հասկանալու համար` իրականում ինչի հետեւանքով է 2014 թվականին նման իրավիճակում հայտնվել երկիրը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ` պարզելու համար` արդյոք ԲՀԿ-ին հայտնի է, թե ինչ գաղտնի զեկույցի մասին է խոսքը, ու արդյոք նաեւ դա է եղել պատճառը, որ ԲՀԿ-ն դուրս է եկել իշխանությունների կազմից:

-Պարո՛ն Պետրոսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել, որը տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եղել: Ի՞նչ տեղեկություն ունի ԲՀԿ-ն այդ հարցից, Ձեր կուսակցությունը նախորդ իշխանությունների հետ կոալիցիա էր կազմում, Դուք տեղյա՞կ էիք կաթվածահար իրավիճակի մասին:

-«Բարգավաճ Հայաստանը» երբեք ժողովրդի ու պետության հետ խաղ չի խաղացել, մեր` իշխանություն, այնուհետեւ ընդդիմություն դառնալը ինչ-որ մի բանի անհրաժեշտությունից ելնելով չի եղել: ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ղեկավարվում է բացառապես ժողովրդի ցանկությամբ: Եթե ժողովուրդը մեզ ցանկացել է տեսնել՝ որպես իշխանություն, մենք ուրեմն եղել ենք իշխանություն: Իսկ այդ ամենը եղել է ընտրական գործընթացի հիման վրա, օրինականությունների շրջանակներում:

Ու հայտարարել, թե ԲՀԿ-ն ինչ-որ բան է զգացել, ինչի համար էլ դուրս է եկել իշխանությունից, իրականում նման բան գոյություն չունի: Այդ ամենը իրականության հետ որեւէ կապ չունի: Մենք որեւէ տեղեկություն չենք ունեցել, ու այդ ամենը կապել մեզ հետ՝ իրականությանը չի համապատասխանում: Ես չգիտեմ, թե ինչ փաստաղթղթի մասին է խոսքը. եթե Նիկոլ Փաշինյանը խոսել է դրա մասին, ավելի ճիշտ կլինի, որ ինքն էլ ասի, թե ինչ գաղտնի զեկույցի մասին է խոսքը:

Մենք չենք ղեկավարվում այն սկզբունքով, որ եթե ինչ-որ վտանգ կա` պետության հետ կապված, իշխանությունից դուրս գանք, եթե շահեկան է, դառնանք ընդդիմություն:

-Այսինքն` Դուք տեղյակ չե՞ք, որ նախորդ իշխանությունները նման զեկույց ունեն պատրաստած:

-Եթե մենք իմանայինք, որ նման փաստաթուղթ կա, մենք անպայման դրա մասին կահազանգեինք` թքած ունենալով ցանկացած պետական պաշտոնի վրա: Մեզ համար ոչ թե գլխավորը պետական պաշտոն զբաղեցնելն է, այլ մեզ համար գլխավորը երկրի ազգային անվտանգության շահն է:

-2014 թվականին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագծին: Գուցե ԲՀԿ-ն տեղյա՞կ էր, որ կառավարական համակարգը կաթվածահար վիճակում է, ինչի համար էլ մերժել եք կառավարությանը:

-Բյուջեին դեմ քվեարկելը չպետք է ինչ-որ փաստաթղթի հետ կապել. մենք կողմ ենք քվեարկում նախագծերին, եթե տեսնում ենք, որ կառավարության ներկայացրած բյուջեն ի վիճակի է ապահովել ՀՀ-ի` Սահմանադրությամբ հռչակված սոցիալական, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն լինելու հնարավորությունը, մենք այդ ժամանակ ենք կողմ քվեարկում:

Եթե մենք տեսնում ենք, որ այդ բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն, չի կարող նպաստել տնտեսական հզորացմանը, բնականաբար մենք դեմ ենք քվեարկում: Բայց ոչ թե մեզ համար լրացուցիչ փաստաթուղթ է պետք, որ մենք կողմնորոշվենք, թե ինչ անենք, մեզ համար ամեն ինչ հստակ է, մենք առաջնորդվում ենք բացառապես երկրի անվտանգության, մեր պետականության շահերով: Թե ինչ փաստաթուղթ ունի Փաշինյանը, չգիտենք, մեզ նման փաստաթուղթ հայտնի չի: Ես անձամբ չգիտեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը:

-Դուք համամի՞տ եք, որ իսկապես 2014 թվականին պետությունը կաթվածահար վիճակում էր:

-Ամենակաթվածահար վիճակը հիմա է երկրում, երբ գլուխ են բարձացնում շատ վտանգավոր կատեգորիաներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը, մեր պետականությանը: Երբեք այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել, սա աննախադեպ իրավիճակ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս