Որ երկրներում է ճամփորդել երգչուհի Նարինե Դովլաթյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարինե Դովլաթյանը համագործակցում է ամերիկաբնակ հայ երաժիշտ, գործիքավորողի հետ: Երգը, որի երաժշտությունը գրել է ինքը, իսկ խոսքերը՝ Համլետ Առաքելյանը, սիրո, ինչպես Նարինեն է ասում, երկարաժամկետ զգացմունքների մասին է: Թե ով է այդ երաժիշտը, Նարինեն դեռ չցանկացավ ասել: Հնարավոր է՝ ստեղծագործության հիման վրա երգչուհին ներկայացնի նաեւ տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ նոր երգեր շատ ունի, եւ դրանք հերթով կհանձնի հանդիսատեսի դատին:

Քանի որ Նարինեն նկարահանվել է մի շարք սերիալներում եւ ֆիլմերում, հարցրինք, թե մոտ ապագայում նրան կտեսնենք արդյոք նմանատիպ նախագծերում. «Անպայման կտեսնեք ինձ ֆիլմերում, բայց սերիալներում՝ ոչ: Պարզապես ժամանակ չեմ ունենում ամբողջովին ընկղմվելու դրանց մեջ: Բայց գեղարվեստական ֆիլմերից եթե հարմար առաջարկ ստանամ, անպայման կընդունեմ: Ինքս նախընտրում եմ թեթեւ, աշխույժ, հումորային, սպորտային դերեր, բայց ինձ, չգիտես ինչու, մշտապես բաժին են ընկնում դրամատիկ կերպարներ:

Հիմա որպեսզի էլի դրամատիկ կերպար մարմնավորեմ, պետք է սցենարը շատ լավը լինի, հակառակ դեպքում չեմ համաձայնի»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք ամառային հանգստի թեմայով: Նարինեն տեղեկացրեց, որ սիրում է ակտիվ հանգիստ. «Առօրյայում էլ պասիվ չեմ. շաբաթը 3-4 օր ժամանակ եմ հատկացնում մարզվելուն»,- ասաց Նարինեն:

Նա հասցրել է ճամփորդել մի շարք երկրներում՝ Կանադայում, Ֆրանիայում, Լատվիայում: Ամենաշատը երգչուհուն տպավորել է Լատվիայի մայրաքաղաքը. «Ռիգան սիրեցի, որովհետեւ ե՛ւ գեղեցիկ քաղաք էր, ե՛ւ հանգիստ: Ի տարբերություն իմ տեսած մյուս քաղաքների՝ այնտեղ մարդկանց թիվը մեծ չէր»,- նկատեց Նարինեն:

Նա խոստովանեց, որ եթե Հայաստանում կարողանում է համատեղել աշխատանքն ու հանգիստը, ապա դրսում՝ ոչ: Ի դեպ, երգչուհին նշեց, որ վաղուց իր ծննդավայր Մալիշկա գյուղում չի եղել. «Մի քանի տարի է՝ չի ստացվում գնալ, բայց այս տարի անպայման ուզում եմ այցելել, քանի որ գյուղից մշտապես վերադառնում եմ դրական էմոցիաներով»,-եզրափակեց Նարինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս