ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում արդեն նախկին նախարարությունների մի շարք կադրեր կանգնել են փաստի առաջ: Մշակույթի, սպորտի եւ կրթության ու գիտության նախարարությունների միավորումից հետո վերակազմակերպման արդյունքում շատերին առաջարկվել է մի քանի անգամ ցածր կարգավիճակի պաշտոն:
Նախկին նախարարությունների աշխատակիցների մի մասը մերժել է առաջարկը, մյուս մասը, այլ տարբերակ չունենալով, ստիպված է եղել ընդունել այն:
Ընդ որում, թիրախում մեծ մասամբ հայտնվել են մշակույթի եւ սպորտի նախարարությունների նախկին աշխատակիցները: Արդեն նոր գերատեսչությունում բարձր պաշտոնների բաշխման հարցում նախապատվությունը տրվել է կրթության եւ գիտության նախարարության նախկին աշխատակիցներին: Նախկինում ՀՀ մշակույթի նախարարությունում իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Անուշ Ղազարյանը այն աշխատակիցների թվում է, որոնց առաջարկվել է անհամեմատ ցածր պաշտոն: Նա մերժել է առաջարկը:
,Ժողովուրդե օրաթերթը պարզել է՝ ինչու է վարչության նախկին պետը կտրուկ քայլի դիմել, ինչը նրան չի բավարարել եւ այլընտրանքային ինչ տարբերակ կարող էր կիրառվել, որպեսզի աշխատակիցները նման իրավիճակում չհայտնվեին:
-Տիկին Ղազարյան, Ձեզ ի՞նչ պաշտոն է առաջարկվել, եւ ինչու՞ որոշեցիք մերժել: Ի՞նչ հիմքով են նման գործողություններ իրականացվում:
-Ինձ առաջարկվել է առաջատար մասնագետի պաշտոն, որը բավական ցածր կարգավիճակ է՝ համեմատած իմ նախկին պաշտոնի հետ: Աշխատավարձն էլ կրկնակի ցածր է: ,Հանրային ծառայության մասինե օրենքով վերակազմակերպման արդյունքում նախկին աշխատակիցներին կա՛մ իրենց նախկին պաշտոնին հավասարազոր պաշտոն է առաջարկվում, կա՛մ՝ ավելի ցածր:
Այս պարագայում կոնկրետ ինձ նախարարությունը կարող էր գոնե վարչության պետի պաշտոնին մոտ մի բան առաջարկել, օրինակ՝ բաժնի պետի, վարչության պետի տեղակալի կամ գոնե գլխավոր մասնագետի պաշտոն:
-Ինչպես երեւում է՝ հիմնականում մշակույթի եւ սպորտի նախարարությունների նախկին աշխատակիցներն են կանգնել փաստի առաջ, այո՞: Ըստ Ձեզ՝ ինչու՞:
-Այո, միանշանակ, հենց նրանց մեծ մասամբ ցածր պաշտոններ են առաջարկվել: Նշանակություն չեն տվել՝ գործ ունեին լավ, թե վատ մասնագետի հետ: Իսկ կրթության եւ գիտության նախարարության նախկին աշխատակիցները վերակազմակերպումից հետո էլ հիմնականում պահպանել են իրենց պաշտոնները: Գիտեմ, որ այս պահին գերատեսչությունն իրավաբանների է փնտրում: Միայն մշակույթի ոլորտում 20-ից ավել դատական գործ կա. ո՞վ պետք է դրանցով զբաղվի՝ չգիտեմ: Խնդիրն այն է, որ այդ գործերը դեռ պետք է զրոյից ուսումնասիրվեն, իսկ ես ծանոթ էի դրանց բոլոր մանրամասներին:
-Ընդհանուր առմամբ տեղյա՞կ եք՝ ինչպես են տրամադրված մյուս աշխատակիցները, որոնք եւս Ձեզ նման կանգնել են խնդրի առջեւ:
-Ինքս նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկը ստացել եմ հուլիսի 11-ին, 3 օր ժամանակ ունեի մտածելու համար, եւ առարկություն ներկայացրի, հաջորդ օրը ազատվեցի աշխատանքից: Իմ տեղեկություններով՝ ստորաբաժանման ղեկավարներից 4 հոգի արդեն ազատվել է աշխատանքից: Իսկ, առհասարակ, աշխատակիցների մի մասն ընդունում է նոր առաջարկը, քանի որ այլ տարբերակ չունի:
Կա մասնագետ, որն, օրինակ, 25 տարի շարունակ աշխատել է նախարարությունում եւ նրա համար դժվար է ազատվել, կան նաեւ այնպիսիք, որոնց առաջարկվել է աշխատանք՝ նախորդ աշխատանքի համեմատ ընդամենը 5000-10000 դրամ ցածր աշխատավարձով, ուստի նրանք համաձայնել են մնալ: Իսկ այն կադրերը, որոնց պաշտոնն ու աշխատավարձը զգալիորեն իջել է, եւ նրանք մեծապես կախված չեն եղել գործատուից, պարզապես հեռացել են:
Աննա Բաբաջանյան