«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Բանն այն է, որ Դեբեդ գետի մոտակա տարածքից ընկերությունը տարիներ շարունակ խճաքար, ավազ է արդյունահանել եւ իրացրել:
Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել, բայց փոխարենը շարունակում է հարկեր վճարել եւ նաեւ ավազի հանքավայրի համար նախատեսված պետական վարձավճարը տալ: Ավելին, վերջերս կառավարությանն առընթեր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Պտղավանի հանքավայրի ստուգում են իրականացրել՝ պարզելու, թե որքանով է այդ հանքավայրը խախտում բնապահպանական օրենսդրության պահանջները:
Եվ ուշագրավն այն է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներն աշխատակիցներին ստուգման ժամանակ հնարավորություն չեն տվել լինել հանքավայրում եւ տեղում ուսումնասիրություններ կատարել: Բայց տեսչությունը խոստացել է ստուգումների արդյունքում գտած խախտումների մասին արձանագրություն կազմել: Հետաքրքիր է՝ ինչպես կկազմեն առանց ստուգելու»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում