Միգուցե կասվի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել փաստաթուղթը. Սուքիաս Ավետիսյանը` վարչապետի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադառնում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն սենսացիոն հայտարարությանը, որ մոտավորապես 2014 թվականին գաղտնի զեկույց է պատրաստվել, որից ակնհայտ է դառնում, թե պետությունը ինչ կաթվածահար վիճակում է գտնվել:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում այդ փաստաթղթի մասին հայտարարել էր. «Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետեւություններ չանել, վերցնել ինձ հետ նաեւ արձակուրդի ընթացքում կարդալու… Երբ որ այս փատաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետեւյալն է` հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ` այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է այդ հայտարարությունից հետո, որոշներն էլ փորձում են ներկայիս իշխանություններին մեղադրել իրականությունից կտրվելու մեջ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ` պարզելու համար` արդյոք ՀՀԿ-ականները տեղյակ են, թե ինչ գաղտնի զեկույցի մասին է խոսքը:

-Պարո՛ն Ավետիսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ձեր իշխանությունների ժամանակահատվածում կազմված փաստաթղթի մասին: Դուք տեղյա՞կ եք, որ իրականում նման փաստաթուղթ գոյություն ունի: Ի վերջո, ինչի՞ մասին է այդ զեկույցը:

-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Ես արդեն երեք օր է` հետեւում եմ, որ որեւիցե մի տեղ ասվի, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ու իսկապես անհասկանալի է, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը գնում: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է այդքան երկար տարիներ պետությունը գոյություն ունենար, պետական իշխանություն, պետական ինստիտուտներ, հանկարծ այսօր ասվի, որ մենք ինստիտուցիոնալ առումով պետություն չենք ունեցել: Ինձ համար իսկապես անհասկանալի է:

-Ըստ Նիկոլ Փաշինյանի` երկիրը կաթվածահար վիճակում է գտնվել…

-Ես իսկապես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ ես չեմ կարդացել այդ փաստաթուղթը ու չգիտեմ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Եթե որեւիցե մեկը տեղյակ է, թե ինչ փաստաթղթի մասին է, ով է կազմել զեկույցը, թող հրապարակեն, մենք էլ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը:

-Որպես նախորդ իշխանությունների ներկայացուցիչ` տեղյակ չե՞ք եղել, որ նման զեկույց կա պատրաստված, կամ մասնակցե՞լ եք արդյոք այդ փաստաթղթի կազմմանը:

-Ես` որպես նախորդ իշխանության ներկայացուցիչ եւ պատգամավոր, առաջին անգամ եմ իմանում նմանատիպ փաստաթղթի մասին: Միգուցե հույժ գաղտնի փաստաթուղթ է եղել, որ ընդամենը շատ քիչ թվով մարդիկ են իմացել, բայց ինչ-որ մեկը կարող էր չէ՞ իմանալ դրա մասին, եթե ինչ-որ մեկի օրոք է այն կազմվել կամ ինչ-որ մարդկանց ձեռքով է կազմվել, կարող է՞ չէ այդ մարդկանցից որեւէ մեկը ասել, որ, այո, նման փաստաթուղթ եղել է, մենք ենք կազմել, ու խոսքն էլ վերաբերում է սրան կամ նրան:

-Իսկ կուսակցությունում չե՞ք քննարկել այս հարցը, թե մարդկանց ինչ շրջանակի միջոցով կարող էր նման գաղտնի զեկույց կազմվել:

-Ոչ, նման հարց չենք քննարկել:

-Գուցե Սերժ Սարգսյանն անձամբ տեղյա՞կ է այդ փաստաթղթից. չե՞ք փորձել իրենից ճշտել:

-Չէ, իրենից պետք է հարցնեք այդ ամենը, ես տեղյակ չեմ նման փաստաթղթի մասին: Ես ուղղակի կարծում եմ, որ կաթվածահար երկիր, պետություն չեմ տեսնում ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ երբեւիցե: Պետական ինստիտուտները նորմալ, կայացած ինստիտուտներ են, նորմալ աշխատել են, ուրիշ բան. որ եղել են ինչ-որ թերություններ: Իսկ թերությունները բոլոր ժամանակներում էլ որոշակի տեղեր եղել են, բայց դա չի նշանակում, որ կաթվածահար վիճակում է երկիրը: Շատ կարեւոր է, ու կարծում եմ, որ բոլորի համար է շատ կարեւոր, որ հասկացվի, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ովքեր են կազմել, ու ինչ հիմնավորումներով է եղել այդ ամենը:

-Ըստ Ձեզ` եթե նման փաստաթուղթ գոյություն չունենար, ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես կգա՞ր: Չե՞ք կարծում, որ չիմանալը դեռ չի նշանակում, որ այդպիսի բան չի եղել:

-Ես, չեմ կարող նման բան ասել. եթե նման հայտարարություն եղել է, միգուցե կասվի նաեւ, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել փաստաթուղթը: Համենայնդեպս, փաստաթղթի տակ պետք է լինի ստորագրություն, չէ՞: Եթե նման բան կա, այդ ամենից պարզ կլինի, թե ովքեր են կազմել: Ուղղակի անհասկանալի է` եթե նման զեկույց կա, ինչպե՞ս այն ժամանակ չի եղել քննարկում: Ես, համենադեպս, առաջին անգամն եմ լսում նման փաստաթղթի մասին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս