Երեկ ողջ օրվա ընթացքում ակտիվ քննարկվում էր Բրիտանական BBC-ի հրապարակումը` 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Լրատվամիջոցը հրապարակել է տվյալներ, թե ովքեր են սպանել 2008-ի մարտի 1-ի ցուցարարներին:
Ըստ այդ հրապարակման` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի ժամանակ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ): Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում, որպես առանցքային դերակատարներ, հանդես են գալիս երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ խոսել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի` Օգանովսկի Սամվելի հետ, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ ինքն այդ փաստաթղթին չի ծանոթացել, եւ իրականում նման բան չի էլ եղել: «Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է~: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ` Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը` հորդորելով նման տեղեկությանը չհավատալ. «Մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել եւ օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին եւ լեգենդար հրամանատարներին»:
Տարակուսելի է այն հանգամանքը, թե ինչու է նման տեղեկություն տարածվում այն դեպքում, երբ «Մարտի 1»-ի գործով Ս. Կարապետյանը հարցաքննվել է, բայց նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել` ի տարբերություն ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Սրանք հարցեր են, որոնք դեռ անպատասխան են մնում:
Սոնա Գրիգորյան