Իշխանությունները կաշխատեն ծանրաբեռնված. ինչ հրատապ նախագծեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 19-ի կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Հենց այդ ցանկում են ամրագրված այն նախագծերն ու ծրագրերը, որոնք պետք է կառավարությունն ընդունի այդ չորս տարիների ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ մինչ այս տարվա սեպտեմբերի 2-րդ տասնօրյակն է ժամկետ նշված աղմկահարույց ԵԽ-ի «Կանանց նկատմանբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման մասին հարցը, որն ավելի շատ հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ:

Եվ հետաքրքիր է, որ կոնվենցիայի բացատրության մեջ կառավարության կողմից ընդունված փաստաթղթում նշված է, որ կոնվենցիան կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության խթանման միջազգային գործիքակազմում մարդու իրավունքների պաշտպանության փաստաթղթերից մեկն է, որով կարեւոր չափորոշիչներ են ամրագրվում կանանց դեմ բռնության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց միջոցառումների ցանկը, եւ հետաքրքիր նախագծեր են առկա, որոնք պետք է մոտ ժամանակներս ընդունվեն եւ իրականացվեն: Օրինակ 2019-2020 թվականներին նախատեսվում է վավերացնել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի չարաշահումներից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Ծրագրերից տեղեկացանք, որ դա նախատեսված է մարդկանց թրաֆիկինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի եւ միջոցառումների ժամանակացույցի նախագծում, որն էլ մինչեւ այս տարվա վերջ ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ընդ որում, կառավարությունը նաեւ տեղեկատվություն է ներկայացրել, ըստ որի` 2015-2017 թվականներին սեռական բռնության զոհ են դարձել շուրջ 500 անձ, որոնց մոտ 70 տոկոսը կազմում են 12-17 տարեկան անչափահասներ, իսկ դրանց գրեթե 90 տոկոսն աղջիկներ են:

Ուսումնասիրության ընթացքում նկատեցինք, որ նախագծերի մեծ մասը միտված է երեխաների այս կամ իրավունքները պաշտպանելուն: Եվ հետաքրքիր է, որ ծխախոտի օգտագործման եւ ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ հանրային արշավի իրականացման համար միայն 2019 թվականի համար նախատեսված է 29 մլն դրամից ավելի գումար: Խոսքը գնում է հեռուստատեսային հաղորդումներով, ռադիոյով կամ գովազդի եւ այլ նման միջոցներով այդ ամենի մասին տեղեկացնելը: Եվ այդ ամենը պետք է կատարվի 2019-ից մինչեւ 2023 թվականները պարբերաբար:

Իսկ, ահա, այս տարվա նոյեմբերի սկզբին նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում: Խոսքը հիմնականում գնում է վարչական դատավարության բարեփոխման եւ օրինակ էլեկտրոնային ծանուցման համակարգի ներդման մասին: Ամենամոտ աշխատանքների ժամկետը նախատեսված է այս տարվա օգոստոսի վերջին, եւ դրանք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավական եւ դատական բարեփոխումների մշակմանը, որոնց շուրջ մեծ թվով գերատեսչություններ են աշխատում:

Սա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ միասնական մարմին ստեղծելու մասին է, որը պետք է փոխարինի ՀՔԾ-ին, եւ այդ մասով նաեւ բազմաթիվ հանրային քննարկումներ են եղել: Եվ քանի որ վերջնաժամկետն ամեն դեպքում օգոստոսի վերջն է, ապա առաջիկայում նախագիծը վերջնական տեսքի կբերվի, կուղարկվի կառավարություն, այնուհետեւ նաեւ խորհրդարան:

Օգոստոսի վերջին պետք է կառավարություն ներկայացվի նաեւ դատական համակարգի բարեփոխումներին ուղղված նախագիծ 2019-2023 թվականների համար: Եվ այդ նախագծում պետք է հստակ սահմանվեն գործողությունների հերթականություն եւ այն ծրագրերը, որոնք կբերեն ոլորտում փոփոխության: Բացի այդ, այս տարվա վերջին եւ նախորդ տարվա սկզբին փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Ոստիկանության մասին» օրենքում, եւ այդ փոփոխությամբ նոր լիազորություններ են սահմանվելու:

Օրինակ` նախատեսված է ստեղծել պարեկային ոստիկանության՝ շարժական շուրջօրյա պարեկային միասնական ստորաբաժանում եւ այդ նպատակով նախատեսված է ծախսել 23 մլն դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս