Երեւանի քաղաքապետարանն այս տարի` սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի: Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով:
Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է այս տարի տանեն դպրոց` առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարները այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց: Այսինքն` շատերին նվեր պայուսակը չի հասել: Ծնողների պատմելով` քաղաքապետարանը այս տարի զգուշացել է եւ որոշել է պայուսակ չնվիրել:
Արդյոք Երեւանի քաղաքապետարանը պայուսակների նվիրման գործընթացի հետ կապված բացահայտումներ արե՞լ է կամ այս խնդրով դիմե՞լ է իրավապահ մարմիններին, թե՞ ոչ: Այս հարցին ի պատասխան` քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն ասաց.
«Առաջին անգամ եմ լսում դրա մասին, որովհետեւ մշտապես տարեվերջյան միջոցառումների ժամանակ բաժանվել են այդ պայուսակները: Չեմ կարծում, որ որեւէ մեկը այդ պայուսակը չտար երեխաներին: Ես ինչքան աշխատում եմ այստեղ, չեմ հիշում երեխաներին պայուսակ չտալու վերաբերյալ որեւէ մի բողոք»:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով` կոնկրետ առաջին դասարան հաճախող երեխաների աջակցության նախկին պրակտիկայի հետ կապված հայտնի են շատ դեպքեր եղել, երբ ծնողները այդ նվերները չեն ընդունել կամ չեն գործածել տրված իրերը: «Ստացվում էր, որ քաղաքապետարանն անարդյունավետ ծախս է անում: Ամեն դեպքում, սոցիալապես խոցելի ընտանիքները տարբեր ֆորմատներով օգտվում են քաղաքապետարանի աջակցությունից»,- ընդգծեց Հակոբ Կարապետյանը:
Հանրակրթության վարչության պետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց, որ այս տարի հանվել է պայուսակներ ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսավորումը, դրա համար էլ ավագ խմբերի երեխաները պայուսակ չեն ստանալու: «Իրարամերժ էին դժգոհությունները, շատերին նվիրում էին, բայց ծնողը ինքը նախընտրում էր իր ճաշակով գնել պայուսակ, մյուսին գույնը գրավիչ չէր, մեկ այլ ծնողի համար ձեւն ու չափը հարմար չէին:
Միշտ չէր, որ ծնողների սրտով էր, բնականաբար, բոլորին գոհացնել հնարավոր չէ: Այդ խնդիրները հաշվի առնելով` այս տարվա բյուջեով դրա համար ծախս չի նախատեսվել: Ոչ թե դժգոհություն` լավն է, թե վատը, այլ ծնողը նախընտրում էր իր ճաշակով գնել այդ պայուսակը: Անգամ նվեր ստանալուց հետո, միեւնույնն է, ինքը նախընտրում էր իր երեխայի համար այն գնել: Ամեն մեկի համար դա շատ տարբերակված էր»,- ավելացրեց Ստեփանյանը:
Թե որքան գումար է ծախսվել նախորդ տարիներին դպրոցական պայուսակների ձեռքբերման համար, Աննա Ստեփանյանը դժվարացավ նշել: Բայց հիշենք` անցած տարի, երբ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, նվիրվեց 10 հազար հատ դպրոցական պայուսակ` համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով:
Պարզվում է` քաղաքային իշխանությունը դպրոցական պայուսակ առաջին դասարանցուն նվիրելու փոխարեն որոշել է ավագ խմբերի երեխաների ծնողներին այլ միջոցներով աջակցել: Օրինակ, ավարտական խմբերի երեխաները այս տարվանից կարող են հաճախել մանկապարտեզ նաեւ հուլիս եւ օգոստոս ամիսներին` ի տարբերություն նախորդ տարիների, երբ ավարտական հանդեսից հետո խումբը փակվում էր, եւ ծնողները բարդություն էին ունենում ամռան ամիսներին:
«Նախկինում երեխաները հուլիս, օգոստոս ամիսներին մնում էին տանը, հիմա մենք ֆինանսավորում ենք կատարել, ինչից հետո նրանք եւ հուլիս եւ օգոստոս ամիսներին հաճախում են մանկապարտեզ, բնականաբար, ծնողի ցանկությամբ: Այսինքն` մինչեւ օգոստոսի 30-ը երեխաները կհաճախեն եւ մանկապարտեզից միանգամից կմտնեն դպրոց: Անգամ հունիս ամսին մեզ շատ էին զանգահարում ծնողները, որոնք չէին կարողանում աշխատանքի պատճառով երեխաներին մենակ թողնել տանը, եւ իրենց համար հաճելի էր, որ իրենց երեխան մանկապարտեզ գնար: Այդ ծախսերը մեկը մյուսով կոմպեսացվեց»,- բացատրեց Աննա Ստեփանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` պայուսակների տրման գործընթացը երբեւէ որեւէ մեկի կողմից վերահսկվել է, թե ոչ, Աննա Ստեփանյանն ասաց. «Այո, հիմնականում վերահսկվել է, որովհետեւ բաժանվել է վարչության կողմից, եւ վերահսկել է թաղապետարանը: Այսինքն` քանի երեխա ունեցել է վարչական շրջանը, այդքան պայուսակ հատկացվել է քաղաքապետարանի կողմից: Բնականաբար, քաղաքապետարանի կողմից վերահսկողություն եղել է: Այսինքն` դժգոհություն մենք չենք ունեցել, որ իր երեխային պայուսակ չի տրվել: Անգամ նախակրթարաններին, որոնք գործել են դպրոցներում, նրանց էլ է տրվել այդ պայուսակը»:
Սյունէ Համբարձումյան