«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն չորս օր է` Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Հիշեցնենք, ՀՀ վարչապետի օգոստոսի 5-ի հրամանով Էդգար Խուրշուդյանն ազատվեց պաշտոնից: Այս ընթացքում տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուի մի քանի անուններ են շրջանառվում: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` տեսչական մարմնի ներսում քննարկվում է ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի անունը: Նա էլ ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար:
Բացի այս, տեսչական մարմնի ներսում շրջանառվում է նաեւ Դավիթ Մելիք-Նուբարյանի անունը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնը: Բացի այս, շրջանառվում են նաեւ Վիկտոր Ֆանարջյանի եւ Արայիկ Եղոյանի անունները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում