Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով ընթանում են: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է բազմիցս եւ վաղուց, սակայն նախապատրաստական աշխատանքների սկիզբը դրվեց միայն կառավարության նախորդ շաբաթվա նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով պետք է ստեղծվի աշխատանքային խումբ:
Նույն որոշմամբ վարչապետը հաստատել է դրա կազմը: Եվ նշենք, որ աշխատանքային խմբի ղեկավարը յուրաքանչյուր շաբաթ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ: Մենք տեղեկացանք, որ աշխատանքային խմբի ղեկավարը Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն է, եւ կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ՊԵԿ-ից, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, ինչպես նաեւ մասնագետներ հենց Շիրակի մարզից: