Երեկ հայրենի կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով հաստատվեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը եւ այդ դիմումի քննարկման կարգը:
Նախագծով սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
Ըստ նախագծի` լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած, վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին: Որպես աջակցության ձեւ` սահմանվում է դրամական օգնությունը` հետեւյալ չափերով` ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին`30.000.000 ՀՀ դրամ, առողջության ծանր վնաս կրած անձին` 15.000.000 ՀՀ դրամ, առողջության միջին ծանրության վնաս կրած անձին` 5.000.000 ՀՀ դրամ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ, վերջինս ասաց. «Ես խնդրել եմ կառավարությանը, որ գումարային մասով հանկարծ մեզ հետ չխոսեն, մենք ունենք փաստաբան, իր հետ խոսեք այդ գումարայինի մասին: Մենք չենք եկել գումարի մասին բազառ անելու, մեզ հետաքրքրում է սպանությունների բացահայտումը, իսկ եթե ցանկանում եք աջակցություն, դա Ձեր իրավունքն է, ինչ կա, մեր փաստաբանների հետ բանակցեք»:
Սարգիս Քլոյանը նաեւ հավելեց. «11 տարվա մեջ մենք որեւէ փոխհատուցում չենք ստացել, սա այլ բան է, բայց սխալ կլինի, որ մենք ասենք` շնորհակալ ենք. մեզ սպանությունն է հարկավոր, որպեսզի բացահայտեն: Իսկ մեր իրավաբաններն ամեն ինչ անում են բացահայտման համար. կարեւոր է, որ Քոչարյանը նստած է, վտանգավոր բոբոն նստած է, ու արդեն բավականին տեղաշարժ կա գործում»,-եզրափակեց մեր զրուցակիցը: