Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես եկավ մի անակնկալ հայտարարությամբ` տեղեկացնելով, թե նախատեսվում է 2020 թվականի փետրվարին ձեւավորել հատուկ խումբ սահմանադրական բարեփոխումների նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հայտարարությունը անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի` խորհրդարանական եւ արտախորհրդարանական, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի: Ոչ ոք տեղյակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից, առանձին աշխատանքային խմբով:
ՀՀ արդարադատության նախարարը իր խոսքում նշել է. «Մենք պատրաստվում ենք ձեւավորել նաեւ հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն` բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատավորների եւ այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումներից եւ որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբկացության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ` պարզելու համար` արդյոք խորհրդարանում տեղյակ են այդ աշխատանքային խմբի մասին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբկացության պատգամավոր Տարոն Սիմոնյան
-Պարո՛ն Սիմոնյան, Ձեր խմբակցությունում տեղյա՞կ էին, որ իշխանությունները 2020 թվականի փետրվարին Սահմանդրական բարփոխումների աշխատանքային խումբ են ձեւավորելու Սահմանադրությունը փոխելու նպատակով:
-Տեսեք, Սահմանադրությունում կան դրույթներ, որի մասին մենք վաղուց ասում էինք, որ ենթակա են փոփոխման պառլամենտական կառավարումն ավելի գործուն դարձնելու համար: Այսինքն` այդ տեսանկյունից, եթե հնարավոր լինի փոփոխություններ կատարել, կարելի է օգտվել այդ հնարավորությունից եւ այդ դրույթները բարեփոխել, բայց մենք չենք ստացել որեւէ առաջարկ իշխանություններից այդ խմբում ներգրավվելու, աշխատելու եւ այլն: Եթե առաջիկայում ստանանք նման առաջարկ, նոր կմտածենք ու արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք այդ աշխատանքների վերաբերյալ:
-Այսինքն` տեղյակ չե՞ք եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի:
-Տեղյակ ենք այնքանով, որքանով, որ Դուք: Իշխանության ներկայացուցիչները խոսում են Սահմանադրական բարեփոխումներից, բայց երբ որ գալիս է գործնական քայլերի ժամանակը, ինչ-որ խոսքն ու գործը անհամապատասխանելիություն ունի: Մենք չենք հասկանում պատճառները, դրա համար մինչեւ մենք գործնական քայլեր չտեսնենք, դրա համար չենք ուզում արված հայտարարություններին արձագանքել:
-Տեսակետ կա, որ եթե ամեն իշխանություն, ստաձնելով երկրի ղեկավարումը, որոշի փոխել ՀՀ Սահմանադրությունը, անլուրջ իրավիճակ կլինի երկրում: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դա, անկեղծ ասած, օբյեկտիվ մտավախություն է, ես էլ այդ մտավախությունը ունեմ, դրա համար եթե այս իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան փոխել, դրանում պետք է ներգրավված լինեն որքան հնարավոր է շատ հասարակական ներկայացուցիչներ, քաղաքական ներկայացուցիչներ, որպեսզի մենք օբյեկտիվ փոփոխություններ ստանանք, ի վերջո այնպիսի փոփոխություններ կատարենք, որ երկարաժամկետ կտրվածքով ստիպված չլինենք նորից փոխենք: Այլապես եթե այսօրվա իշխանությունն էլ իր հավեսով, իր մտադրությամբ փոփոխությունը կատարի, հաջորդ իշխանությունը եւս պետք է կատարի եւ այլն: Իսկ Սահմանադրության կայունությունը մնալու է այսպես:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին մեղադրում էր Սահմանդարությունն իրենց «հագով կարելու» համար…
-Այո, այդ մտավախությունը կա. որպեսզի փարատվի այդ մտավախությունը, այսօրվա քաղաքական իշխանությունը պետք է մենաշնորհ չունենա այդ փոփոխությունները կատարելու, եւ այն խումբը, որը ձեւավորվելու է, այն անձինք, որոնք պետք է ներգրավվեն, պետք է հասարակական լայն շրջանակ ներկայացնեն: Մենք պետք է ստանանք հասրակական, համերաշխության բարձր մակարդակի փաստաթուղթ, որ, ի վերջո, որոշվի փոփոխություններ կատարելու հարցը: Թե չէ 5-10 տարին մեկ այդ խնդիրը կառաջանա:
-Նշվում է, որ նոր իշխանությունները փոխելու են կառավարման մոդելը` այն կրկին դարձնելով նախագահական: Դուք նման տեղեկություն ունե՞ք:
-Չէ, նման տեղեկություն չունեմ, պետք է տեսնենք` ինչ են առաջարկում, կարծիք կասենք:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան
-Պարո՛ն Վարդանյան, ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվելու: Դուք տեղյա՞կ եք այդ ամենի մասին:
-Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ, երկու օր գտնվել եմ Արցախի Հանրապետությունում: Նախարարի հայտարարությանը չեմ հետեւել, որպեսզի Ձեր հարցին պատասխանեմ:
-Գուցե ԱԺ-ում արդեն աշխատանքային խո՞ւմբ է ձեւավորվել:
-Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետեւել, չեմ կարող մեկնաբանել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հ. Գ. Հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի օգոստոսի 9-ի համարում: