Հովիկ Աբրահամյանին վաճառած հողակտորների հետքերով. երբ կվերադարձնեն պետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ.-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հեկտար տարածք զբաղեցնող հողակտորները: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդհանուր 2913 քմ հողակտորի փաստացի սսեփականատեր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավաի եւ աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց վաճառելուդեպքեր:

Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15 հազար քմ մակերեսով եւ Բաբաջանյան 24 հասցեի 57 հազար քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաեւ նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 եւ 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար` 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ: Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն վարչական ակտերն առոչինչ ճանաչելու եւ նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար։Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հողակտորները դեռեւս համայնքին չեն վերադարձվել:

Մինչեւ 2005 թվականը օրենսդրության խախտումներով ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Դիլիջան քաղաքում ձեռք է բերել նախկին հանրակացարանային շենք: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից Դիլիջանի համայնքապետարան գրություն է ուղարկվել այն մասին, որ այդ շենքը օտարվել է անօրինական կարգով եւ պետք է վերադարձվի Դիլիջան համայնքին:

Դիլիջանի համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ այդ շենքը դեռ չի վերադարձվել Դիլիջան համայնքին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս