Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները». նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները` դրա դիմաց վերցնելով որոշակի գումար: Փաստորեն, մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել:
Կհիշեք` «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում եւ մաքսազերծում էին իրենց ապրանքները: Դրանք անհատ ձեռներեցների եւ մաքսային կառույցների միջեւ միջնորդ կազմակերպություններ էին: Օրինակ` քաղաքացին մեկնում էր Թուրքիա կամ Չիանստան, որտեղից հագուստ կամ այլ ապրանք էր գնում եւ այն տեղում հանձնում էր «կարգոներին», վճարում կիլոգրամի համար X գումար եւ հանգիստ վերադառնում հայրենիք, իսկ մի քանի օր անց Հայաստանում ապրանքն առանց խոչընդոտի ստանում էր: Տեղեկացնենք, որ «կարգոները» նախկինում որոշակի վճարի դիմաց եւ մաքսայինի հետ «համագործակցելու» շնորհիվ ներկրողների ապրանքները մաքսազերծում էին քաշով: Ինչպես հայտնի է, դեռ նախորդ իշխանությունների` Կարեն Կարապետյանի կառավարությունը մեծ շուքով հայտարարեց, որ ստվերում գործող կառույցները պետք է վերանան:
Ապրանքը պետք է ձեւակերպել բոլոր կանոններով` ոչ թե կիլոգրամով, այլ հատով։ Եւ դրա համար ստեղծվեց ՊԵԿ կառույցի ենթակայությամբ գործող մի մարմին` «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը: Անցած տարի ԱԱԾ-ն իրականացրել է 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գրասենյակից եւ ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել էին շուրջ 500 հազար դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային եւ մաքսային փաստաթղթեր:
Մի խոսքով, այս ողջ պատմություններից հետո կարգո ասվածները վերացան, եւ ապրանքները ներկում են տարբեր կազմակերպություններ, սակայն մաքսային վճարումները կատարում է քաղաքացին` նաեւ բոլոր անհրաժեշտ հարկերը ներառյալ։
Սակայն Ռուսաստանի Դաշնությունից ապրանք ներմուծելու դեպքում պատկերն այլ է: Քանի որ մենք ՌԴ-ի հետ գտնվում ենք միեւնույն մաքսային գոտում, հետեւաբար մաքսային վճարումներ չկան, միայն ապրանքային արժեքի ավելացված արժեքի հարկը` ԱԱՀ` 20 տոկոս: Սակայն այստեղ, պարզվում է, լուրջ խնդիրներ կան: «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ առեւտրականներից ահազանգ է ստացել այն մասին, որ իրենց ստիպում են ՌԴ-ից բերված ապրանքի համար ինվոյս արժեք ներկայացնել` 16 դոլար` 1 կիլոգրամի դիմաց, որից առեւտրականները պետք է վճարեն 20 տոկոս ԱԱՀ, մինչդեռ շատ դեպքերում իրենց գնած ապրանքն ավելի էժան է, բայց ստիպված են ՊԵԿ-ի պարտադրանքը կատարել: Եւ պարզվում է` այս 16 դոլար պարտադրանքից խուսափելու համար գոյություն ունի մի կազմակերպություն, որը օգնում է առեւտրականններին նման քաշքշուկներից խուսափել: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել եւ բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն` զբաղվում են ապրանքների ներմուծմամբ եւ մաքսազերծմամբ միաժամանակ: Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմը այլ կերպ է գործում, իսկ հասարակ քաղաքացիների համար` այլ:
Այսպես, դաշտում այսօր գործում են մարդիկ, որոնք օգնում են բեռնափոխադրումներ անել օդանավով, այսինքն` բեռները բերում են Մոսկվայից, Չինաստանից, իսկ բեռի արժեքը հաշվարկում են կիլոգրամով: Ի դեպ, եթե առեւտրով զբաղվել ցանկացող անձը փաստաթղթի պակաս է ունենում հագուստի գնման ժամանակ, ապա այդ խնդիրը եւս «կարգոները» կարողանում են «կարգավորել»: Արձանագրենք, որ ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Թուրքիայից, ե՛ւ Չինաստանից ներկրողը կարողանում է փաստաթղթի վրա գրել ինվոյսի իր համար ցանկալի չափը: Ու այստեղ էլ թաղված է «շան գլուխը»:
Ստացվում է, որ պետությունը չի հավատում առեւտրականների կողմից բերված «ինվոյսներին» եւ «պարտադրում է» ինվոյսային արժեքը գրել ավելի բարձր: Կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով` իրենց ՌԴ-ից բերված ապրանքի համար պարտադրում են ինվոյսը գրել` կիլոգրամը` 16 դոլար: Եւ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով` առանց մաքսային հայտարարագրման եւ պետական հսկողության կիրառման: Ի դեպ, չկա օրենք կամ իրավական այլ ակտ, որով սահմանված լինի կիլոգրամի դիմաց 16 դոլար գինը:
Իսկ ինչպե՞ս վարվի ներմուծողը, եթե հարկային մարմինները մաքսային արժեքը որոշելիս հիմք են ընդունում շուկայական մի գին, որը գրեթե միշտ շատ ավելի բարձր է, քան այն արժեքը, որով իրենք ապրանք են ձեռք բերել: Ավելին` ներմուծողների համար պարզ չէ, թե ինչպես են որոշվում շուկայական կողմնորոշիչ գները, կամ կան արդյոք դրանք որոշելու հստակ եւ օբյեկտիվ մեխանիզմներ` սահմանված ՀՀ իրավական ակտերով: Ի դեպ, մաքասատունը միաժամանակ տարբեր ներմուծողների համար նույն ապրանքի դիմաց անհասկանալի հիմնավորումներով կարող է առաջարկել տարբեր գներ:
Ստացվում է, որ մի առեւտրականը, չկարողանալով օգտվել կարգոներից, ապրանքը բերում է, հարկվում է բարձր ինվոյսով, իսկ մյուսներինը, հակառակը, ցածր ինվոյոսով, քանի որ վերջիններս օգտվել են կարգոների ծառայություններից:
Պարզեցինք, որ Հայաստանի խոշոր առեւտրի կենտրոններից մեկում` Առինջ մոլում, կան մարդիկ (նրանք բացի կարգո անելուց, նաեւ հագուստ են վաճառում` իբրեւ սովորական վաճառականներ), որոնք կարգոյի հաճախորդներ են հավաքում: Բոլոր առեւտրականները տեղյակ են իրենց ծառայություններից, ճանաչում են նրանց եւ օգտվում մատուցվող ծառայություններից:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը գնաց Առինջ մոլ, հանդիպեց կարգո անող Լիաննայի որդու հետ, որն իր անունը չնշեց, ներկայացավ որպես առեւտրական եւ պայմաններից հետաքրքրվեց: Մեր հետաքրքրությանն ի պատասխան` կարգո անող անձն ասաց. «Դուք քաշքշուկի մեջ չեք ընկնում, մենք Մոսկվայի Սադավոդ շուկաներում մարդիկ ունենք, համարը կարող ենք փոխանցել Ձեզ, Դուք զանգեք իրեն… ապրանքը փոխանցում եք իրեն, հաջորդ օրը ապրանքը լինում է Երեւանում: Իսկ կիլոգրամը 260 ռուբլի (4.5 դոլար) կհաշվարկվի, մենք կարող ենք ապրանքը փոխանցել Ձեզ ու Դուք ոչ մի բանի հետ էլ կապ չունեք: Եթե թուղթ էլ պետք լինի, մենք դա էլ ենք տալիս: Մենք արդեն երրորդ տարին է` աշխատում ենք, օրինական ենք աշխատում: Մի քիչ բարձր քաշերի դեպքում` կես տոննայից ավելի, կարող ենք խոսել, հարմարվել: Սուրմալուի, Առինջ մոլի, Երեւանի կենտրոնի խանութները մեզ հետ են աշխատում, այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի ծագել, մենք անգամ առաքում էլ ունենք»,- մանրամասնեց կարգո անող Լիաննայի որդին: Մեզ տրամադրեց նաեւ իրենց այցեքարտը, որը անխնա բաժանում էին բոլորին: Ի դեպ, այցեքարտի վրա ընկերության անուն նշված չէ, միայն հեռախոսահամարներ են:
Հեռախոսով, որպես առեւտրական ներկայանալով, զրուցեցինք նաեւ կարգոյով զբաղվող, թերեւս, ղեկավար Արամի հետ: Նրան խնդրեցինք օգնել որպես նոր առեւտրականի: Ասաց. «Այո, ՊԵԿ-ում բոլորին պարտադրում են 16 դոլար գրել կիլոգրամի ինվոյսը, բայց մենք 4.5-ով կբերենք, Դուք մեզ ծառայության դիմաց 50 հազար դրամ կվճարեք ու ոչ մի բանի հետ էլ գործ չունեք: Կօգնենք, մենք օրինական ծառայություն ենք մատուցում: Գիտեիք` հեղափոխությունից հետո բանա փոխվել, չէ, նույն վիճակն ա»:
Որոշ ժամանակ անց, նույն անձանց հետ կապ հաստատեցինք արդեն որպես լրագրող: Բայց նույն բարեհամբույր անձը, որը օրեր առաջ պատրաստակամ էր օգնել առեւտրականին` արագ կազմակերպել ապրանքների ներկրումը, մաքսազերծումը միաժամանակ, լսելով հարցը, վրդովվեց. «Ձեզ որտեղի՞ց այս համարը, է՛լ չզանգեք: Կարգո հասկացություն չկա: Ցտեսություն»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի առնչությամբ դիմեց նաեւ Պետական եկամուտների կոմիտե եւ հետաքրքրվեց` կան արդյոք ընկերություններ, որոնք մաքսազերծմամբ են զբաղվում առեւտրականների փոխարեն:
Մեր հարցին ի պատասխան` ՊԵԿ-ից փոխանցել են հետեւյալը. «ԵԱՏՄ ՄՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից: ՄՕ 401-րդ հոդվածի համաձայն` մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից եւ նրանց հանձնարարությամբ իրականացնում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում` մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին եւ ակտերին համապատասխան: Մաքսային ներկայացուցիչների ռեեստրը հրապարակված է եւ հասանելի է»:
Փաստորեն, ՊԵԿ-ը տեղյակ չէ, որ կազմակերպություն կա եւ կոնկրետ կարգո է անում, կամ էլ տեղյակ է, ու կամ էլ կոնկրետ ոլորտի պատասխանատուները տեղյալ են ու աչք են փակում: Ամեն դեպքում, մենք հետեւողական կլինենք այս թեմային, քանի որ այն կարող է դառնալ նոր Հայաստանի ամենախոշոր կոռուպցիոն գործի բացահայտումը:
Թամարա Միքայելյան