ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային մրցաշրջանն իրեն մոռացնել չի տվել. «Փյունիկը» «Արարատին» նվիրեց 2008թ. չեմպիոնական գավաթի կրկնօրինակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ հանձնեց նրանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008 թ-ի գավաթի կրկնօրինակը: Այս մասին տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008թ. մրցաշրջանը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Շատերի կարծիքով հակասական մրցավարությունը թույլ չտվեց բացահայտել չեմպիոնին արդար խաղի կանոնների համաձայն: 11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այս սիմվոլիկ քայլով ցանկացավ ինչ-որ չափով վերականգնել արդարությունը. քանի որ «Արարատը» ոչ պակաս, քան «Փյունիկը», արժանի էր չեմպիոնությանը:

«Ես վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ և ուրախ եմ, որ հաջողվեց հանդիպել Երևանում: Ցանկանում եմ «Փյունիկ» ՖԱ-ի անունից, որը հիմա պատկանում է մեզ և մենք նոր պատմություն ենք սկսում, մի միջոցառում անցկացնել: Շատ ուրախ եմ, որ եկել եք: Մենք բոլորս հիշում ենք 2008 թվականը: Ես նույնպես հայկական ֆուտբոլի, հատկապես «Արարատի» մեծ երկրպագու եմ: Մենք հիշում ենք, որ 2008թ. ցավոք չեմպիոնը որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ անդրկուլիսյան ինտրիգների արդյունքում:

Եզրափակիչ խաղում սարսափելի մրցավարությունը թույլ չտվեց ի հայտ բերելու իրական չեմպիոնին: Մենք, «Փյունիկ» ՖԱ-ի անունից ցանկանում ենք մի քայլ անել, որովհետև ես կարծում եմ, որ 2008թ. 2 թիմերն էլ, թե ՛ «Փյունիկը», թե ՛ «Արարատը» արժանի էին չեմպիոնության: Շատ լավ, ուժեղ թիմեր էին և ցավոք, տեղի ունեցածը թույլ չտվեց պարզել իրական չեմպիոնին: Ես կարծում եմ, որ «Արարատը», «Փյունիկից» ոչ պակաս արժանի էր չեմպիոնի կոչմանը:

Հասկանալի է, որ հիմա մենք չենք կարող շտկել կատարվածը, բայց մեր կողմից ցանկանում ենք անել այս քայլը, որպեսզի ցույց տանք, որ մենք արդար խաղի ջատագովներ ենք: Ես հուսով եմ, որ նման բաներ ապագայում չեն լինի և հայկական ֆուտբոլն իրոք կդառնա այնպիսի մարզական միջոցառում, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն խաղադաշտում: Մեր կողմից ցանկանում եմ շնորհել ձեզ այս գավաթը: 2008թ. գավաթի կրկնօրինակը: Մեզ հաջողվեց գտնել գավաթը պատրաստողներին: Ես ձեզ եմ այն տալիս և հուսով եմ, որ «Արարատը» կծաղկի և մենք կհանդիպենք խաղադաշտում և կլինեն հետաքրքիր խաղեր» – նշել է պարոն Սողոմոնյանը:

«Սա արդարության ժեստ է և արդարությունը պետք է իշխի նաև առաջնությունում: Շատ զգացված եմ: Սա արդարության գավաթն է», – նշել է «Արարատ» ՖԱ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշը:

«Տեղի ունեցածը շատ կարևոր է հայ ազգի համար, որովհետև հայ ազգը միշտ ապրել է անարդարության մեջ» – հավելեց «Արարատ» ՖԱ-ի նախագահ Հրաչ Կապրիելյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս