ՍԴ դատավորը հրաժարականի դեպքում նույնքան աշխատավարձ և հավելավճարներ կստանա. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Դրանց ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:

Նախագծերով, ի թիվ այլ կարգավորումների, նախատեսվում է` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Սա կարող է դիտվել որպես էական կարգապահական խախտում և ԲԴԽ կողմից կայացվել որոշում` դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին : Ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները հայտարարագրերի վերլուծության կարողությունների զարգացման նպատակով:

Ուսումնասիրելով նախագիծը, ArmLur.am-ը  հետաքրքիր փաստեր հայտնաբերեց: Ըստ այդմ, արդարադատության նախարարության նոր նախագծով առաջարկվում է, որ դատական օրենսգրքով սահմանվի ՍԴ դատավորի համար հրաժարական տալուց հետո առանց աշխատելու նույնքան աշխատավարձ կստանա այնքան ժամանակ, որքան կստանար, եթե չտար հրաժարական: Ավելին, կօգտվի սոցիալական բոլոր այն իրավունքներից, որն ունի գործող դատավորը: Եվ ավելին, դրանից հետո էլ կստանա ցմահ բարձր թոշակ:

Ընդ որում, խոսքն այն դեպքերի մասին է, եթե դատավորն արագ հրաժարական կտա, քանի որ հստակ ժամկետներ են նախատեսված: Եվ սոցիալական ցանցերում եւ մամուլում այս դրույթը սահմանվում է այն կերպ, որ իշխանությունները փորձում են այսպիսի առաջարկով հրապուրել կառավարության համար անցակնալի ՍԴ դատավորներին, որոնք կարող են գերադասել առանց աշխատելու օգտվել այս արտոնություններից:

Մասնավորապես, դա ամրագրված է անցումային դրույթներում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս