«Օրինախախտ» դատավորների համար նորություն կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերով, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով: Հարուցումը կկատարվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Սա կարող է դիտվել որպես էական կարգապահական խախտում, և ԲԴԽ կողմից կարող է կայացվել որոշում` դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ նախագծի կընդլայնվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները հայտարարագրերի վերլուծության կարողությունների զարգացման նպատակով:

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության նոր նախագծով առաջարկվում է, որ դատական օրենսգրքով սահմանվի, որ ՍԴ դատավորի համար հրաժարական տալուց հետո առանց աշխատելու նույնքան աշխատավարձ ստանա այնքան ժամանակ, որքան կստանար, եթե չտար հրաժարական: Ավելին, կօգտվի սոցիալական բոլոր այն իրավունքներից, որոնք ունի գործող դատավորը: Եվ ավելին, դրանից հետո էլ կստանա ցմահ բարձր թոշակ:

Սակայն սա միակ հետաքրքիր առաջարկը չէ, որ առկա է նոր նախագծում: Մասնավորապես, արդարադատության նախարարության կազմած  նախագծով առաջարկվում է, որ Սահմանադրականի դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում կասեցվեն նրանց լիազորությունները:

Շատ մասնագետներ պնդում են, որ այս նախագծի  ընդունման հետևանքով հնարավորություն է ստեղծվելու պարալիզացնել սահմանադրական դատարանի գործունեությունը: Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ կարող է հարուցվել քրեական գործ, մեղադրանք առաջարդրվի Սահմանադրական դատարանի մի քանի դատավորների նկատմամբ, ինչն էլ կարող է հանգեցնել ՍԴ գործունեության անհնարինության:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս