Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մար­դիկ, որ դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութա­կան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է.  «Կիրակի օրը Գյումրիում մի կին մոտեցավ վարչա­պետին և հուզական տոնով բողոքեց կյանքից ու, մասնավորապես, երկրի ղեկավարից: Բոցավառ հականիկոլականները ուրախացան՝ «ահա, տես­նո՞ւմ եք, մերժում են, սպասեք՝ դա դեռ սկիզբն է»: Խանդավառ նիկոլականները սկսեցին արդարացումներ փնտրել՝ «այս կինը հոգեկան հիվանդ է»: Իրականում որևէ արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավա­րից: Կարևորն այն է, որ նրանք այդ դժգոհությունը կարողանում են արտահայտել, և երկրի առա­ջին դեմքը բազմաթիվ պատնեշներով չի մեկու­սացվում այդ դժգոհներից ու ականջները չի փա­կում ՝ դժգոհությունները չլսելու համար:

Իսկ պա­լատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագու­ները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագա­վոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա´մ հոգե­կան հիվանդ են, կա´մ ծախված-ուղղորդված են, կա´մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգ­տակար կլինի իրենց:

Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փա­ռաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին:

Պաշտամունքի առարկա էին Ստալինը, Մառն, Կիմ Իր Սենը, և ո՞վ կարող է ասել, որ այդ պաշտամունքը մեծ մասամբ չի եղել անկեղծ, որ, ասենք, 1953 թվականին խորհրդա­յին մարդկանց ստիպում էին, որ նրանք ողբան «մեծ առաջնորդի» մահը:

Ժողովրդավարական երկրներում այդպես չէ՝ Մակրոնով կամ Թրամփով իրենց երկրների քաղաքացիները չեն հիանում՝ բնակչության, ենթադրենք, 60 տոկոսը նման լի­դերներին ընդունում է, 40%-ը (այսինքն՝ միլիոնա­վոր մարդիկ)՝ մերժում, և ոչ ոքի մտքով չի անց­նում այդ 40 տոկոսին մեղադրել, որ նրանք ծախ­ված սրիկաներ են: Եվ եթե որևէ մեկը՝ լինի նա քաղաքական գործիչ, թե հասարակ քաղաքացի, արտահայտում է այդ 40 տոկոսի կարծիքը, նրա բերանը նույնպես չեն փորձում փակել «դու վաբշե խոսալու տեղ չունես» սպանիչ փաստարկով:

Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մար­դիկ, որոնք դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութա­կան: Նման մարդիկ իրավունք ունեն անհատապես կամ խմբով մոտենալու իրենց երկրի ղեկավարին (իհարկե, վերջինիս անվտանգությունը պետք հուսալիորեն ապահովվի) և հայտնելու իրենց բողոքը:

…Հիշում եմ, 1993 թվականի դեկտեմբերի 7-ին նույն Գյումրիում բորբոքված մարդկանց մի խումբ մոտեցավ Լևոն Տեր-Պետրոսյանին և չափազանց կոշտ արտահայտություններով բնութագրեց նրա իշխանությունը: Տարբերությունն այն է, որ այն ժա­մանակ հեռախոսով հնարավոր չէր նկարահանում­ներ կատարել, համացանցը զարգացած չէր, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պահին մեծ թվով երկրպագուներ չուներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Լրահոս