ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով։
Նա նշեց, որ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը կամ բնական պաշարներն օգտագործելու հոդվածով արձանագրվել է 35 դեպք, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 20 վարչական ակտ՝ 21.5 մլն ՀՀ դրամի չափով, իսկ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու շուրջ 458 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով: Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումների մասով առկա չարաշահումներին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց.
«Մեր ներկրողները, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ, հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում էականորեն ցածր են ձևակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել և ներքին շուկայում փոխել ապրանքի գինը: Արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է»: