ՎԻՃԱԿՆ ՕՐԵՑՕՐ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ քրեադատավարական ընթացակարգով իրենք ամեն բան անում են խափանման միջոցը փոխելու հարցով, նաեւ ընդգծել. «Սա ամենադաժան դեպքն է»:
Որքան էլ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը սոսկալի է եւ մարդկանց մոտ արդարացի զայրույթ է հարուցել, այնուամենայնիվ, արձանագրենք՝ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը չպետք է վերածվի պատժի: Այս առումով պատահական չէ, որ երեկ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշել է, թե իրենք ուսումնասիրություններից հետո եզրահանգումներ կանեն, թե որքանով է խափանման միջոց կալանքը համատեղելի Մ. Գրիգորյանի առողջության հետ։ ՄԻՊ-ը նաեւ տեղեկացրել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնությունից:
Մինչ այդ, նկատենք՝ նախկին իշխանությունների օրոք, չնայած առողջական լուրջ խնդիրներին, տեւական ժամանակ կալանքի տակ էր պահվում «Սասնա ծռերի» գործով հայտնի Հաց Բերողը` Արթուր Սարգսյանը: Թեեւ ակնհայտ էր՝ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի էր, բայց իշխանությունները որպես պատիժ շարունակում էին Սարգսյանին պահել բանտում: Ու նրա մահը առ այսօր ծանրացած է նախկին իշխանությունների խղճին: Եթե նման բան կրկնվի Գրիգորյանի դեպքում, առնվազն չի տեղավորվի նոր Հայաստանի որդեգրած սկզբունքների շրջանակներում, որքան էլ Մանվել Գրիգորյանի կերպարը հասարակության համար լինի մերժելի, նրան մեղսագրվող հանցանքը՝ աններելի: Ու բացի այդ` կա մեկ ուրիշ հանգամանք. այս ամենը կարող է Հայաստանի համար խնդիրներ առաջացնել ՄԻԵԴ-ում եւ կարող է միջազգային կառույցներում մեր վարկանիշի վրա ստվեր գցել: Այնպես որ, իշխանությունները ճիշտ կանեին, եթե լրջորեն քննարկեին նրա խափանման միջոցը փոխելու հարցը:

 

 

 

Դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե որքանո՞վ է արդարացի իրենց վեթթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել, թե տարիներ շարունակ աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը: Դատավորներից շատերը, որոնք շուրջ 10 տարվա եւ ավելի աշխատանքային փորձ ունեն, ներքին քննարկումների ժամանակ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել, գնալ, բայց պետք է իրենց խոստանան, որ թոշակ կստանան, իսկ եթե թոշակ չեն տալու, ապա ինչո՞ւ պետք է ազատման դիմում գրեն եւ հեռանան: Թոշակի գնացող դատավորների թվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց.«Ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել Ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը: Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան խափանման միջոց ընտրել կալանավորումը: Դեռ ուշ գիշերվա դրությամբ դատարանը չէր հրապարակել որոշումը: Նշենք, որ ՀՔԾ-ն 2008 թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զ. Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

 

 

 

ՀՀ Հաշվեքննիչ պալատը «Ջրառ» ՓԲԸ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ փաստեր է պարզել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2013 թվականին 500 հազար եվրո արժեքով ձեռքբերված չափիչ սարքերը սահմանված վայրերում անհասկանալի պատճառներով տեղադրված չեն եղել: Պարզվում է` «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության` չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ վարձավճարները սահմանվել են կամայականորեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գրին Էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին վարձակալությամբ է տրվել Վերնաշենի պոմպակայանը` ամսական 220 հազար դրամով: Բայց ընկերությունն իրեն տրված պոմպակայանը գրավադրել է` ստանալով համապատասխան վարկային գիծ: Պարզվում է, որ «Յագուար կենդանիների աշխարհ» ընկերությանը Հեր-հեր ջրամբարի տարածքը վարձակալությամբ տրամադրվել է ամսական 20 հազար դրամով, ձկնաբուծության նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը Հենրիկ Աբրահամյանն է:

 

 

 

ԻՐԵՆՔ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ
Հայաստանում տնտեսական աճի կառուցվածքի մասին խոսելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հետաքրքիր հայտարարություն է արել. նա ասել է, թե ՀՀ-ում 2018թ. համար կանխատեսվել է 4.5 տոկոս աճ, սակայն արձանագրվել է ավելի շատ` 5.2 տոկոս: Միաժամանակ նախարարը հավելել է, որ այս ցուցանիշը չի գոհացնում: «Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6 տոկոսով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5 տոկոս,-ասել է Ջանջուղազյանը` ընդգծելով,- եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք եւ որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետեւ այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը: Անցած ոլորտների հետ կապված մեր սպասումները չենք կարող նշել որպես ցանկալի արձանագրում: Սա մեզ հուշում է, որ հայտարարած նպատակները, որոնք կառավարության ծրագրում գրանցվել են՝ այլընտրանք չունեն: Մենք պետք է ջանք գործադրենք, որ կառուցվածքը տնտեսության փոխվի, բայց, ավաղ, ունենք 18-ի համար այն, ինչ ունենք»:
Հետաքրքիրն այն է, որ նախկին իշխանությունների օրոք եւս տնտեսական աճի կառուցվածքում ահռելի դերակատարություն է ունեցել ծառայությունների ոլորտը: Բայց նախկին իշխանությունները բացահայտ չէին խոստովանում այդ մասին, չէին փորձում փոխել տնտեսության կառուցվածքը, չէին փորձում ավելի կենսունակ դարձնել: Ընդհակառակը, թվաբանական մանիպուլյացիաների միջոցով աչքակապությամբ էին զբաղված` միաժամանակ թողնելով, որ իրավիճակը շարունակի ինքնահոսով ընթանալ:
Հիմա այդպես չէ. ֆինանսների նախարարը հստակ արձանագրում է ստեղծված իրավիճակը, արձանագրում, որ տնտեսական աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը` միաժամանակ նշելով, որ սա ցանկալի չէ, եւ պետք է ջանք գործադրել տնտեսության կառուցվածքը փոխելու մասին: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե իշխանությունները քաղաքական կամք են դրսեւորում` ախտորոշելու խնդիրները, նշանակում է` կարող են եւ դրանք լուծել: Իսկ լուծել հարկավոր է տնտեսության կառուցվածքը փոփոխելու միջոցով, ինչի մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում:




Լրահոս