Երեկ կառավարության նիստը մեկնարկեց շատ թեժ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես եկավ շատ լուրջ ու մտահոգիչ հայտարարությամբ: Ըստ Փաշինյանի` ՀՀ-ում կազմակերպվում են ակցիաներ, որոնց հիմնական նպատակը Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծելն է: Ավելին` վարչապետը հորդորեց այդ ամենի վրա իրենց ուշադրությունը բեւեռեն ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստից տպավորություն է, որ իրավապահ համակարգը սկսում է «ուշքի գալ», աշխատել միայն այն ժամանակ, երբ հստակ կոչ-հայտարարությամբ հանդես է գալիս վարչապետն ու հանձնարարականներ տալիս անուն առ անուն:
«Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, եւ նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այսպես շարունակ»,-հայտարարել է Փաշինյանը: Այնուհետեւ Փաշինյանը նշել է, թե այդ սեւազգեստ խմբերին պետք է տեղորոշել. «Սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել եւ ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:
Ըստ Փաշինյանի` իր հայտարարությունից հետո եթե տասն անգամ մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան, եւ դա չպետք է լինի թավշյա, այլ այդ հակահարվածը պետք է լինի երկաթյա:
Փաստը, որ արդեն երկու օր շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման բովանդակության հայտարարությամբ է հանդես գալիս, պատահական չէ: Անհայտ է, որ վարչապետը ռեալ ինֆորմացիա ունի, որ ինչ-որ ուժեր, այնուամենայնիվ, կփորձեն առաջիկայում ինչ-որ խժդժություններ «մտցնել» հայկական իրականությունում, բայց մտահոգիչ է այն հանգամանքը, որ ամեն անգամ դրա մասին բարձրաձայնում է վարչապետը, երբ ասենք` կարող են իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներքին ձեւով լուծել այդ հարցը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ` հասկանալու համար, թե, ի վերջո, ինչն է մտահոգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս արդեն երկու օր շարունակ խոսում է բռնություններից, ուժերից, որոնք պատրաստվում են տրամադրություններ ստեղծել:
«Խնդիրը կայանում է նրանում, որ հստակ է` ՀՀ-ում պետք է օրենքի գերակայություն լինի, պետք է Հայաստանում արտոնյալ մարդիկ չլինեն, ու եթե կլինեն մարդիկ, ովքեր բռնության քարոզ կփորձեն իրականացնել, պետք է հասկանան, որ դա անընդունելի է ու բոլոր միջոցներով այդ հարցը լուծվելու է»,-հայտարարեց իշխանական խմբակցության պատգամավորը: Իսկ դիտարկմանը, թե ճիշտ չէր լինելու, եթե ՀՀ վարչապետը ներկայացներ փաստեր, անուններ, որի միջոցով հասարակության համար ավելի հասականալի կլինեին վարչապետի հորդորները մեր զրուցակիցն ասաց. «Իմ տպավորությամբ դա հանձնարարական էր պատասխանատուներին, ավելի ուշադիր լինել նմանատիպ երեւույթների հանդեպ, իմ տպավորությունը դա է, պատասխանատուներին ավելի ուշադրություն դարձնել նման երեւույթներին: Հարցը նրանումն է, որ եթե կան նման երեւույթներ, պետք է կանխարգելել»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հումորի վերածեց վարչապետի սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորելու, ովքեր քաղաքում կշրջեն` տրամադրություններ ստեղծելով. «Ես այսօր տանից դուրս էի եկել լրիվ սեւ համազգեստով ու այս պահին ազատության մեջ եմ»,-կատակեց ԲՀԿ-ականը:
Գեւորգ Պետրոսյանի կարծիքով Հայաստանում շատ ավելի լուրջ հարցեր կան, քան նման հայտարարություններ անելը եւ այդ ուղղությամբ իրավապահ մարմինների ուշադրություն հրավիրելը: «Եթե իսկապես այդպիսի սպառնալիք կա, դա հրապարակային հայտարարությունների առարկա չպետք է լինի, իրավապահ եւ հատուկ ծառայությունները շատ լավ կհասկանան, թե ես ինչի մասին եմ ասում: Դա պետք է ի կատար ածվեր առանց որեւէ հայտարարության, եթե այդտեղ իսկապես կա մեր ազգային անվտանգությանը սպառնացող մի բան: Ես հուսով եմ, որ կառավարությունը գործուն քայլեր կիրականացնի այդ ուղղությամբ»,-նշեց պատգամավորը:
«Ես չգիտեմ, ինչ ուժեր կան, ինչ-որ գույներով պայմանավորել ազգային անվտանգության հարցերը, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է: Բռնության կոչ կարող է անել նաեւ սպիտակ զգեստով մարդը, հիմա մենք միայն հետապնդենք սեւազգեստ մարկանց, դա իրավունքի որ դրույթի շրջանակներում է, ես դա չեմ հասկանում: Կրկնում եմ` հույս ունեմ, որ մեր կառավարությունը մի օր լուրջ ուղղությամբ ջանքեր կգործադրի: Եթե կան նման մարդիկ, իրավապահ մարմինները պետք է վաղուց դրանով զբաղված լինեին»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
Հուսով ենք` իրավապահ համակարգը, ի վերջո, կներկայացնի, թե ովքեր են այդ ուժերը, ինչ քայլեր էին պատրաստվում անել, ու, ի վերջո, իրենց հաջողվե՞լ է կանխել այդ ամենը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԿՐԿԻՆ ԵԱՏՄ
Այս ամիս ԱԺ ԲՀԿ խմբակցությունը միանգամից երկու լսումներ է իրականացնելու: Դրանցից մեկն անցկացվելու է հունիսի 10-ին «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով, իսկ մյուսն էլ հունիսի 14-ին` իրացման գոտիների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 10-ին կայանալիք լսումներին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ ԵԱՏՄ պոտենցիալի ոչ ճիշտ օգտագործման մասին միշտ է խոսվել, եւ այս լսումները եւս նպատակ ունեն վեր հանել խնդիրները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այդ միությանը եւ լսումներին` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց. «20 տոկոսը գերազանցող չափով 2018 թվականին ունեցել ենք արտահանման աճ դեպի ԵԱՏՄ երկրներ»: Դիտարկմանը, որ ավելի շատ դեպի ՌԴ, այլ ոչ թե անդամ այլ երկրներ, նա նկատեց. «Դա բնական է, եթե բնակչության թվով մտածենք, սպառողների քանակով, ապա ՌԴ-ն ԵԱՏՄ շուկայի մեծ մասն է, եւ բնական է, որ արտահանման կշռի մեծ մասը պետք է բաժին հասնի ՌԴ-ին»:
ՆԱՀԱՆՋԵԼՈՎ
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում նահանջել է: Եթե ընկերությունը 2018-ի առաջին եռամսյակում 16-րդ խոշոր հարկատուն էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հայտնվել է 250-րդ հորիզոնականում` միաժամանակ նվազեցնելով նաեւ պետական բյուջե վճարվող հարկերը: Չի բացառվում, որ երկրորդ կամ երրորդ կիսամյակում այս ընկերությունը դուրս գա խոշոր հարկատուների ցանկից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում կատարել է 156 մլն 954 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Լիդիան Արմենիա»-ն վճարել էր 1 մլրդ 679 մլն դրամ: Այսինքն` ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելի քան 1 մլրդ 522 մլն դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը:
ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Հայաստանում բենզինի գինը շարունակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաեւ պաշտոնական տվյալները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի` 2.7 եւ դիզելային վառելիքի` 3.1 տոկոս գնաճ: Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հանրապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը` 450 դրամով: Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով: Նկատենք, որ միայն դիզելային վառելիքը այս մայիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով: Մյուս կողմից` դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին: Եւ այդ այցի առաջին իսկ օրը տեղի է ունեցել ՌԴ նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումը: Ընդունելով Փաշինյանին, Պուտինն ասել է, թե Հայաստանը ՌԴ-ի առաջատար գործընկերն է: ՌԴ նախագահը նշել է, որ պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը «լավ հարթակ է` գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու եւ քաղաքական բնույթի որոշ հարցերի շուրջ խոսելու համար»: ՀՀ վարչապետն էլ իր հերթին է ընդգծել, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, եւ երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն ու համաչափ:
ԿԱՐԵՎՈՐ ՕՐԱԿԱՐԳ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել է օրերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Վրաստանի կողմից ներկայացված «Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձեւից, որի քվեարկությանը ՀՀ-ն չի մասնակցել: Շիրակ Թորոսյանը նշել է, որ սա նոր դիրքորոշում է, եւ հետաքրքրվել է, թե արդյոք սա ՀՀ-Վրաստան փոխհարաբերությունների նոր որակ է, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություն է, վերադարձ է նախկին ջենտլմենական պայմանավորվածության, եւ արդյո՞ք ՀՀ-ն էլ կարող է ակնկալել նման չեզոք վերաբերմունք իր նկատմամբ: Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ` Հայաստանն ունի կարեւորագույն օրակարգ Վրաստանի հետ որպես հարեւան պետություն:
ԱՐԱԳ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը երեկվա նիստում որոշում է կայացրել հավանություն տալ մեկ տասնյակից ավելի օրինագծերի փաթեթին, որի իմաստը նախարարությունների ու գերատեսչությունների արտաբյուջեների սահմանափակումն է: «Բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին արտաբյուջետային մուտքեր, այսուհետեւ դասակարգվելու են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր, եւ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր իրականացվում էին այդ արտաբյուջետային միջոցների հաշվին, դրանք այլեւս չեն իրականացվելու առանձին, այլ ներառվելու են պետբյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր»,-ասել է ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հարցրել է` հարցեր կա՞ն, եւ երբ արձագանք չի եղել, վարչապետը ծիծաղելով ասել է. «Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության»: Փաթեթը կուղարկվի խորհրդարան` հաստատման: