Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական համակարգի վիճակի մասին, հայտարարել էր. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: Այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին….:
Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին…:
Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը…:
Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք` մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների…»:
Այս հայտարարություններից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող դատավորները, ինչպես նաեւ մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե այսքան տարի աշխատելով դատական համակարգում` մի՞թե արդարացի է իրենց վեթթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել այն մասին, թե շուրջ 10-20 տարի աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը: Դատավորներից շատերը, որոնք շուրջ 10 տարվա եւ ավելի աշխատանքային փորձ ունեն, ներքին քննարկումների ժամանակ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել, գնալ, բայց պետք է իրենց խոստանան, որ թոշակ կստանան, իսկ եթե թոշակ չեն տալու, ապա ինչո՞ւ պետք է ազատման դիմում գրեն եւ հեռանան:
Նկատենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը մյուս տարի թոշակի է գնում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանն այս տարի է թոշակի գնում, մյուս տարի թոշակի են գնում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը եւ Ռուբեն Ափինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել դատավորների հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք վերջիններս մասնակցել են այդ խոսակցությանը` ասելով, թե պատրաստ են դիմում գրել դուրս գալ, բայց իրենց թոշակ տան:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյան
-Պարո՛ն Ափինյան, Դուք նման խոսակցությունների մասնակցե՞լ եք, նման կարծիք հայտնե՞լ եք, որ պատրաստ եք դիմում գրել, գնալ, բայց թոշակ տան:
-Չէ, տենց խորհրդակցության մասնակից չեմ եղել, չեմ էլ իմանում` ինչ ասեմ:
-Իսկ կարո՞ղ է` ազատման դիմում գրեք, գնաք:
-Բա թոշակս ո՞վ տա, 65 լրանալուց են թոշակ տալիս, եթե գնամ, մնում եմ առանց թոշակի, 21 տարի աշխատել եմ:
-Եթե ասեն, որ գրեք, գնացեք, թոշակ կտանք, կհամաձայնե՞ք:
-Եթե նման առաջարկ լինի, պետք է օրենք փոխեն, որ դատավորները, որոնք 20 տարի եւ ավել աշխատել են եւ ցանկություն ունեն անցնել կենսաթոշակի, իրավունք ունեն գնալու կենսաթոշակի, առանց օրենքի հնարավոր չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտնեց. «Այդ դատավորների շարքին չեմ եղել եւ չեմ կարող լինել եւ ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 18-ին գրել էր, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին: Թեեւ ավելի ուշ Արզանյանը հայտարարեց, թե նման բան չի եղել: Այս դեպքին իրավապահներն ընթացք չտվեցին, որից հետո սկսվեց վենդետան: Գորիսեցի ավագանին որոշել էր հարցերը լուծել «տղայական կերպով»:
2018 թվականի նոյեմբերի 25-ին Խնձորեսկ խոշորացված համայնք է այցելել քաղաքապետ Առուշ Առուշանյանը եւ այնտեղ ավագանու անդամ Լյովա Արզանյանը այլ անձանց հետ մահակներով ներխուժել էր Խնձորեսկի համայանքապետարան եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Այս դեպքը եւս անպատիժ մնաց եւ իրավապահները որեւէ գործողությունններ չարեցին միջադեպի դերակատարներին պատասխանատվության կանչելու: Գորիսում տարածված լուրերի համաձայն` Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարի եւ քաղաքապետի վեճը խորն արմատներ ունի: Բանն այն է, որ երբ 2018 թվականին Սյունիքի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավար Մարտուն Արզանյանը ամբիոնից ելույթ էր ունեցել եւ վարչապետին ներկայացրել էր համայնքում առկա խնդիրները: Այս հանգամանքը դուր չէր եկել քաղաքապետ Առուշ Առուշանյանին, եւ նա Արզանյանին ասել է, թե ինչու է առանց նախազգուշացնելու ելույթ ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` արդեն տեւական ժամանակ է, ինչ Ներքին Խնձորեսկում կրքերը չեն հանդարտվում: Գորիսի քաղաքապետ Առուշանյանը չի մոռացել իր եւ համայնքի նախկին ղեկավարի որդու հետ միջադեպը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Խնձորեսկի բնակիչներից ոմանք մտել են նախկին համայնքապետին պատկանող հողատարածք եւ այնտեղից հափշտակություններ արել: Նրանք պնդում են, որ այս հողերը համայնքապետը ձեռք է բերել ապօրինի, սակայն նկատենք, որ եթե նույնիսկ այդպես է, միեւնույնն է` հողերը օրենքով դեռ պատկանում են Արզանյանին: Ըստ մարզում պտտվող լուրերի` այս ամենի հետեւում կանգնած է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը քաղաքապետ Առուշ Առուշանյանի ներքին հրահանգով: Խնձորեսկում իրավիճակն այնքան է սրվել, որ նախկին համայնքապետը այս հարցով դիմել է իշխանության մի շարք ներկայացուցիչների, որոնք էլ դիմել են իրավապահներին` խնդրելով լուծում տալ հարցին: Սակայն իրավապահ մարմինների կողմից պատշաճ գնահատական չի տրվել նաեւ այս անգամ:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Գորիսի ոստիկանապետ Կարեն Թադեւոսյանին, որը նույնիսկ ամբողջությամբ չլսելով մեր հարցը` հորդորեց դիմել «1-02»` հավելելով. «Խնդրում եմ` ինձ մի՛ անհանգստացրեք»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Գորիսի քաղաքապետին, Առուշանյանը հերքեց, որ ինքն ու փոխքաղաքապետը որեւէ կապ ունեն տեղի ունեցածի հետ:
«Ես այս խնդրից տեղյակ եմ: Խոստացել եմ, որ կլուծեմ: Հիմա էլ լուծման պրոցեսում է: Մի քանի ամիս է` քննչականում գործ է հարուցված: Անտրամաբանական բան չկա: Գյուղապետն ամբողջ գյուղի հողերը խլել է, միայն ինքն էր հողերը մշակում: Մի ամբողջ գյուղ այսօր չունի ապրելու միջոց: Գյուղացիներն ուղղակի իրենց խնդիրն են բարձրաձայնում: Այդ բերքը, որը գյուղապետը մշակել է, կպահվի ոստիկանության եւ մնացած այլ մարմինների կողմից, երբ որ օրենքով կորոշվի, ըստ դրա` հարցին լուծում կտրվի: Ես` որպես էդպիսին, որ հրահանգ տամ, որ ժողովուրդը մի բան անի, նման բան չի եղել, ես ուղղակի դեմ դուրս չեմ եկել ժողովրդի կարծիքին: Ամեն դեպքում, իմ կարծիքով` նրանք որեւէ ավելորդ քայլի չեն դիմել»,-մեզ հետ զրույցում ասաց Առուշանյանը:
Լյովա Արզանյանը մեզ հետ զրույցում վրդովված ասաց, որ եթե այսպես շարունակվի, ինքը իր բոլոր գործերը մի կողմ կթողնի ու կսկսի լուրջ զբաղվել Գորիսի համայնքապետով։ «Քաղաքապետի տեղակալը մարդկանց ասել է, որ այդ հողերն իրենցն են։ Բնակիչներն էլ, հիմք ընդունելով դա, մտել, թալանում են մեր հողերը։ Նրանք էլի մեր բնակիչներն են, բոլորին սիրում, հարգում ենք, բայց սա անթույլատրելի բան է։ Օրենքով այդ հողերը մեր ընտանիքին են պատկանում։ Այս ամենը խորն արմատներ ունի»,-ասաց Արզանյանը։
Հարցրինք` արդյո՞ք սա շարունակությունն է այն սկանդալային պատմությունների, որը կապված է իր եւ Առուշանյանի հետ, թե՞ ինքը շարունակում է հերքել, որ նման բան է եղել։ Արզանյանը նշեց, որ, իհարկե, սա ինչ-որ բանի շարունակությունն է, նաեւ ասաց, որ ինքը հերքել է միայն այն, որ ոստիկանություն է դիմել։ Իսկ մնացյալի հետ կապված ավելի ուշ կխոսի։
Դե ինչ, սպասենք հետագա զարգացումներին:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄՆ` ԱՅՍՕՐ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբելյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը որոշումը կհրապարակի այսօր` հունիսի 7-ին, ժամը 12:20-ին: Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց` 2018թ. հուլիսի 30-ին` ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունն անակնկալ ստուգումներ է նախաձեռնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դրանց ընթացքում պարզվել է, որ ՀՀ դատախազության ներկայացուցիչների կողմից նախորդ անգամ արձանագրված խախտումների եւ բացթողումների զգալի մասը վերացված է: Արձանագրված խախտումները քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ, որը պարտավորվել է սեղմ ժամկետներում վերացնել դրանք եւ արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը: