
Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդիրը կապված է եղել հյուրանոցում հավելյալ ամրագրումների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան:
«Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կապի մեջ է տուրիստական գործակալության հետ, զբոսաշրջիկները տեղավորվել են հյուրանոցում, իսկ խնդիրը կարգավորվել է»,- ասաց Օհանյանը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր էր տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում:
«Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից արձագանքել էին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են:
«Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասել էին տուրիստական գործակալությունից: