Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը. նախագահը հանդիպել է նախաձեռնության կազմակերպիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։

Հանդիպմանը քննարկվել են STARMUS-ի հաջորդ՝ 6-րդ փառատոնը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունները։ STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերնդի: STARMUS-ի խորհրդի անդամներ են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը և պատրաստ է հյուրընկալել անվանի գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, «Ապոլոն» առաքելության հայտնի ներկայացուցիչների, հանրահայտ երաժիշտների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ փառատոնի կազմակերպչական հարցերը համակարգելու նպատակով:

Հանդիպմանը համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի և STARMUS-ի միջև: Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ոչ միայն գիտության ու տեխնոլոգիաների քաղաքի, այլև՝ գիտական պարկի, «Վաղվա թանգարան»-ի ստեղծում, և նշվել է, որ STARMUS-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել ծրագրի համար:




Լրահոս