Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ “Լուսավոր Հայաստան” խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների, երկու օր առաջ՝ օգոստոսի 13-ին, դիմել եմ ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։

Իմ կողմից բազմակողմանիորեն հիմնավորվել է որսի թույլտվության տրամադրման փոփոխությունների անընդունելիությունը եւ վտանգավորությունը։

Մասնավորապես՝

Մի կողմից 7,5 անգամ լիցենզիայի արժեքն է ավելացել, 3,5 անգամ էլ որսով զբաղվելու օրերի քանակն է պակասել։

Մյուս կողմից, որոշումը հղի է բազմաթիվ վտանգներով, քանի որ շաբաթական 7 օր որս անելու փոխարեն միայն հանգստյան օրերին որս թույլատրելով` համապատասխան վայրերում որսորդների եւ մեքենաների կուտակումը բազմապատկվելու է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան մի քանի տասնյակ հազար արտոնագիր է տրվում որսի համար, ակնհայտ է դառնում, որ անվտանգության ապահովումը մեծ խնդիր է դառնալու հանգստյան օրերին։

Եղանակային պայմաններն էլ ամբողջ շաբաթ կարող են բարենպաստ լինել, իսկ հանգստյան օրերին՝ ոչ։

Որոշումը խտրական է այն անձանց համար, ովքեր աշխատում են միայն կամ նաեւ հանգստյան օրերին:

Ի վերջո, որսի սեզոնին չվող թռչուններին չորսալու դեպքում նրանք չվում են այլ երկրներ, որտեղ նրանց որսում են սահմանված կարգով, մինչդեռ նրանց կարելի է որսալ Հայաստանում եւ ունենալ համապատասխան եկամուտներ։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկել եմ որսի արտոնագրի տրամադրման գործող կարգը թողնել անփոփոխ:

Սպասենք նախարարի որոշմանը ․․․»,–նշված է հայտարարության մեջ։




Լրահոս